«Զորաշենը» փորձել է Փաշինյանին և աշխատակազմին աթոռ  ու բազկաթոռ վաճառել

«Զորաշենը» փորձել  է Փաշինյանին և աշխատակազմին աթոռ  ու բազկաթոռ վաճառել

Կառավարությունն այսօր՝ մարտի 14-ին, գրասենյակային գույքի ձեռքբերման նպատակով անցկացված աճուրդի 2 հաղթող ընկերությունների՝ «Արգավանդ կահույք» և  Առկտուր»-ի հետ կնքել է պայմանագիր։ 

Ուշագրավ է, սակայն, որ մրցույթին մասնակցել է նաև ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով անցնող «Զորաշեն»-ը, այս անգամ, սակայն, իր «իսկական ուղղվածությամբ»՝ որպես կահույքի բիզնեսով զբաղվող ընկերություն։  

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով՝  կահույքի բիզնեսով զբաղվող սույն ընկերությունը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մասնակցել և հաղթող էր ճանաչվել  դիալի­զի սարքավորումների համար հայտարարված մրցույթում։ Վարչապետի աշխատակազմի համար կահույքի ձեռքբերման աճուրդում այս անգամ «Զորաշենը» չի հաղթել՝ 20 հազար դրամ ավել գին առաջարկելով հաղթող «Արգավանդ կահույք-ից, բայց եթե, օրինակ, մրցութային գնահատող հանձնաժողովն «Արգավանդ կահույք»-ի վրա որևէ բան հայտնաբերի՝ հարկային պարտքից մինչև հայտում տառասխալ, «Զորաշենն» ավտոմատ կդառնա հաղթող։ 
 Ինչևէ, 30 հատ բազկաթոռ, այդ թվում՝ օրթոպեդիկ (պայմանագրում նշված է՝ «բազկաթոռ  ղեկավարի»), վարչապետի աշխատակազմը ձեռք է բերել 2․5 միլիոն դրամով։ 

 Եվս 600 հազար դրամի 40 հատ գրասենյակային աթոռ է ձեռք բերվել։ Իսկ 24 հատ  համակարգչային աթոռի (840 հազար դրամի շրջանակում) մրցույթը համարվել է չկայացած, քանի որ հակադարձ աճուրդում տեղի է ունեցել մինիմալ գնի կրկնություն։

Մրցույթներին, «Զորաշենից» ու «Արգավանդ կահույք»-ից բացի, մասնակցել են նաև «Սմարթլայն», «Առկտուր», «Սաքի», «Եվրաֆուրնիտուրա», «Մարմիկ», «Ֆոտոն»    ընկերությունները։