«Սեքյուրիթի Դրիմ»-ի նախկին աշխատակիցները՝ դատարանում
Վաղը, ժամը 10․00-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում տեղի կունենա «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության նախկին աշխատակիցների բողոքի քննությունը։
Հիշեցնենք, որ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը զբաղվում է ճանապարհային երթեւեկության վերահսկողությամբ։
«Սեքյուրիթի Դրիմ» ընկերության նախկին տնօրեն Արամ Ղլեչյանը, որն այսօր հանդես է գալիս որպես աշխատակիցների շահերը դատարանում ներկայացնող փաստաբան, մեզ հետ զրույցում ասում է, որ այս տարվա մարտի 4-ից դադարել է լինել ընկերության տնօրենը։
«Մարտի 1-ին ընկերության անձնակազմը, իմանալով իմ այդ որոշման մասին, որոշեց իր անհամաձայնությունը հայտնել եւ հավաքվեցին՝ համոզելու, որ մնա նույն ձեւաչափը, տնօրենը չփոխվի։ Այդ հավաքը սկսվել է ժամը 13․00-ին, ավարտվել է ժամը 15․00-ին, մեկ ժամ էլ եղել է ընդմիջման ժամանակահատվածը։ Դրանից հետո, ամսի 4-ին՝ հաջորդ աշխատանքային օրը, ամբողջ աշխատակազմը բնականոն ռիթմով աշխատանքի է դուրս եկել։ Բնականաբար, ես աշխատանքից դուրս եկա, որոշեցին ինձ հետ միասին պատժել 25 աշխատակցի։ Մարտի 5-ից այդ 25 հոգու այցեքարտերն արգելափակեցին եւ չթողեցին մուտք գործել աշխատավայր»,- պատմում է Արամ Ղլեչյանը։
Մեր զրուցակիցը հիշեցնում է, որ Երեւան քաղաքի քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ինքը ցուցմունք է տվել ֆինանսական չարաշահումների մասին, ինչն էլ դուր չի եկել ընկերության հիմնադիրներին՝ Ալեքսան եւ Գուրգեն Զաքարյաններին։
«Հիշո՞ւմ եք, 2018թ․ հունիսին ՀՀ ոստիկանության 6-րդ վարչությունը քրեական գործ հարուցեց, «Սեքյուրիթի Դրիմ»-ի նախկին տնօրինության կողմից մեկ միլիարդ դրամի հափշտակությունների փաստով։ Եվ դրա շրջանակներում որպես վկա հարցաքննվելիս ես ասել եմ, թե որն է իրողությունը։ Դա էլ բնականաբար դուր չի եկել մեր հարգելի Զաքարյաններին»,- ասաց Արամ Ղլեչյանը։
Արամ Ղլեչյանը նշում է, որ աշխատակիցներն օրվա ընթացքում ընդամենը երկու ժամ են բացակայել աշխատանքից, ինչն օրինական է եւ թույլատրված։ Նախկին տնօրենն ասում է, որ ինքը նախկին պաշտոնում վերականգնվելու ցանկություն չունի, բայց հետամուտ է լինելու, որ նախկին 25 աշխատակիցները վերականգնվեն, որովհետեւ նրանց անօրինական են ազատել աշխատանքից։ Այդ մարդիկ, ըստ նրա, գրչի մի հարվածով կորցրել են իրենց աշխատատեղերը։
Շատերն են դժգոհում, որ դատական համակարգում մեծ հաշվով փոփոխություններ չեն եղել թավշյա հեղափոխությունից հետո։
Կարո՞ղ ենք ակնկալել, որ դատարանում կկարողանան հաղթել «Սեքյուրիթի Դրիմ»-ի նախկին աշխատակիցները։
«Ամեն դեպքում հետամուտ ենք լինելու, որ կայացվի արդար վճիռ։ Հուսով եմ, որ զարգացումները կհուշեն, որ դատական համակարգը կայացնի արդար վճիռ»,- արձագանքեց Արամ Ղլեչյանը։
Կարծիքներ