Ինչո՞ւ է Փաշինյանը խուսափում պատասխանել Քոչարյանի քրգործին վերաբերող հարցերին

Ինչո՞ւ է Փաշինյանը խուսափում պատասխանել Քոչարյանի քրգործին վերաբերող հարցերին

Երեկ Հայաստանում աննախադեպ երևույթ տեղի ունեցավ․ գործադիր իշխանության ղեկավարի՝ վարչապետի հորդորով փակվեցին հանրապետության բոլոր դատարանների մուտքերը։ Մինչ այժմ վարչապետի կողմից հստակ բացատրություն չկա, թե ո՞րն է դատարանների մուտքերը փայելու և դրանց աշխատանքը կաթվածահար անելու բուն նպատակը, ինչո՞ւ Փաշինյանը որոշեց Քոչարյանի ազատ արձակումից հետո «դատական իշխանությունը վիրահատելու» ծրագիր մշակել, և, ի վերջո, ի՞նչ կարծիք ունի վարչապետը այն բանի մասին, որ նույն օրը դատարանը Քոչարյանի գործով վարույթը կասեցնում է և ուղարկում Սահմանադրական դատարան։ Այս բոլոր հարցերին վարչապետը այսօր չցանկացավ պատասխանել։

Գիտությունների ազգային ակադեմիայի գիտաժողովից հետո, որին նա մասնակցում էր, Փաշինյանը միանգամից նստեց մեքենան ու հեռացավ։ Հարցով, թե ինչո՞ւ է վարչապետը խուսափում այս հարցերին պատասխանելուց, դիմեցինք վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին, վերջինս միանգամից հիշեց, որ գործադիր իշխանությունը դատական իշխանության գործերին չի միջամտում, կարծես դատարանները արգելափակելու օպերացիայի կազմակերպիչները մենք էինք․

« Ռոբերտ Քոչարյան մեղադրյալի գործը որտե՞ղ է, Դուք չգիտե՞ք՝ որտեղ է մեղադրյալ Քոչարյանի գործը, Դուք չգիտե՞ք, որ իշխանությունը չի մեկնաբանում դատական գործերը, ինչո՞ւ եք այդ հարցը տալիս»,- ասաց Կարապետյանը։

Իսկ այն հարցին, թե առիթը նման հորդորի ո՞րն էր, ինչո՞ւ հենց Քոչարյանի ազատ արձակումից հետո եկավ «վեթթինգի» գաղափարը, Կարապետյանը կրկին կարճ պատասխանեց․
«Բազմիցս ասել ենք, երևի ուշադիր չեք նայել»։