Ինչու Սուրեն Սահակյանը լքեց «Քաղաքացու որոշումը»․ պատճառը Փաշինյանն է

Ինչու Սուրեն Սահակյանը լքեց «Քաղաքացու որոշումը»․ պատճառը Փաշինյանն է

Այսօր «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ և արտահերթ խորհրդարանական ընտրություններին կուսակցության ցուցակը գլխավորած Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան գրառում արեց և տեղեկացրեց կուսակցության շարքերը լքելու մասին:

«Ընկերներիս ու հանրությանն ուզում եմ տեղեկացնել, որ ՔՈ կուսակցության անդամակցությունս դադարեցնելու դիմում եմ գրել։ Ուզում եմ ամենահետաքրքրասերները վստահ լինեն՝ ՔՈ-ի հանդեպ ամենաջերմ զգացումներն ունեմ, այնտեղ էին ու դեռևս են մարդիկ, որոնք հոգով ինձ հարազատ են, ընդհանուր գաղափարներով՝ նույնական։ Սակայն ժամանակներն ու դրանց տրամաբանությունը փոխվում են։ Ըստ իս, եթե մինչև ընտրությունները պետք էր յուրաքանչյուր քաղաքական թիմ իրեն աջակցության մասին օբյեկտիվ պատկեր ստանա, ապա ներկայումս մեծ միավորումների ժամանակն է։ Սա երկար է քննարկվել, թե՛ մինչև ընտրությունները, թե՛ դրանից հետո, և այս որոշումը պահի տակ կայացված որոշում չէ։

Վստահ եմ՝ կուսակցությունը ո՛չ կնիքն է, ո՛չ էլ պետական ռեգիստրում գրացման վկայականի թվերը։ Կուսակցությունը քաղաքական միտքն է, որ կրում են մարդիկ ու նրանց միավորումները։ Այն քաղաքացիներին, որոնք քվեարկել են ՔՈ-ի օգտին, վստահեցնում եմ՝ գաղափարները, որ կրում էր ՔՈ-ն, տարածվելու է և դոմինանտ դառնա։ Դրանք կրող մարդիկ այլևս երբեք թույլ չեն տա վերադառնալ նախկին մտածողությանը։ Որտեղ էլ լինեն այդպիսի մարդիկ, իրենց գործունեությամբ նպաստելու են այդ գաղափարների տարածմանը և կյանքի կոչմանը։ Սակայն հնարավոր է, որ դրա համար յուրաքանչյուրն ի՛ր ճանապարհն ունենա։

Թե ինչպես կշարունակվի ֆորմալ քաղաքական ի՛մ ճանապարհը, լրացուցիչ կտեղեկացնեմ։ Խնդրում եմ ըմբռնումով մոտենալ, որ այս պահին ո՛չ ՔՈ մասին, ո՛չ ապագայի մասին որևէ այլ մեկնաբանության պատրաստ չեմ։ Այս պահին ուղղակի երախտագիտությունս եմ հայտնում մարդկանց, որոնք աջակցել են ՔՈ կուսակցությանը, որևէ մասնակցություն են ունեցել նրա գործունեությանը, հարազատ են համարել այն, քվեարկել են։ Ես ձեր հավերժ պարտապանն եմ, մարդիկ։ Շնորհակալություն»,- գրել է Սահակյանը։

Մեզ հայտնի դարձան Սահակյանի՝ կուսակցությունը լքելու իրական պատճառները․ բանն այն է, որ Սահակյանի՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո կուսակցությունում 2 թև է առաջացել․ մի մասը կողմ է Փաշինյանի հետ հետագա համագործակցությանը, իսկ մյուս մասը դրան կատեգորիկ դեմ է, և, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սուրեն Սահակյանն է լքել կուսակցությունը, ապա կարելի է ենթադրել, որ Փաշինյանի հետ համագործակցությունը մերժողների թիվն ավելի մեծ է։ Կուսակցության ներկայացուցիչներից մեկը մեզ ասաց, որ շուտով նաև այլ մարդիկ են լքելու կուսակցության շարքերը։

Մենք կապվեցինք ՔՈ գործադիր մարմնի քարտուղար Գոռ Հակոբյանի հետ՝ հարցնելով, թե որն է պատճառը, որ կուսակցության վարչապետի թեկնածուն լքել է կուսակցությունը, սակայն Հակոբյանը չպատասխանեց հարցին՝ ասելով, որ առաջիկայում կուսակցության նիստ են ունենալու և այդ հարցի պատասխանը կտան։ Հակոբյանին հարցրինք՝ արդյո՞ք պատճառն այն է, որ կուսակցությունը դեմ է Փաշինյանի հետ համագործակցությանը, Հակոբյանը պատասխանեց․

«Առաջիկայում ԳՄ նիստ կլինի, մենք հայտարարությամբ հանդես կգանք, ինտրիգային բաներ պետք չէ սպասել, շատ ուրիշ գործընթաց է տեղի ունենում, մենք առաջիկայում կպարզաբանենք այդ ամենը»:

Սակայն մեր տեղեկությունը հաստատեց կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը:

«Ես, ճիշտն ասած, Սուրենի հետ դեռ չեմ խոսել, բայց ենթադրում եմ, որ կուսակցության զարգացման վերաբերյալ պատկերացումներն են տարբեր եղել»,- ասաց Միսկարյանը։

Նրան հարցրինք՝ ճի՞շտ է, որ Սուրեն Սահակյանի և Նիկոլ Փաշինյանի վերջին հանդիպումից հետո Սահակյանի և կուսակցության դիրքորոշումները՝ Փաշինյանի հետ համագործակցության վերաբերյալ, տարբեր են եղել, Միսկարյանը կարճ պատասխանեց.

«Այո, Նիկոլ Փաշինյանի հետ միանալու մասին խոսք չի եղել, համագործակցության մասին է խոսք եղել, կուսակցությունը դեմ է եղել»,- ասաց Միսկարյանը։