Հեռուստատեսային դաշտում ուժերն անհամաչափ են

Հեռուստատեսային դաշտում ուժերն անհամաչափ են

Հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի խորհրդականի պաշտոնից ազատվելու մասին, որում նշանակվել էր բոլորովին վերջերս։
«Այսօր դիմում գրեցի եւ ազատվեցի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի խորհրդականի պաշտոնից։ Իմ բոլոր խորհուրդներն ու առաջարկները՝ հանրային հեռուստաընկերությունը դուրս բերել քոչարյան-սարգսյանական ճահճից, մի կողմից հանդիպեցին սառը անտարբերության, մյուս կողմից՝ կոշտ դիմադրության։
Ցանկացած համակարգ արմատականորեն վերափոխելը ծավալուն եւ դժվարին աշխատանք է ենթադրում, ինչին տրամադրված չէ ո՛չ նոր նախագահը, ո՛չ հին տնօրենը։ Չես գնում փոփոխությունների, ուրեմն՝ չես ուզում աշխատել։ Եթե չես աշխատում, հազար պատճառաբանություն կարող ես բերել՝ մարդուժ չկա, թարմ գաղափարներ չկան, փող չկա եւ այլն։

Ոչինչ, որ հանրային տարածքում սանիտարական մաքրություն անցկացնելու շանսն ես բաց թողնում՝ մսխելով թավշյայի բովանդակությունն ու արժեքները»,- ի մասնավորի գրել է Պասկեւիչյանը, որը Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ   Արա Շիրինյանի մտերիմներից է։

Այս գրառումը հրապարակել են մի շարք կայքեր, «Ֆեյսբուք»-ում քննարկվում է Տիգրան Պասկեւիչյանի հրաժարականը նոր Հայաստանում, շատերն են ափսոսանք հայտնում, որ նա չի կարողացել կյանքի կոչել իր գաղափարներն ու մտահղացումները եւ իշխանությունների ուշադրությունն են հրավիրում, որ այս ոլորտում էլ ձեռնամուխ լինեն բարեփոխումների, հակառակ դեպքում նրանց ոչ մի լավ բան չի սպասում։ Սոցիալական ցանցերում հիշում եւ զգուշացնում են, որ Հանրային հեռուստաընկերությունում մնացել ու աշխատում են նախկին իշխանություններին սերտաճած կադրերը, որոնք դեմ են փոփոխություններին եւ թաքուն թե բացահայտ ծառայում են նախկիններին։

Արա Շիրինյանն այս առթիվ դեռ մեկնաբանություն չի տվել։
Տարբեր հեռուստաընկերություններում ղեկավարման փորձ ունեցող հեռուստալրագրող, հրապարակախոս, արձակագիր Վահրամ Մարտիրոսյանը  մեզ հետ զրույցում անդրադառնալով Տիգրան Պասկեւիչյանի գրառմանը, նշեց, որ թե՛ նա, թե՛ Արա Շիրինյանը իր կողմից հարգված մարդիկ են, ընկերներ, եւ միայն մանրամասն տեղեկություններ ունենալու դեպքում կանդրադառնա այդ թեմային։

Հարցին, թե որպես պրոֆեսիոնալ՝ ինչպե՞ս է պատկերացնում Հանրային հեռուստաընկերությունում փոփոխությունները, ի՞նչը պետք է փոխել, որպեսզի Հանրայինը ծառայի իր բուն առաքելությանը։
«Շատ բան պետք է փոխել։ Այսօրվա հեռուստատեսային դաշտում ուժերը շատ անհամաչափ են։ Մի կողմից՝ մեծ թիվ են կազմում քոչարյանասարգսյանական հեռուստաընկերությունները, մյուս թեւում՝ ավելի նվազ է։ Այս դեպքում Հանրային հեռուստաընկերության բեռը, պատասխանատվությունն ավելի ծանր է։ Այսինքն՝ շատ լուրջ անելիքներ կան։ Ես չգիտեմ, թե ինչ նախագծեր են մերժվել, չգիտեմ, թե նոր եթերաշրջանում ինչ փոփոխություններ են եղել, դրա համար ո՞նց մեկնաբանեմ»,- նշեց Վահրամ Մարտիրոսյանը։

Միաժամանակ մեր զրուցակիցը հիշեցնում է, որ Արա Շիրինյանը լավ հոդված էր հրապարակել «Հետք»-ում, տեսական բոլոր կանխադրույթները շատ լավ ձեւակերպել էր, իսկ թե ինչպիսին պետք է լինեն դրանք գործնականում՝ ցույց կտա սեպտեմբերի եթերաշրջանը։