Կառավարիր նախ ինքդ քեզ

Կառավարիր նախ ինքդ քեզ

Բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանին վերագրվող մի խոսք կա՝ իմաստուն ու խորունկ․ սիրիր մարդկանց թերությունների համար, առավելությունների համար ո՛վ ասես կսիրի։

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Քրիստինե Պողոսյանը հոկտեմբերի 6-ին հարվածել է Ազգային ժողովի շենքում իր մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողի ձեռքում գտնվող խոսափողին։ Թեեւ հայտնի է, թե ո՛ր լրատվամիջոցի ո՛ր լրագրողին է հարվածել պատգամավորը, բայց սա այն դեպքն է, երբ անուններն ու անվանումներն արդեն կարեւոր չեն․ կարեւորը փաստն է եւ դրա աննախադեպությունը, եթե հաշվի առնենք նաեւ հարվածողի սեռը։ Բոլոր «պատճառահետեւանքային» արդարացումները, որ կարող է վկայաբերել վերոհիշյալ պատգամավոր տիկինը՝ տղամարդ գործընկերոջ հետ, ոչ մի նշանակություն եւ արժեք չունեն, որովհետեւ արդեն իսկ ոտնատակ է արված ամենամեծ արժեքը՝ ազատ խոսքի, տեղեկություն ստանալու  իրավունքը եւ տարրական հանդուրժողականությունը։ 

Ի դեպ, այս տիկինը, ինչպես նրա կենսագրությունն է հուշում, ինչ-որ կառույցներում բավական երկար ժամանակ՝ շուրջ հինգ տարի, աշխատել է որպես մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ-ղեկավար։ Մինչդեռ նրա վարքը Ազգային ժողովում կարծես վկայում է սեփական անձի կառավարման առումով ինչ-ինչ խնդիրների առկայության մասին, որոնց վերաբերյալ տիկինը պիտի մտածած լիներ դեռ այն ժամանակ, երբ անհասկանալի մի «ալիքի» վրա ինքնաբերաբար ԱԺ պատգամավոր էր դառնում։ Հենց այդ ժամանակ նա պիտի խորհեր այն հարցի շուրջ, թե արդյո՞ք անհրաժեշտ հոգեբանական «ռեսուրսներն» ունի եւ բավականաչափ ուժեղ է՝ սեփական զգացմունքները կառավարելու կամ դրանց չտրվելու չափ, եթե հայտնվի ինչ-որ արտառոց իրավիճակում։ Չէ որ պատգամավորական գործունեությունն ամենեւին չի ենթադրում միմիայն անվրդով, խաղաղ աշխատանք։ Ընդհակառակը, պատգամավորական մանդատը համարյա երաշխավորում է անխուսափելի արտառոց իրավիճակներ եւ դրանք արժանապատվորեն հաղթահարելու կարողություն։ Թեեւ ոչ մի կերպ արտառոց չես համարի իրադրությունը, երբ մի լրագրող, թեկուզ խիստ անցանկալի եւ նույնիսկ անտանելիորեն ատելի, լրագրողական ինչ-որ հարցի պատասխան է ուզում։

Հավելենք նաեւ, որ պատգամավորական (իմքայլական) այս «տանդեմը» լրագրողի հասցեին նաեւ սպառնալիք է հնչեցրել՝ «թող էս ամեն ինչը պրծնի, ձեր հետ ուրիշ ձեւ ենք վարվելու»։ 
Իսկ դա արդեն հաշվեհարդարի սպառնալիք է, որն  ուղիղ աղերս ունի իրավական պատասխանատվության հետ։