Գիրք գնելուց առաջ՝ հարցրեք խորհրդատուին

Գիրք գնելուց առաջ՝ հարցրեք խորհրդատուին

Գիրք գնելը, մերձավորներին հետաքրքիր եւ օգտակար գիրք նվիրելը եւս մշակույթ է։ 
Դեկտեմբերին "Հայ գիրք" գրախանութ այցելողները գիրք գնելուց առաջ հնարավորություն ունեին լսել  խորհրդատուի կարծիքը։
«Անտարես» հրատարակչության խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Հայաստանում պետք է ձեւավորել խորհրդատուների ինստիտուտ։ 

«Նրանք պետք է լինեն հեղինակավոր մարդիկ, որոնց ընթերցողը վստահում է, եւ այդ մարդիկ էլ պետք է ցույց տան, որ իրենք ոչ միայն ճանաչված են, հեղինակություն են, այլեւ սիրում են գիրքը, կարդում են այն, իրենց խորհուրդներն էլ օդից վերցված չեն, այլ սեփական կենսափորձից։ Այս տարի մենք երկու փորձ արել ենք թարգմանիչ Զավեն Բոյաջյանի հետ, այն շատ լավ է ստացվել։ Մարդիկ գալիս էին ոչ միայն գիրք գնելու համար, այլեւ զրուցելու գրականության, գրքի մասին։ «Անտարես»-ի գրատոնի շրջանակներում էլ նման փորձ արցեինք՝ ներգրավվելով գրականագետ Հովիկ Չարխչյանին, արձակագիր Գրիգին, թարգմանիչներ  Աննա Մարությանին, Նունե Թորոսյանին, Զավեն Բոյաջյանին։ Մենք տեսել ենք, թե ինչպես մի ընթերցող գիրք է գնում Գրիգի խորհրդով, Զավեն Բոյաջյանն էլ մեկ այլ ընթերցողի մեկ այլ գիրք է խորհուրդ տալիս։ Գալիս էին, միմյանց խորհուրդներ տալիս։ Նկատեցինք, որ կա միտում հայաստանյան մյուս գրախանութներն ու  հրատարակիչներն էլ նման ակցիաներ անեն»,- նշեց Արքմենիկ Նիկողոսյանը։

Թեեւ «Անտարես»-ի խմբագիրը հրաժարվեց կոնկրետ թվեր նշելուց, սակայն նշեց, որ այդ փորձը շատ է նպաստել գրքի վաճառքին, եղել է աննախադեպ վաճառք։ Դրան նպաստել են նաեւ զեղչերը, քանի որ շատերն են օգտվել հայտարարված զեղչերից։

«Մարդիկ են եղել, որոնք մի ամբողջ գրադարան են տուն տարել։ Միայն երկու օրում, գրատոնի շրջանակներում, 1000-ից ավելի գիրք է վաճառվել։ Իսկ այսօրվա պայմաններում դա արտակարգ ցուցանիշ է»,- ասաց մեր զրուցակիցը։