Բնակիչները դժգոհ են նորակառույց շենքից

Բնակիչները դժգոհ են նորակառույց շենքից

Երեւանի Արամ Խաչատրյան փողոցի բնակիչները խմբագրություն էին ահազանգել, որ Մատիկյան կլինիկայի հետեւը, Մերգելյանի կաթսայատան մոտ, շենք է կառուցվում, ինչի պատճառով էլ հատվել են տարածքի ծառերը։ Բնակիչները մտահոգված են, որ նորակառույց շենքը կարող է շրջափակել տարածքի շենքերը։ Երեւանի քաղաքապետարանից մեր այս հարցին ի պատասխան արձագանքել են․

«Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ Արաբկիր վարչական շրջան, Ա. Խաչատրյան փողոց հ.3 հասցեում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման նպատակով Երևանի քաղաքապետարանի կողմից «2020 Արաբկիր» ՍՊ ընկերությանը տրամադրվել են միայն 08.04.2019թ. նախագծման հ.01/18-07/1-Դ-623-233 և 07.05.2019թ. հողամասում առկա շինությունների քանդման հ.01/18-Դ-728-36 թույլտվությունները: Համաձայն նախագծման թույլտվությամբ ամրագրված պահանջների բնակելի համալիրը հարակից շենքերի, շինությունների նկատմամբ պետք է նախագծվի նորմատիվային պահանջների (այդ թվում հեռավորությունների) պահպանմամբ:

Նշենք նաև, որ աշխատանքային նախագիծը մինչ Երևանի քաղաքապետարան համաձայնեցման ներկայացնելը՝ ըստ սահմանված կարգի, իրավասու կազմակերպության կողմից ենթարկվելու է ՀՀ գործող նորմերի համապատասխանությանը հավաստող փորձաքննության»: