ՌԴ ռազմածովային ուժերում ծառայող Առնո Մաթևոսյանին հայրենիքում մեղադրանք են առաջադրել բանակից խուսափելու համար

ՌԴ ռազմածովային ուժերում ծառայող Առնո Մաթևոսյանին հայրենիքում մեղադրանք են առաջադրել բանակից խուսափելու համար

Արարատի Դիտակ գյուղի բնակիչ Գեղամ Մաթեւոսյանը ոչ մի կերպ չի կարողանում ազատվել ՀՀ քաղաքացիությունից։ Հայրենիքը հետապնդում է նրան սարսափելի երազի նման, փեշից բաց չի թողնում։  

Նա ակամայից արտագաղթող է։ Այն հայաստանցիներից է, որոնք հայրենիքում աշխատանք գտնելու համար թակել են բոլոր դռները, խաբվել են, ոտքի կանգնելու ապարդյուն փորձեր են արել ու արտագաղթել, երբ այլեւս տեղ չեն ունեցել գնալու։ 2012 թվականին Պուտինի «Հայրենակիցներ» ծրագրի շրջանակներում Գեղամ Մաթեւոսյանը մեկնել է Ռուսաստանի Կալինինգրադի մարզ ու  չարքաշ աշխատանքով հասել նրան, որ ընտանյոք հանդերձ ՌԴ օրինավոր քաղաքացու կարգավիճակ է ստացել։ Գեղամին թվացել է, թե կտրել է իրեն Հայաստանին կապող պորտալարը։

Նա, նրա կինը, մայրը, որդին՝ Առնոն, դիմումներ են գրել Սանկտ Պետերբուրգի գլխավոր հյուպատոսարանում՝ կարծելով, թե դրանով ազատվել են երկրից էլ, նրա քաղաքացին լինելուց էլ։ Եվ հանկարծ Գեղամը տեղեկացել է, որ որդուն զորակոչում են բանակ, որ նրա գործերը Եղեգնաձորի զինկոմիսարիատում են, եւ քանի որ նա չի ներկայացել զինկոմիսարիատ, նրա դեմ քրեական գործ է հարուցված եւ հայտարարված է հետախուզում։ Այդ ժամանակ էլ Գեղամն իմացել է, որ հայրենիքն իր ընտանիքին բաց չի թողել, եւ որ ինքը, կինը, մայրը, Առնոն շարունակում են ՀՀ քաղաքացիներ հանդիսանալ՝ հաշվառված լինելով Արարատի մարզի Դիտակ գյուղում։ Իրավիճակը բարդացել է նրանով, որ Գեղամի որդին, որին ՊՆ-ն համարում է ծառայությունից խուսափող,  ներկայում ծառայում է ՌԴ բանակում։ 

Իր գլխին թափված պրոբլեմների համար Գեղամ Մաթեւոսյանը մեղավոր է համարում ՌԴ-ում Սանկտ Պետերբուրգի գլխավոր հյուպատոսարանին, որը չի կատարել իր պարտականությունները, չի բացատրել իրեն, թե օրենքով ինչ ընթացակարգ է սահմանված քաղաքացիությունից հրաժարվելու համար։ 

«Գոնե մի առարկություն ներկայացնեին, մի ուղղություն ցույց տային։ Ես երեք անգամ դիմում եմ գրել քաղաքացիությունից հրաժարվելու։ Հիմա նոր մեզ գրում են, որ մենք սխալ ենք արել, դիմումի հետ պետք է էսինչ փաստաթղթերը ներկայացնեինք»,- ասում է Գեղամ Մաթեւոսյանը։ 
Հունվարի 25-ին Գեղամ Մաթեւոսյանը նամակով դիմել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ պահանջելով դադարեցնել իր որդու՝ Առնո Մաթեւոսյանի դեմ հայտարարված հետախուզումը եւ քրեական գործ հարուցել Սանկտ Պետերբուրգի հյուպատոսարանի դեմ։ «Պահանջում եմ քրեական գործ հարուցել հյուպատոսարանի  ծառայողական անփութության փաստերի հիման վրա։ Հյուպատոսարանը չի փոխանցել ՀՀ պետական մարմիններին իմ եւ իմ ընտանիքի անդամների՝ նոտարով հաստատված հրաժարականները ՀՀ քաղաքացիությունից՝ ՌԴ Կալինինգրադի մարզի Կալինինգրադ քաղաք մշտական բնակության տեղափոխվելու պատճառով։ Պահանջում եմ հետաքննություն անցկացնել եւ վերացնել իմ որդու մեղադրանքներն ու նրա նկատմամբ հայտարարված հետախուզումը, քանի որ նա ՌԴ քաղաքացի է, ներկայում զորակոչված է ժամկետային զինվորական ծառայության ՌԴ զինված ուժերում»,- գրել է Գեղամ Մաթեւոսյանը ոստիկանապետին՝ խնդրելով նաեւ «վերացնել արդեն մեզ համար ատելի դարձած ՀՀ քաղաքացիությունը եւ գրավոր տեղեկացնել ինձ այդ մասին»։ 

Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը «Հրապարակի» հետ զրույցում հայտնեց, որ ԱԳՆ աշխատակիցների հետ միասին զբաղվել է Գեղամ Մաթեւոսյանի հարցով եւ պատասխանել է նրան, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություից հրաժարվելը կամ այլ պետության քաղաքացիությունն ընդունելը ինքնին չի հանգեցնում ՀՀ քաղաքացիությունը կորցնելուն։ 

«Ձեր նշած քաղաքացին պարզապես պատշաճ ընթացակարգով չի դիմել։ Քաղաքացիությունը դադարեցնելու համար գոյություն ունի հստակ ընթացակարգ։ Նա անձամբ պետք է ներկայանա դեսպանատուն կամ ՀՀ-ում գտնվելու դեպքում՝ անձնագրային եւ վիզաների վարչություն։ Իրենց դիմելը պատշաճ ընթացակարգ չէ, չկա նախագահի հրամանագիր իրենց քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ, իսկ եթե չկա հրամանագիր, քաղաքացիությունը չի համարվում դադարեցված»,- ասաց անձնագրերի եւ վիզաների վարչության պետը։ Ըստ նրա՝ շատ են դեպքերը, երբ ՀՀ քաղաքացիներն իրենց քաղաքացիության դադարեցված չլինելու մասին տեղեկանում են միայն այն ժամանակ, երբ նախկին բնակության վայրի զինկոմիսարիատից ծանուցում է գալիս։ «Մեծ մասը գիտի, որ իրենց քաղաքացիությունը դադարեցված չէ։ Մի պաշտոնական նամակ են տանում հյուպատոսարանից, ռուսներին ցույց տալիս, ասում են՝ տեսեք, ու հանգիստ ապրում են։ Հենց խնդիրը հասնում է երեխայի ծառայությանը, հայի ներաշխարհը խառնվում է իրար։ Եթե ՌԴ օրենսդրության պահանջները կատարում են, թող բարի լինեն՝ նաեւ ՀՀ օրենքների պահանջը կատարեն»։ 

Քաղաքացիությունից հրաժարվելու համար Գեղամ Մաթեւոսյանը պետք է  անձամբ դիմի վիզաների վարչություն եւ դիմումից բացի, պետք է եւս 7-8 փաստաթուղթ ներկայացնի, լուսանկարներ, սահմանված ձեւի հարցաթերթիկ լրացնի։ 

Գեղամ Մաթեւոսյանը Կալինինգրադում ՀԿ է բացել, դիմել է Ժիրինովսկու կուսակցություն, պատրաստվում է ՀՀ նախկին քաղաքացիների խնդիրը հասցնել պետական Դումա։ «Բանակից ազատվելու համար 3 մլն են ուզում։ Հատուկ են անում, որ այդ երեք միլիոնը մենք վճարենք։ Մինչեւ Պուտինի մակարդակ հասնելու եմ։ Ասելու եմ՝ ՀՀ-ն իր նախկին քաղաքացիներին հետապնդում է, նրանց ազատ տեղաշարժվելու իրավունքը խախտում է, կպել է մեր փեշերից ու պոկ չի գալիս։ Սա պետական դրամաշորթություն է»,- բողոքում է Գեղամ Մաթեւոսյանը։ Մինչ Գեղամը նախկին քաղաքացիների իրավունքների պաշտպանության մարտավարություն է  մշակում,  որդին՝ Առնոն, սրտի դողով ծառայում է ՌԴ ռազմածովային ուժերում։ Ամեն պահի նա անհանգիստ սպասում է, որ ծառայության բերումով ստիպված է լինելու  ծովային սահման հատել, եւ այդ ժամանակ՝ որպես հետախուզվող, կարող է ձերբակալվել։

ՀԳ․ Պաշտպանության նախարարությունից պատասխանեցին, որ նման դեպքերը բազմաթիվ են, երբ քաղաքացիների մեղքով քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացը կիսատ է մնում, եւ զինակոչի տարիքին երիտասարդները զորակոչվում են ՀՀ զինված ուժեր։ Ի՞նչ է լինելու այն տղաների հետ, որոնք հետախուզման մեջ են, բայց ծառայում են ՌԴ բանակում։  ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հորդորեց գրավոր հարցում ներկայացնել, որին կպատասխանեն ՊՆ իրավաբանները։ Առաջիկայում նրանց պարզաբանումը կներկայացնենք։