Կո՞ղմ եք, որ հրաժարվենք ապրիլի 24-ից, մայիսի 28-ից

Կո՞ղմ եք, որ հրաժարվենք ապրիլի 24-ից, մայիսի 28-ից

Քաղաքացու օրվա տոնական միջոցառումների իրականացման նպատակով կառավարության կողմից 124 միլիոն դրամ հատկացնելուց հետո մինչ երկար ցանկեր են կազմվում, թե ինչ կարելի էր անել այդ 124 մլն-ով, վերջին օրերին բուռն աժիոտաժ է սկսվել նաեւ մարզպետարաններում։ Պատրաստվում են ապրիլի 27-ին Քաղաքացու օրը տոնել, այն հպարտ քաղաքացիների, որոնք մեկ տարի առաջ այս օրերին մասնակցում էին ապրիլյան պայքարին։ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը չգիտի, թե որքան գումար է իր ղեկավարած մարզում ծախսվելու այդ օրը, բայց որ միջոցառումների պակաս չի լինելու, խոստանում է․ «Մենք, օրինակ, մարզկենտրոնում կունենանք միջոցառումներ, համերգներ, գրքի շնորհանդեսներ, մասնակցելու ենք ցուցահանդեսների, մարզի տարբեր համայնքներում լինելու է էսքպո, մարզի տարբեր համայնքներ ունենալու են իրենց ներկայացուցչական կազմերը․ այդպես մի շարք միջոցառումներ են լինելու»։

ՔՊ-ական մարզպետը տարակուսած է․ «Ի՞նչն է շռայլություն՝ Քաղաքացու օրը նշե՞լը․ ես արդարացված եմ համարում ցանկացած գումար, որը ծախսվելու է հանուն քաղաքացու»։ Նա համոզված է․ եթե կառավարությունը գումար չհատկացներ, քաղաքացիներն ինքնաբուխ էլ կնշեին այդ տոնը։ «Քաղաքացիներն ինքնաբուխ տոնում են, բայց մենք նույնպես կազմակերպելու ենք քաքաքացիների համար»։ Եթե քաղաքացիներն ինքնաբուխ կտոնեին, ինչպես տոնում էին անցած տարվա ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանի հրաժարականը, ի՞նչ իմաստ ուներ բյուջեն ծանրաբեռնել։ Հարցը լսելով՝ մարզպետն ասաց, որ ավտոմեքենայով ճանապարհին է եւ չի կարող շարունակել զրույցը։

Շիրակի՝ Հայաստանի ամենաաղքատ մարզի ղեկավար Տիգրան Պետրոսյանը խոստովանում է․ որպես ՀՀ քաղաքացի, որպես Շիրակի մարզպետ՝ չունի ինֆորմացիա, թե որքան է արժենալու հեղափոխության տոնն իր ղեկավարած մարզում, սակայն միջոցառումների պակաս չի զգացվելու․ «Սկսելու ենք ծառատունկով, հետո ունենալու ենք մեկ-երկու հանրային քննարկում՝ «ուսանողական ինքնակառավարումը՝ Հայաստանում» թեմայով։ Մյուսը․ մեկ տարին, որ ունենք Հայաստանում նոր իրավիճակ, այդ իրավիճակի հետ կապված, մասնավորապես մոտակա ժամանակի հետ կապված սպասումների մասին քննարկում է լինելու։ Ունենալու ենք նաեւ «Ճանաչիր համայնքները» ձեւաչափում ներկայացումներ, տարբեր համայնքներ ներկայացնելու են իրենց մշակույթը, խոհանոցը, իրենց կառույցները, բացօթյա ցուցահանդես, ինչպես նաեւ լինելու են գրքերի շնորհանդեսներ։ Գյումրիի թատրոնում պլանավորում ենք «Անուշ» օպերան բեմադրել, իսկ օրվա վերջում կեզրափակենք համերգով»։

- Պարոն Պետրոսյան, լինելով Հայաստանի ամենաաղքատ մարզի ղեկավարը, կարծում եք՝ արդարացվա՞ծ է 260 հազար դոլարի հատկացումը բյուջեից։

