Դատախազությունը հերքում է Նարեկ Բաբայանին. վերապահումներ չեն հայտնել Գրիգորյանի կողմից տարածքները նվիրաբերելու վերաբերյալ

Դատախազությունը հերքում է Նարեկ Բաբայանին. վերապահումներ չեն հայտնել Գրիգորյանի կողմից տարածքները նվիրաբերելու վերաբերյալ

Դեռ անցած տարվա հոկտեմբերին հայտնի դարձավ, որ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը դիմել է կառավարությանը՝ նվիրաբերելու Ակնալիճ համայնքում իրեն պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության շուրջ 330 հեկտար տարածքը։  

Ավելի ուշ լրագրողները պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ  Նարեկ Բաբայանից հետաքրքրվել էին՝ նվիրաբերելու ընթացքը ո՞ր փուլում է, նա պատասխանել էր, որ գործընթացը կասեցված է, քանի որ դատախազությունը իր վերապահումներն է հայտնել:

Այսօր «Հրապարակը» Բաբայանից հետաքրքրվեց՝ ի՞նչ վերապահումների մասին է խոսքը, եւ արդյոք մինչ այս պահը նվիրաբերության ընթացքը շարունակում է կասեցման փուլում գտնվել:
«Դատախազությունը գրություն  է գրել, որ առայժմ դա դատական պրոցեսի մեջ է եւ գույքի նկատմամբ բռնագանձում կարող է կիրառվել դատարանի որոշմամբ, բայց քանի որ դատարանի որոշում չկա, պրոցես չի սկսվել․․․ Էս էր ամբողջ հարցը։ Մենք ուրիշ հանձնարական չունենք կառավարությունից»,-պատասխանեց Բաբայանը:

Դիտարկմանն՝ այսինքն՝ դատավճռից հետո միայն այդ տարածքի հարցը կարող է լուծվել, Բաբայանը արձագանքեց․ «Ես կարծում եմ, որ, այո, եթե այլ բան չլինի»։

Նա նաեւ նշեց, որ դատախազությունը նման գրություն է ուղարկել կառավարությանը, այլ ոչ թե իրենց կոմիտեին:

Ուշագրավն այն է, որ գլխավոր դատախազությունից փոխանցեցին՝ իրենք նմանատիպ ոչ մի գրություն չեն ուղարկել կառավարություն: 

Ստացվում է, որ դատախազության եւ Բաբայանի խոսքերը հակասում են միմյանց. այստեղ կարող է լինել երկու տարբերակ կա՛մ Բաբայանն է ինչ-որ բան շփոթում, կա՛մ տեղյակ չէ, կամ էլ դատախազությունը իր կողմից ուղարկված գրություններից տեղյակ  չէ կամ էլ թե ոչինչ չի էլ ուղարկել:

Հիշեցնենք, որ Գրիգորյանի կողմից նվիրաբերվող տարածքը ընդգրկում է 5445 քմ մակերեսով շենք-շինություններ։ Տարածքի շուկայական արժեքը գնահատվում է 5.84 մլրդ դրամ՝ ավելի քան 10.5 մլն դոլար։