Որոշ ապրանքային շուկաներում նոր խաղացողներ կհայտնվեն, որոնք էական բան կփոխեն

Որոշ ապրանքային շուկաներում նոր խաղացողներ կհայտնվեն, որոնք էական բան կփոխեն

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանն այս պաշտոնին նշանակվելուց անմիջապես հետո ձեռնամուխ է եղել մի քանի կարեւոր շուկաներում՝ բենզին-դիզվառելիք, կարագ, շաքարավազ, գազ, կոնյակ, ուսումնասիրություններ անելուն։ Գեւորգյանը մեզ ասաց, որ դա ծանր պրոցես է, քանի որ ուսումնասիրում են ներմուծումը, արտահանումը, թե որտեղից է ձեռք բերվում, ովքեր են խաղացողները, իրավական, արհեստական սահմանափակումները, գնագոյացումն ամբողջությամբ, հարկերը, աշխատողների թիվը եւ այլն։

- Եվ ո՞ր ոլորտում կան ավելի շատ ռիսկեր։

- Բոլոր հինգում էլ ռիսկ կա։

- Իսկ ի՞նչ եք ակնկալում ստուգումներից, դրա արդյունքում ի՞նչ փոփոխություններ կլինեն։

- Փոփոխությունների մասով ակնկալում ենք, որ, բնականաբար, եթե եղան արհեստական խոչընդոտներ, դրանք անմիջապես պետք է վերացվեն, իրավական խոչընդոտների համար իրենք պետք է համապատասխան փոփոխություն անեն։ Իրավական խոչընդոտներ, իրականում, շատ չեն լինելու՝ մեր նախնական դիտարկման առումով։ Այն, որ Դուք կիմանաք արդեն կենտրոնացվածության իրական աստիճանը, թե ովքեր են իրական խաղացողները․․․ մեզ համար տարբեր շուկաներում տարբեր բան է կարեւոր՝ դա գնի բարձրացում բերե՞լ է մեր երկրում, այսինքն՝ գինն արհեստակա՞ն է բարձր, թե՞ օբյեկտիվ է։ Ու որպեսզի այս վերլուծությունը լինի ճիշտ եւ թափանցիկ, ու դրանից հետո մարդկանց մոտ հարց չառաջանա, թե սա եւս մեկ անգամ աչքկապոցի էր․․․ ասեմ նաեւ՝ որոշ շուկաներ նաեւ Վրաստանի հետ ենք համեմատում։ Դա նշանակում է, որ Վրաստանի ամբողջ շուկան եւս ուսումնասիրում ենք, մեր վրաց գործընկերներին դիմեցինք, ասացին, որ իրենք նմանատիպ ուսումնասիրություն չունեն։ Ղազախստան, Ղրղզստան, Վրաստան, Ռուսաստան, Բելառուս՝ այս բոլոր շուկաներին դիմել ենք։ Որպեսզի պարզենք, օրինակ, որ կարագը Հայաստանում իքս գին է, Վրաստանում՝ իքս գին, ու որպեսզի կարողանանք համադրել, պետք է հասկանանք Վրաստանում գնագոյացումը, թե եկավ-հասավ, օրինակ, Բաթումի, Բաթումիից Երեւան ու Բաթումիից Թբիլիսի, գինը ոնց է փոխվում։ Համադրում ենք նաեւ իրենց հարկային ու մաքսային քաղաքականությունը, որպեսզի համադրելի գներ լինեն։

- Ձեր նախնական դիտարկմամբ, որքան ինֆորմացիա որ ունեք, կա՞ն արհեստական հանգամանքներ, խոչընդոտներ, որոնք ազդում են գների վրա։

- Կան որոշակի խոչընդոտներ, բայց, անկեղծ ասած, ոչ թե չեմ ուզում Ձեզ ասել, ուղղակի օրենքի ուժով չեմ կարող նախնական նմանատիպ հայտարարություն անել։ Բայց ասեմ, որ շուտով հանրության համար լայն սպառում ունեցող ապրանքային շուկաներում նոր խաղացողներ կհայտնվեն, որոնք շուկայում էական բան կփոխեն։

- Ո՞ր ոլորտներում, օրինակ՝ բենզինի ու դիզվառելիքի շուկաներում կլինե՞ն նոր խաղացողներ։

- Կարծում եմ՝ ե՛ւ այդ շուկաներում կլինեն, ե՛ւ իմ նշած մյուս շուկաներում կլինեն։

- Հիմա Ձեր նշած այդ շուկաներում կա՞ն գերիշխող կամ մոնոպոլ դիրք զբաղեցնող խաղացողներ։

- Իհարկե։ Մոնոպոլ չկա, բայց գերիշխող դիրք ունեցողներ, եթե չսխալվեմ, կասեմ, որ գրեթե բոլոր շուկաներում կան։

- Կոնկրետ բենզինի մասով մի կողմից կարծիք կա, որ մի քանի գերիշխող դիրք զբաղեցնողներ միասին եկել են հակամրցակցային համաձայնության եւ կոնկրետ գին են սահմանել, մյուս կողմից ասում են՝ միջազգային գներն են այդքան բարձր, եւ օբյեկտիվ է բենզինի թանկացումը։

- Իրականում շատ ավելի խորն են պատճառները։ Ե՛վ միջազգային գներն են էդպես, ե՛ւ հիշեք, որ կոնկրետ բենզինի ձեռքբերման աղբյուրը Հայաստանում չէ, դրսից ենք մենք բերում։

- Բայց ասում են՝ բոլորն էլ մեկ աղբյուրից են բենզին ձեռք բերում՝ «Ռոսնեֆտ»-ից։

- Մեծ մասամբ՝ այո, գերակշիռ մասին էդտեղից են բերում։

- Վերջերս փոփոխության նախագիծ ներկայացվեց կառավարությունում տեսչական ստուգումների մասով, որ կարողանան ոչ թե նախապես զգուշացնելով, այլ անակնկալ ստուգումներ իրականացնել։ Սա որքանո՞վ կարող է օգնել ստուգումների արդյունավետությանը։

- Սա, կարծում եմ, էսօր անհրաժեշտ գործիքներից մեկն է, որը մենք կարող ենք անել, որովհետեւ մենք գնում՝ խախտումը հայտնաբերում ենք, հետո գնում՝ տնտեսվարող սուբյեկտին տեղեկացնում ենք, մինչեւ տնտեսվարող սուբյեկտի տնօրենին գտնում ենք, որ ինքը թուղթը ստորագրի․․․ էսօր դեպք ունենք, որ նույնիսկ խոչընդոտելու հիմքով վարույթ ենք հարուցել, տուգանել ենք, հիմա դատարանում է գտնվում։ Այսինքն՝ տնտեսվարող սուբյեկտի մոտ կեղծիքը գտել ենք, իհարկե, տնօրենը հասկացել է, որ սա մենք անում ենք տուգանելու համար, խոչընդոտել է հիմա խոչընդոտելու, հետ կապված՝ դատական գործ ունենք։ Ու հիմա մենք մեծ փաթեթ ենք նախատեսում փոփոխությունների, որ մեր մասով եւս նախատեսենք՝ առանց զգուշացնելու ստուգման հնարավորություն ունենանք։ Օրենքի նախագիծ ենք նախապատրաստում, աշունը կմտցնենք Ազգային ժողով։
 

- Ե՞րբ կավարտվեն ստուգումները, եւ արդյունքները ե՞րբ պատրաստ կլինեն։
 

- Ինձ թվում է՝ հինգ շուկան, բնականաբար, միանգամից չենք տա, բայց օգոստոսի վերջից արդեն կհրապարակենք արդյունքներն ըստ շուկաների։