- Դե, մենք ասում ենք, որ միջոցառումների իրականացման փիլիսոփայության մեջ այդտեսակ գործողություն է, իրենք լինելու են մասսայական միջոցառումներ, որոնց համար մեծ ծախսեր չեն պահանջվում։ Ամբողջ նպատակը՝ այդ օրը համայնքներում ունենալ լավ, ինչու ոչ՝ ոչ միայն ժամանցային, այլեւ քննարկումների, ներկայացումների, մշակութային կյանքով լեցուն միջավայր եւ վերաիմաստավորել այն օրը, որը բոլորս միասին իրականացրինք։ Իհարկե, որեւէ միջոցառում ինքն արժեք ունի, եւ կա՛մ մենք հրաժարվում ենք միջոցառումներից, կա՛մ նշում ենք։ Այսօրվա իրականությունում, այո, այն մարզերում, որտեղ ֆինանսների լուրջ խնդիր կա, մենք աշխատելու ենք այդ ռեսուրսների օգտագործմանը խիստ խնայողաբար մոտենալ։

- Բայց փաստ է, չէ՞, որ կառավարությունն ավելի քան 250 հազար դոլար է բյուջեից հատկացրել։ Դուք որ ասում եք՝ ոչ ծախսատար միջոցառում ենք անելու, բա որտե՞ղ են այդ գումարները ծախսվելու։ Ավելի արդյունավետ չէ՞ր լինի այդ գումարով սոցիալական խնդիր լուծել։

- Ես այդ հարցին հարցով պատասխանեմ․ մենք այս հարցին պատասխանելու համար կա՛մ պետք է սկզբունքորեն որոշենք, որ որեւէ տեսակի տոնական միջոցառում չենք իրականացնելու, գումարներն օգտագործելու ենք շատ ավելի սոցիալական առաջնահերթ կարիքների համար։ Այսինքն՝ եթե այս հարցի պատասխանը մեր հասարակությունն ունի, ուրեմն այս հարցը հեշտ կլուծվի, հիմա դիմացն ունենք Մայիսի 9, Մայիսի 28, Ապրիլի 24-ի հիշատակ։ Կա՛մ կոնցեպտուալ հրաժարվում ենք, որովհետեւ հակառակ կարծիքն էլ կա, թե ինչի չենք արժեւորում օրերը, թե ինչի չենք իրականացնում գործողություններ․ եթե այս հարցի պատասխանն ունենաք, ես Ձեր հարցի պատասխանն ունեմ։

- Դուք, այսինքն, համարում եք, որ այդ օրերը համարժե՞ք են հեղափոխության տոնին։

- Ես հարցը կոռեկտ չեմ համարում։

- Ի վերջո, ապրիլյան նոր իրավիճակը եղել է ինքնաբուխ, թողեք մարդիկ այդպես նշեն։

- Դե, ընտրված ձեւաչափը, գործողությունների բազմազանությունն ինքնաբուխության կոմպոնենտ է պարունակում։

- Հիմա, որպես ՀՀ քաղաքացի, Շիրակի մարզպետ՝ կնախընտրեիք այդ գումարով ձեր մարզում 10-20 անօթեւան ընտանիքի բնակարանի հա՞րց լուծել, թե՞ Քաղաքացու օր նշել։

- Ես կարծում եմ՝ Ձեր հարցը կոռեկտ չէ, որովհետեւ հարցի պատասխանն ակնհայտ է։ Որպես մարզպետ եւ գյումրեցի՝ այդ հարցի պատասխանը, կարծում եմ, հարց տալուց առաջ էլ գիտեիք։

- Այսինքն՝ ճիշտ կլիներ, որ սոցիալական խնդիր լուծվեր։

- Ես, կներեք, պիտի ֆիքսեմ, որ հարցը կոռեկտ չէ տրված, երբ որ մենք խոսում ենք խնդիրների մասին, իհարկե, միշտ առաջնահերթությունները գնում են, իհարկե, մենք հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ, հենց հիմա «Հայաստան համահայկական հիմնադրամի» հետ վերջնականացնում ենք մի գործողություն, որի արդյունքում Գյումրի քաղաքում 50 ընտանիք կունենան հնարավորություն բնակարանամուտ տոնելու։ Այս տեսանկյունից, երբ մենք խնդիրը համեմատում ենք տոնի հետ, հարցն ի սկզբանե ճիշտ չի դրվում։ Պետք է հասկանանք, որ գործողություններ կան, որոնք կոնցեպտուալ տրամադրություն են փոխելու միջավայրում, իսկ այդ տրամադրության փոփոխությունը եւս կարեւոր է՝ հասնելու այն նպատակին, որը մեր առջեւ դրել ենք, իսկ մենք երկու խնդիր ենք դրել մարզում՝ անօթեւանություն եւ աղքատության հաղթահարում։