Բողոքի անատոմիա

Բողոքի անատոմիա

Խմբագրության հերթական այցելուները՝ թղթերի տրցակը թեւի տակ, խնդրում են, որ լուսաբանենք իրենց խնդիրը։ Պարզվում է՝ խոսքը 90-ականներին խլված բիզնեսի մասին է։ Հնչեղ անուններ են տալիս, սահմռկեցուցիչ անարդարություններ են ներկայացնում։ Երբ համարձակվում եմ հարցնել՝ իսկ ինչո՞ւ եք այսքան երկար լռել։ Լավ, իրավապահ համակարգից ու իշխանություններից սպասելիք չունեիք՝ միանգամայն հասկանալի է, բայց չէ՞ որ մամուլի, ասենք՝ «Հրապարակի» դուռը բաց էր ձեզ համար՝ գայիք, պատմեիք, պայքարեիք։ Անորոշ պատասխաններ են տալիս։ Հանձնվել են, ունեցվածքը «հանձնել» խլողներին ու հեռացել երկրից՝ լավ ժամանակների ու հրաշքի սպասումով։ Հիմա եկել են եւ ուզում են, որ 20-30 տարվա վաղեմության դեպքերի հիմքով գործ հարուցվի, մեղավորները պատժվեն, գույքն էլ հետ վերադարձվի տերերին։

Հաջորդ բողոքավորն իրեն անարդարացիորեն աշխատանքից հեռացված է համարում՝ նամակ-դիմումներ է հղում վերեւներին եւ սպասում է, որ 4-5 տարի առաջ արձակված հրամանը կվերանայվի, եւ իր աշխատանքային իրավունքները կվերականգնվեն։ Չի պայքարել, որովհետեւ «դատարանն էլ էր իրենցը, նախարարն էլ՝ ո՞վ կլսեր իմ ձայնը»։

Փորձում եմ մեղմորեն բացատրել, որ օրինական ճանապարհով այս գործերին չեն կարող ընթացք տալ՝ վաղեմության ժամկետ կա, արդարությունը վերականգնելու օրինական հիմքեր չկան, ապացույցներ չունեք։ Զայրանում է․ «Դուք է՞լ եք ծառայում նախկին կլանին»։ Մեզնից հասնում է գրելը՝ կգրենք։ Առաջ էլ ենք գրել, եւ հաճախ նաեւ արդյունք է տվել գրելը։ Ուղղակի մեր ժողովուրդը պայքարի, արդարության հասնելու իր պատկերացումներն ունի։ Օրենքն ու օրինականությունը նրա համար ընդամենը «վերեւների» ցանկությունից կախված հրաման են՝ ոչ ավելի, իսկ իր դերակատարումն այդ գործընթացում գրեթե զրոյի է հավասար։