Սաղ խաղերը խաղացել էինք, մնացել էր սարի սմբուլը

Սաղ խաղերը խաղացել էինք, մնացել էր սարի սմբուլը

«Էդ աղջիկն էդպես էլ չընդունվեց. ոնց եկավ՝ աղմուկով ու չսիրված, նույն ձեւով էլ շարունակում է աշխատել»,- Էջմիածնի բնակիչ Մարիամ Ամիրյանի գնահատականն է քաղաքապետ Դիանա Գասպարյանի մասին: Ըստ Մարիամ Ամիրյանի՝ էջմիածինցին այդպես էլ չկարողացավ Դիանային ինտեգրել իր շարքերում:

Տիկնոջ պատկերացմամբ՝ ընտրվելուց հետո երիտասարդ քաղաքապետը պետք է ամեն ինչ աներ՝ «մատ անելու» բոլոր նրանց, ովքեր թերահավատ էին նրա հնարավորություններին ու կասկածում էին քաղաքը ոտքի կանգնեցնելու վճռականությանը:

«Ես չեմ ասում՝ կռիվ տար կլանների ու հեղինակությունների հետ, որոնք, որքան էլ ինքն ասի՝ միֆ են, գոյություն չունեն, մեկ է՝ Էջմիածնում եղել են ու լինելու են: Ես ասում եմ՝ պետք է գործ անի՝ նորոգի, բարեկարգի, գեղեցկացնի քաղաքը, որ յուրաքանչյուրս զգանք այդ փոխությունն ու թարմությունը: Իսկ ինքը տուն-տունիկ է խաղում. տրնդեզի կրակ է վառում, վրայով ցատկում, հեքիաթասացի շորեր է հագնում ու գնում ինչ-որ դպրոց՝ հեքիաթ կարդում երեխաների համար…: Չէ, դա վատ բան չէ, նույնիսկ լավ է, երբ ղեկավարը երեխաների համար հեքիաթ կարդալու կամ ինչ-որ միջոցառման ոգին լինելու ժամանակ է ունենում: Բայց դրանք ածանցյալ պետք է լինեն, ոչ թե առաջնահերթ: Մի հատ մեր փողոցներին ու մայթերին նայեք. չունենք, անանցանելի են, մանավանդ՝ մայթերը»:

Մարիամ Ամիրյանի ասելով՝ ինքն այն եզակիներից է, որ անկեղծորեն հավատացել է Դիանա Գասպարյանին ու նախընտրական խայտառակ քարոզչության ընթացքում պաշտպանել է նրան: «Ո՛չ ճանաչել եմ, ո՛չ էլ հիմա եմ ճանաչում: Պարզապես ցանկացել եմ վստահել իմ երեխայի հասակակից մեկին, ով քաջություն է ունեցել Գրիգորյաններից հետո ստանձնել Էջմիածնի նման բարդ քաղաքի ղեկը: Ամեն կին չէր համարձակվի դառնալ ղեկավար մի համայնքի, որտեղ իշխանավորների եւ փողատերերի շահերը մշտապես բախվում են, որտեղ, երբեմն, անունով ու կշռով տղերքն են հարցեր լուծում: Դիանան, անշուշտ, դա իմացել է, եւ գովելի է, որ այդքանից հետո համաձայնել է ղեկավարել քաղաքը: Բայց ինչպե՞ս է ղեկավարում…»:

Տիկին Մարիամն առաջարկում է հատուկ դասընթացներ կազմակերպել համայնքների ղեկավարների համար ու սովորեցնել համայնքը ճանաչելու «նուրբ արվեստը»:

«Չգիտես ինչու, բոլորն ուշադրություն են դարձնում միայն կենտրոններին, իսկ հարակից թաղամասերը հաշվից դո՞ւրս են: Ամբողջ կյանքս Էջմիածնում եմ ապրել, բայց որեւէ քաղաքապետի ծայրամասերում չեմ տեսել: Մտածում էի՝ Դիանան երիտասարդ, ուժն ու ավյունը տեղն աղջիկ է, գուցե նախկինների փորձը չընդօրինակի ու մեկ-մեկ ոտքով քայլի անտեսված փողոցներում: Բայց չէ՝ սխալվել եմ. նա էլ է կրկնում նախորդներին: Ոնց քարուքանդ եղել են մեր քաղաքի փողոցները, այդպես էլ մնում են հատկապես ծայրամասային թաղերը: Փոխանակ մատը մատին տալու, հեքիաթ է պատմում: Սաղ խաղերը խաղացել էինք, մնացել էր սարի սմբուլը»: