Որևէ երկրում չեն ընդունում օրենք, որը կվատթարացնի մարդու իրավունքները կամ հետադարձ ուժ կունենա

Հետևեք մեզ նաև Տելեգրամում
Որևէ երկրում չեն ընդունում օրենք, որը կվատթարացնի մարդու իրավունքները կամ հետադարձ ուժ կունենա

Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցից հետո իշխանական պատգամավորների խմբակցությունը նորից «ռազմաճակատ» դուրս եկավ, մարտի դաշտում՝ Ֆեյսբուքում, հերթական գրոհը սկսվեց Սահմանադրական դատարանի, հատկապես ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ։ Նրա հրաժարականն անուղղակիորեն պահանջող պատգամավորներից ամենաուշագրավը վարչապետի նախկին օգնական Արփի Դավոյանի ակնարկն էր․

«Հուսով եմ՝ Հրայր Թովմասյանը հասկացել է, որ Հայաստանի Հանրապետությունում կան մարդիկ, որոնք Սահմանադրություն են կարդում»։ Ստացվում է, որ եթե մարդիկ կարդում են ինչ-որ մեկի կամ նրա ղեկավարած կառույցի մասին, ապա այդ անձը պետք է հրաժարական տա, որովհետեւ կարեւորը կարդալն է, ոչ թե հասկանալը․․․

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը, թքած ունենալով Վենետիկի հանձնաժողովի օրերս հրապարակված զեկույցի վրա,  «Ազատությանը» տված վերջին հարցազրույցում ծավալուն անդրադարձ էր կատարել ՍԴ-ի շուրջ ստեղծված թնջուկին ու պնդել իր, այսինքն՝ վահեգրիգորյանական տեսակետները, այն է՝ ՍԴ-ում առկա ճգնաժամը եւ նախագահի ու անդամների հրաժարականի անհրաժեշտությունը։

Չափազանց ուշագրավ են, սակայն, ՍԴ-ի վերաբերյալ Փաշինյանի պարզաբանումները, որը եթե համառոտ ձեւակերպենք, կստացվի՝ ՍԴ-ի իդեալականության բանալին ՍԴ նախագահի ձեռքում է։ Փաշինյանը քննության չի ենթարկում ՍԴ-ի վճիռները, չի վիճարկում, թե իր իշխանության մեկ տարվա ընթացքում այդ ինչ հակաօրինական ու կողմնակալ որոշումներ է ընդունել ՍԴ-ն, որ չպիտի շարունակի նույն կազմով։ Փաշինյանը, որը 2015 թվականի սահմանադրական փոփոխությունները գնահատում էր որպես «կեղծ օրակարգ» ու ասում, որ պետք չէ պայքարել այդ օրակարգի դեմ, այսօր պարզել է, որ այդ փոփոխություններից հետո էլ ՍԴ-ն գործող Սահմանադրության տեքստին, ոգուն, կառուցակարգին չի համապատասխանում, քանի որ «ՍԴ-ի մասին» փոփոխված օրենքով՝ ՍԴ նախագահն ընտրվում է ոչ թե ԱԺ-ի, այլ դատարանի կողմից, վեց տարի ժամկետով, 2015-ին Հրայր Թովմասյանն այնպես է ձեւել օրենսդրությունը, որ ինքը մինչեւ 2035 թվականը մնա ՍԴ նախագահ։

«Եվ ստացվում ա, որ մենք Սահմանադրության էն դրույթը, որն ունենք Սահմանադրական դատարանի վերաբերյալ, չենք կարող կիրառել մինչեւ 2035 թիվը, որովհետեւ Հրայր Թովմասյանը Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Հարությունյանի հետ սեփականաշնորհել է Սահմանադրական դատարանն էնպես, ինչպես կարելի է մի հատ նոտարական գրասենյակ բռնել եւ սեփականաշնորհել: Եվ մենք էսօր ունենք իրողություն, որ ունենք 2019 թվի Հայաստան, բառիս թե՛ բուն, թե՛ փոխաբերական, թե՛ սահմանադրական իմաստով, թե՛ հեղափոխության իմաստով, թե՛ ժամանակի իմաստով, բայց, ըստ էության, ունենք 1995 թվականի Սահմանադրական դատարան: Ահա՝ տեղի ա ունեցել Սահմանադրական դատարանի էսպիսի սեփականաշնորհում: Եվ էսօր նույնիսկ Սահմանադրական դատարանը զրկված է ինքն իր համար նախագահ ընտրելու իրավունքից՝ մինչեւ 2035 թիվը, չնայած Սահմանադրության մեջ հստակ գրված է, որ Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվում է դատարանի կազմից»,- ասում է Փաշինյանը: 

ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանի կարծիքով՝ հարցը միանշանակ լուծում չունի եւ պետք է դիտարկել բազմակողմանի։ Որ օրինական, իրավական տեսանկյունից Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը խնդիրներ չի հարուցում գործող օրենսդրության առկայության պարագայում, Բալայանը կրկնում է հերթական անգամ, խնդիրը, Բալայանի գնահատմամբ, բարոյական տիրույթում է։ Նա հիշեցնում է, որ չնայած նոր  Սահմանադրությամբ նախատեսվում էր, որ ՍԴ հաջորդ նախագահը պետք է ընտրվի ՍԴ-ի կողմից, սակայն սահմանադրական դատարանին վերաբերող դրույթն ուժի մեջ էր մտնում 2018 թ․ ապրիլի 9-ից հետո, դրանից 22 օր առաջ այդ հարցը լուծվել է խորհրդարանի կողմից, ուստի հակաիրավական, հակասահմանադրական ոչինչ տեղի չի ունեցել․ «Խնդիրը բարոյական կոնտեքստում է։ Ինչո՞ւ պիտի ՍԴ անդամի թափուր երկու պաշտոններից մեկը համալրվեր, եւ այդ անդամը նախագահի պաշտոնում իրավունք ունենար մինչեւ 65 տարեկանը պաշտոնավարել, իսկ մյուս անդամի թափուր պաշտոնը չհամալրվեր։ Դրա համար եմ ասում՝ իրավական տեսանկյունից ամեն ինչ նորմալ է, իսկ բարոյական՝ ահագին խոսելու բան կա»։

Իդեալական դատարան ունենալու մասին պատկերացումները տարբեր են․ «Եթե ասեք, թե որն է այդ տարբերակը, որն է մեր երազած Սահմանադրական դատարանը, ես կասեի՝ ունե՞նք, թե՞ ոչ իդեալական դատարան։ Եթե այն է, որ ժողովուրդն ասի՝ ՍԴ-ի որոշումները ճիշտ են, ապա ես էլ կասեմ, որ ժողովուրդն արդարադատություն իրականացնող մարմին չէ»։ Բալայանի պատկերացմամբ՝ իդեալական տարբերակը կլինի այն, որ այլեւս ԱԺ-ն ՍԴ դատավոր չընտրի․ «Այդպիսով ՍԴ-ն ինքնին քաղաքականացվում է»։ Դեռեւս սահմանադրական փոփոխությունների նախնական նախագծի քննարկման ժամանակ է ինքն առաջարկել՝ երեքական թեկնածու ընտրելու իրավունք տալ Դատավորների ընդհանուր ժողովին, Փաստաբանների պալատին, ՄԻՊ-ին, «որպեսզի ձեւավորվեր անկախ դատական համակարգ ոչ թե քաղաքական իշխանություններից կախված։ Հիմա այս սխեմայով ինչ էլ անես, ակնհայտ է՝ քաղաքական ուժերը դատարանում մեծամասնություն են կազմելու, ինչը նշանակում է, որ մենք միշտ էլ իրավական որոշումներ կայացնելիս քաղաքական պրոբլեմ ենք ունենալու»։ Կիմ Բալայանն ասում է նաեւ, որ ՍԴ անդամները երբեք էլ չեն առաջնորդվել իրենց այդ պաշտոնում ներկայացրած պաշտոնյաների կամքով․ «Այսօրվա երկու դատավորներից երկուսին նշանակել է Լեւոն Տեր-Պետրոյանը՝ Ֆելիքս Թոխյան եւ Հրանտ Նազարյան։ Նրանցից որեւէ մեկը երբեւէ Տեր-Պետրոսյանի պաշտպանությամբ զբաղվե՞լ է։  Ոչ»։

Հնարավո՞ր է սահմանադրական նոր փոփոխություններով կամ նոր օրենքներով կրճատել ՍԴ նախագահի պաշտոնավարման ժամկետը, որի մասին իշխանական հատվածից ակնարկներ են հնչում։ Բալայանը պատասխանեց․ «Շատ բարդ խնդիր է։ Մենք չմոռանանք սահմանադրական մի շատ կարեւոր սկզբունք, որն ընդունված է ամբողջ աշխարհում, որեւէ երկրում չեն ընդունում օրենք, որը կվատթարացնի մարդու իրավունքները կամ հետադարձ ուժ կունենա։ Սա նման է «ՍԴ անդամը դատավոր չէ» բանավեճին․ չի կարելի նման բան անել։ Առանց այն էլ գործող Սահմանադրությանը հակասող ահագին բաներ են թույլ տրվել, հիմա ավելին խորացնել հնարավոր չէ»։