Ինչը չներվեց Կոնստանտին Զատուլինին

Ինչը չներվեց Կոնստանտին Զատուլինին

Հայաստանում նախօրեից հանրային դիսկուրս է սկսվել՝ ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի մուտքը մեր երկիր արգելելու հետ կապված։ Կարծիքները 2 մասի են բաժանված․ մի մասը քննադատում է իշխանությունների այս քայլը, մյուս մասը՝ արդարացնում։ 2 դրվագ արձանագրենք․

• Զատուլինի՝ Հայաստան մուտքի արգելումը տեղի է ունենում Պուտին-Փաշինյան-Ալիեւ եռակողմ սպասվելիք հանդիպման նախաշեմին, որը ծրագրված է հոկտեմբերի 31-ին՝ Սոչիում։ 

• Ռուսական կողմում այս արգելքի հանդեպ առանձնապես մեծ հետաքրքրություն չկա, ինչը նկատել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ գրելով․ «Երեկվանից Զատուլինի թեմայով հերթական ՖԲ փոթորիկը բարձրացավ: Հարց Զատուլինի պաշտպաններին: Այ ձեր ցավը տանեմ, եթե ռուսներին դա չի հետաքրքրում, ինչո՞ւ է դա հետաքրքրում ձեզ: Մարդիկ արդեն մի քանի տարի է՝ «չաշկա-լոժկա» աշխատում են այս իշխանությունների հետ: Ինչո՞ւ եք խանգարում: Թողեք՝ թող աշխատեն»։
Դատելով «Հայկական ժամանակի» Զատուլինի՝ Հայաստան մուտքի արգելքի մասին հրապարակված նյութից, կարելի է եզրակացնել, որ պատճառը Փաշինյանին քննադատելն է։ Թեեւ նույն հրապարակման մեջ կան մի քանի «մեսիջներ», որոնք շատ բան են ասում հայամետ գործչի համբավ ունեցող ռուս խորհրդարանականին «անցանկալի անձ» ճանաչելու հետ կապված։

• Նախ, ՀԺ-ի նյութի լուսանկարում պատկերված է Զատուլինը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Համացանցում Զատուլինի հազարավոր լուսանկարներ կան, չենք կարծում, թե այդ լուսանկարը նյութին կցվել է պատահականորեն։ «Մեսիջն» առավել քան խոսուն է՝ Զատուլինը հայտնվել է ՀՀ իշխանությունների տեսադաշտում, որովհետեւ Քոչարյանի կողմնակիցն է։ Ի դեպ, հետաքրքրական է Անդրիաս Ղուկասյանի՝ «Հրապարակի» հետ զրույցում արտահայտած միտքը․ «Եթե Զատուլինը դիտարկվում է որպես Ռոբերտ Քոչարյանի կողմնակից եւ համախոհ, ապա նույնիսկ այդ դեպքում նման որոշում ընդունելն առաջացնում է բազմաթիվ հարցեր»։

• Երկրորդ․ նշված նյութի մեջ խոսվում է այն մասին, որ Զատուլինը ներխուժել է Հայաստանի ներքաղաքական կյանք։ Մի կողմ թողնելով ձեւակերպումները՝ ուղղակի արձանագրենք, որ բերվել է միջազգային իրավունքի նորմերով հիմնավորված առնվազն մեկ դրույթ, որը բավարար էր, որպեսզի նրա մուտքը Հայաստան արգելվեր։ Զատուլինը, նրա հայանպաստ գործունեության հանդեպ ունեցած ամենայն հարգանքով հանդերձ, ՌԴ Պետդումայի պատգամավոր է, ռուսական քաղաքական վերնախավի ներկայացուցիչ։ Հետեւաբար, որպես այլ պետության բարձրաստիճան պաշտոնատար անձ՝ առնվազն քաղաքականապես կոռեկտ չէր նրա կողմից հայաստանյան ներքաղաքական կյանք «ներխուժելը», որը կարող է տարբեր մեկնաբանությունների առիթ տալ։ Ռուսաստանը, ի դեպ, նման հարցերի հանդեպ խիստ զգայուն է, եւ կարելի է պատկերացնել, թե ինչպիսին կլիներ Մոսկվայի արձագանքը, եթե Հայաստանի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը հանրայնորեն աջակցեր ռուս ընդդիմադիր գործիչ, այժմ բանտում պատիժը կրող Ալեքսեյ Նավալնուն։ 

• Զատուլինը, դատելով ՀԺ-ի նյութից, իրեն թույլ է տվել արտահայտություններ, որոնք հակադրվում են «տարածաշրջանում տրանսպորտային եւ տնտեսական կոմունիկացիաներն ապաշրջափակելու» մասին Կրեմլի քաղաքական գծին, Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարություններում ամրագրված այն դրույթին, որով Ադրբեջանը Հայաստանի տարածքով կապ է հաստատելու Նախիջեւանի հետ։ Դա, այսպես կոչված, «զանգեզուրյան միջանցքի» մասին դրույթն է։ Ռուսաստանն այդ հայտարարությունների կյանքի կոչման երաշխավորն է։ Հետեւաբար, Զատուլինի կողմից լուրջ սխալ էր հայաստանյան հեռուստաընկերություններից այնպիսի հայտարարությունների հնչեցումը, որոնք կարող էին հակասել արդեն վերեւում ներկայացված Կրեմլի պաշտոնական գծին։

• Եվ, վերջապես, Կոնստանտին Զատուլինը ռուսական քաղաքական վերնախավի այն գործիչներից է, ով համարձակություն ունեցավ անկեղծորեն ասելու, որ առնվազն 44-օրյա պատերազմի օրերին եւ դրանից հետո էլ, մինչեւ հիմա, Ռուսաստանը Հայաստանի հանդեպ, որպես ռազմավարական դաշնակից, «ճիշտ չի պահել իրեն», ինչը բերել է հայաստանյան հանրության՝ Ռուսաստանի հանդեպ հիասթափության, որից օգտվելով էլ՝ տեղական որոշ կառույցներ փորձում են տարածել հակառուսականություն։ Այսինքն՝ Զատուլինն արձանագրել է, որ Հայաստանում գլուխ բարձրացնող հակառուսականության մեջ Ռուսաստանն ունի մեղքի իր բաժինը, այն դեպքում, երբ պաշտոնական Մոսկվան ամեն կերպ փորձում է ներկայանալ որպես «ղարաբաղյան խաղաղարար» եւ «ղարաբաղյան պատերազմն ու արյունահեղությունը դադարեցնող»։ Ըստ էության, կարող ենք ասել, որ հենց վերջին երկու դրվագներով հնարավոր է, որ ռուսական կողմն ունեցել է դժգոհություններ եւ առնվազն անտարբեր է պահում իրեն Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան արգելելու հարցում։ Այսինքն՝ չենք բացառում, որ Զատուլինին «դեղին քարտ» են ցույց տալիս ռուսները՝ Երեւանի ձեռքով։