Քոչարյան-շոուն իրավապահներին դադար առնելու հնարավորություն է տվել

Քոչարյան-շոուն իրավապահներին դադար առնելու հնարավորություն է տվել

Մեր էլեկտրոնային հասցեին մենք ամեն օր բազմաթիվ պաշտոնական հաղորդագրություններ, հայտարարություններ ենք ստանում։ Դրանց մեջ առյուծի բաժինը վերջին մեկ տարում կազմում էին Հատուկ քննչական ծառայությունից, ոստիկանությունից, դատախազությունից, Ազգային անվտանգության ծառայությունից ու Պետեկամուտների կոմիտեից ստացվող տեղեկությունները։

Այսինքն, հաղորդագրություններ այն մասին, թե ում նկատմամբ են քրեական գործ հարուցել, ում են բռնել, ում են մեղադրանք առաջադրել, ում հաղորդման հիման վրա են նյութեր նախապատրաստում։

Մի ուշագրավ փաստ գրավեց մեր ուշադրությունը՝ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը սկսվելուն պես մի կախարդական փայտիկով այդ բոլոր հաղորդագրությունները դադարեցինք ստանալ։ Մենք մոտ մեկ շաբաթ է այլեւս սրան-նրան բռնելու, դատելու, պատժելու, գումար բռնագանձելու, ստուգումներ անելու, բերման ենթարկելու, հարցաքննելու մասին հաղորդագրություններ չենք ստանում։

Սա խոսում է մի բանի մասին՝ իշխանությունը ոչ թե արդարություն է հաստատում, օրինազանցներին պատժում, այլ ընդամենը շոու է ապահովում հանրության համար։

Հիմա շոուն Քոչարյանի դատավարությամբ լիուլի ապահովված է, բացի դատավարությանը ներգրավված անձանցից մյուս իրավապահները կարող են հանգիստ շունչ քաշել եւ դադար առնել՝ իրենց ակտիվության կարիքն այլեւս չկա։ Հասարակությանը մի երկար ժամանակ Քոչարյան-շոուն կզբաղեցնի, հետո՝ նոր բան կմտածեն։