Քաղաքապետարանը բանակցություններ է վարում «Սանիտեքին» մենաշնորհից զրկելու հարցով

Քաղաքապետարանը բանակցություններ է վարում «Սանիտեքին» մենաշնորհից զրկելու հարցով

«Հրապարակի» հարցազրույցը Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ․

-Պարոն Կարապետյան, տեղեկություն ունենք, որ քաղաքապետարանը մտադիր է 2-րդ օպերատորի մրցույթ հայտարարել։ 

-Տենդերի մասին խոսելը դեռ վաղ է, քաղաքապետն օրերս հայտարարել է, որ «Սանիտեքի» գործառույթներն իր եղած ռեսուրսներով այս պահին չի կարողանում իրականացնել՝ աղբահանության, սանմաքրման, փողոցների մաքրման խնդիրը չի կարողանում լուծել իր եղած ռեսուրսներով, քանի որ և՛ մեքենաների շարժակազմ, և՛ անձնակազմի պակասություն, և՛ այլ գործիքակազմի պակասություն։ Եվ ինչպես քաղաքապետն է հայտարարել, աղբահանության մասը պետք է լուծում ստանա։ Այդ լուծման ճանապարհին, թե ինչ տարբերակներ կքննարկվեն ու կընդունվեն, չեմ կարող ասել։ Հնարավոր է՝ քաղաքապետարանը լուծի աղբահանության հարցը՝ փաստացի դառնալով երկորդ օպերատոր՝ որպես իրավական․․ 

-Բայց ինչո՞ւ քաղաքապետարանը։

-Ես ասում եմ՝ այս պահին քննարկվում է մի քանի տարբերակ՝ տեսական մակարդակում։ Տեսականորեն ինչ ասես հնարավոր է։ Հնարավոր է լինի ոչ թե 2, այլ 3-4 օպերատոր։ Կարող է «Սանիտեք»-ը անել առաջարկություն, որից քաղաքապետարանը համոզվի, որ ինքը միայնակ էլ կարող է․․․ Ամեն ինչ պայմանագրի տեսության և պրակտիկայի ուսումնասիրության մեջ է։ Փաստը, համենայնդեպս, այն է, որ  «Սանիտեք»-ը ներկա դրությամբ չի կարողանում իրականացնել աղբահանության խնդիր, էդքան ռեսուրս չունի։

-Իսկ այդ տեսական տարբերակները մինչև ի՞նչ ժամկետում կարող են լուծվել, շուտով գարուն կգա, հետո ամառ։

-Բառացիորեն այս պահին քաղաքապետի գլխավորությամբ  հերթական խորհրդակցություն-քննարկումն է տեղի ունենում շահագրգիռ անձանց հետ։ Այսինքն՝ խոսքը մոտալուտ ժամկետների մասին է։

-Իսկ ի՞նչ հիմնավորումներով է առաջարկվել, որ քաղաքապետարանը լինի աղբի երկրորդ օպերատորը։

-Լիքը գործառույթներ կան, որ քաղաքապետարանը ևս ունի․ քաղաքապետարանը պատվիրակում է մասնավոր ընկերությունների, պայմանագրի միջոցով, ինչպես նույն «Սանիտեքին» կամ այլ  լիքը բաների՝ տոնական միջոցառումներից մինչև կանաչապատում։ Քաղաքապետարանն իր գործառույթները պատվիրակում է՝ պայմանագրային հիմունքներով ինչ որ կազմակերպության։ Կարող է նաև չպատվիրակել, եթե քաղաքապետարանի կառույցները կամ ենթակայության տակ գտնվող ինչ-որ ընկերություն ինքն իրականացնի։ Այսինքն, եթե ենթադրենք՝ ունենք «Երևան կանաչապատում», կարող է լինել ասենք՝ «Երևան աղբահանություն»։

-Բայց չէ՞ որ «Սանիտեքն» ունի մենաշնորհի իրավունք։ Մտնելու՞ եք դատարան։

-Դե, դատարան մտնելու համար  որևէ որոշում այս պահին չկա, առհասարակ, թե հարցը ինչպես պետք է լուծվի։ Կա մենաշնորհի պայմանագիր, եթե այն այս պահին խզվի, քաղաքը կկանգնի աղբահանության ճգնաժամի առաջ, և այդ քննարկումների մաս է կազմում նաև «Սանիտեքը»։ Այսինքն՝ այդ համաձայնությունը, որ ձեռք բերվի, իհարկե, լինելու է նաև իրենց մասնակցությամբ։

-Դիմադրո՞ւմ են, դե՞մ են։

-Իրենք հիմա բանակցում են։ Իրենք այս պահին աղբահանություն են իրականացնում և քաղաքապետարանի գործընկերներն են, թե ինչքան կտևի այդ գործընկերությունը, ցույց կտա ժամանակը։