Ադրբեջանական իշխանությունները նոր են հիշել, որ կան միջազգային կոնվենցիաներ եւ օրենքներ

Ադրբեջանական իշխանությունները նոր են հիշել, որ կան միջազգային կոնվենցիաներ եւ օրենքներ

Արդեն 10 օր է՝ Ադրբեջանն ու Թուրքիան, խախտելով միջազգային, մարդկային համակեցության բազում նորմեր, պատերազմում են հայկական երկրորդ հանրապետության` Արցախի դեմ: Ռազմական ոտնձգություններ են լինում նաեւ ՀՀ տարածքների նկատմամբ: Զոհեր ու ավերածություններ կան նաեւ Վարդենիսի տարածաշրջանում: Խախտվում են միջազգային մի շարք պայմանագրեր. Ժնեւյան կոնվենցիան, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումներն ու բանաձեւերը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, պատերազմական գրված ու չգրված օրենքներ: 

Ռմբակոծության են ենթարկվում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին, արցախյան գյուղերն ու քաղաքները, զոհվում են երեխաներ, կանայք, խաղաղ բնակչություն: Խաղաղ բնակչության դեմ կիրառվում են արգելված զենքեր. Ադրբեջանի կողմից LAR-160 եւ սմերչ համազարկային կրակի ռեակտիվ հրթիռներ են արձակվել Հադրութ քաղաքի, մայրաքաղաք Ստեփանակերտի եւ մայրաքաղաքին մոտ գտնվող Շոշ գյուղի ուղղությամբ: Վնասվում են ենթակառուցվածքներ: Գնդակոծության տակ են հայտնվում միջազգային եւ հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչները, կան ծանր վիրավորներ, ֆրանսիացի լրագրողի կյանքը հայ բժիշկները մեծ դժվարությամբ փրկեցին: Թուրքիան Արցախի խաղաղ բնակչության դեմ պատերազմելու է բերել վարձկան գրոհայինների, ահաբեկիչների: Այս եւ այլ շատ հանցագործությունների ականատես ենք լինում այս օրերին։ Ագրեսոր Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմական հանցագործություններ են իրականացնում: Այսօր, երբ արդեն արցախյան բանակի կողմից պայթեցվել է Գանձակի ռազմական օդանավակայանը, որտեղից Արցախի վրա թռիչք էին իրականացնում կործանարար թուրքական F-16 կործանիչներն ու ԱԹՍ-ները, ադրբեջանական իշխանությունները հանկարծ հիշել են միջազգային կոնվենցիաների ու իրավունքների մասին: 

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել. «Հոկտեմբերի 4-ի մոտավորապես ժամը 10:00-ից (GTM + 4) սկսած՝ Հայաստանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը եւ սկզբունքները, 1949 թ. Ժնեւի կոնվենցիաները եւ դրանց լրացուցիչ արձանագրությունները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումները եւ բանաձեւերը, դիտավորյալ թիրախավորելով Ադրբեջանի խաղաղ բնակչությանը, գնդակոծում են երկրի մեծությամբ երկրորդ քաղաք Գյանջա բնակավայրը, որը գտնվում է այն տարածքից դուրս, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում ծանր հրետանուց»:

Փաստորեն, ադրբեջանական ղեկավարությունը «տառաճանաչ» է. կարդացել է, ծանոթ է միջազգային կոնվենցիաներին: Ու այդ ամենն իմանալով՝ խախտում է դրանք ու ինքն էլ սկսում լալահառաչ տեքստեր տարածել, թե Հայաստանն է խախտում դրանք: Ի դեպ, մարտի են նետվել նաեւ դիվանագետները՝ օրերս, օրինակ, Ղազախստանում Ադրբեջանի դեսպանն է ասուլիս տվել եւ դիմելով Ղազախստանի իշխանություններին ու ժողովրդին՝ ասել է․ «Մենք այսօր ունենք ձեր օգնության կարիքը»։