Ես ինձ հանձնարարել եմ չխոսել

Ես ինձ հանձնարարել եմ չխոսել

Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գլխավորած City of smile հիմնադրամի նվիրատուների ցանկի հրապարակումը փոթորիկ է բարձրացրել սոցցանցերում, լրատվամիջոցներում։ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ գլխավորած հիմնադրամին գումարներ են փոխանցել այնպիսի անհատներ ու կազմակերպություններ, որոնք նախկինում Սերժ Սարգսյանի ռեժիմի ակտիվ մասնակիցներն էին, եւ Փաշինյանի պայքարը ժամանակին նաեւ նրանց ու նրանց չվճարած հարկերի, մոնոպոլիաների դեմ էր։ Նվիրատու գործարարների շարքում իր համեստ ներդրումն է ունեցել նաեւ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ՄԱՊ ընկերության սեփականատեր Ալիկ Պետրոսյանը՝ ՄԱՊ-ի Ալիկը, ով վարչապետի տիկնոջ հիմնադրամին ընդամենը կես միլիոն դրամ է փոխանցել։ Գումարի չափին ուղիղ համեմատական էլ ՄԱՊ-ի Ալիկն իրեն պահեց մեզ հետ զրույցում․ գործարարն ինքն իրեն արգելել է խոսել նոր իշխանության մասին եւ առհասարակ։ Ներկայացնում ենք Ալիկ Պետրոսյանի հետ  մեր զրույցը, որն ավելի խոսուն է, քան հազարավոր բառերը։

- Պարոն Պետրոսյան, ինչո՞ւ է Ձեր ընկերությունը գումար փոխանցել Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամներից մեկին։

- Փոխանցել ենք, էլի, հազարավոր մարդիկ փոխանցել են, մենք էլ ենք փոխանցել։

- Իսկ գիտե՞ք ինչ նպատակով եք գումարը փոխանցել։

- Ինձ էլ հարցեր մի տվեք։

- Ռիտա Սարգսյանի «Նվիրիր կյանք» հիմնադրամին էլ էիք փոխանցում։

- Ես ի՞նչ հիշեմ, մեծ մարդ եմ, ես կարա՞մ հիշեմ՝ 25 տարում ինչ հիմնադրամի եմ փոխանցել։

- Դուք հիշեք՝ օրինակ, անցած երկու տարիներին փոխանցե՞լ եք, թե՞ ոչ։

- Ես չգիտեմ, ըտենց բաներով իմ տղեն ա զբաղվում, գործարանի տնօրենն ինքն ա։

- Ձեր ցանկությա՞մբ եք որոշել նվիրատվություն անել, թե՞ ինչ-որ մեկի հորհրդով։

- Ամոթ էլ է․ մարդ հիմնադրամին պարտադրաբար կամ խորհրդով փող չի փոխանցում, մանավանդ, որ դա անում է լավ բանի համար։

- Կառավարության ծրագիրն ընդունվել է, դրանով նոր իշխանությունը տնտեսական հեղափոխություն է խոստանում, ի՞նչ կասեք այդ մասին։

- Անցանք, ես չկամ, ինձ հարց մի տուր։ Ես չեմ ուզում խոսամ, ո՛չ քաղաքականությամբ եմ զբաղվում, ո՛չ տնտեսությամբ։ 

- Դուք գործարար եք, կամ ձեր ընտանիքը բիզնեսներ ունի, որպես գործարար՝ կարծիք հայտնեք։

- Ես բիզնես չունեմ, ի՞նչ ես ուզում ինձանից, վայ, ձեր ընտանիքում բոլորը լրատվությա՞մբ են

զբաղված, ի՞նչ անենք՝ ՄԱՊ-ը մերն է։

- Պարոն Պետրոսյան, հեղափոխությունից հետո Ձեր բիզնեսի գործերը լավացե՞լ են, թե՞ վատացել։

- Լավ ա, շատ լավ, իհարկե, դրական փոփոխություններ կան, բիզնես միջավայրը շատ լավ միջավայր է։

- Կոնկրետ ի՞նչն է լավացել, հարկային բեռի թոթափո՞ւմ կա, արտոնություններ, թե՞, ինչպես Փաշինյանն է մի առիթով ասել, էլ ճամպրուկներով Բաղրամյան 26 փող չեք տանում։

- Ա լավ, էլի, ես էդ գործարարներից չեմ եղել, պիտի փող լիներ, որ տայի։ Մի շարունակեք, ամեն ինչ լավ ա, բայց չեմ կարող ասել՝ ինչի, բայց շատ լավ ա։

- Պարոն Պետրոսյան, միգուցե Ձեզ արգելել են խոսել, հարցազրույց տալ։

- Ոչ, ես ինքս եմ ինձ հանձնարարել չխոսալ։ Իրավունք չունե՞մ ես ինձ հանձնարարել, «Մենք ենք, մեր սարերը» չե՞ք տեսել, որ ասում է՝ լավ եմ արել, ես ինձ պարգեւատրել եմ, հիմա էլ ես եմ ինձ հանձնարարել, լավ եմ արել։

- Ինչի՞ եք Ձեզ հանձնարարել չխոսել, եթե անգամ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Դուք չէիք վախենում երբեմն ընդդիմադիր կեցվածք դրսեւորել։

- Նախկինում պարտավոր էի խոսալ, որովհետեւ պատգամավոր էի, հիմա պատգամավոր չեմ։

- Այսինքն՝ ով պատգամավոր չէ, խոսելու իրավունք չունի՞։

- Դե, խոսելու համար իրավունք պիտի ունենաս, ես ո՛չ քաղաքականությամբ եմ զբաղվում, ո՛չ տնտեսությամբ, ո՛չ էլ բիզնեսով, որպես ի՞նչ խոսամ, ինչքան խոսել եմ, ինչքան աշխատել եմ, հերիք ա։

- Իսկ կարո՞ղ է մի օր էլ ասեք՝ հերիք է ապրեմ․․․

- Հա բա, մի տարիք կա, որ դրանից սկսած՝ մարդը պետք է քիչ խոսի, քիչ լսի, հոգնել եմ արդեն խոսելուց։

- Իսկ ՀՀԿ-ից դո՞ւրս եք եկել։

- Հա, շատ շուտվանից, չեմ էլ հիշում երբվանից, հերիք եղավ հարցեր տաք, դու էլ իմ նման քաղաքացի ես, հիմա ես էլ քո ձեւով հարցեր եմ տալու քեզ, լավ կլինի՞։

- Ես լրագրող եմ։

- Դե, վաղվանից ես էլ կդառնամ լրագրող։