Հեղափոխությունն իր առաջին տարում բախվեց մեծաթիվ ներքին եւ արտաքին խոչընդոտների

Հեղափոխությունն իր առաջին տարում բախվեց մեծաթիվ ներքին եւ արտաքին խոչընդոտների

Hraparak.am-ի հարցերին պատասխանում է 1990-95թթ․ Գերագույն խորհրդի պատգամավոր, Մաքսային վարչության նախկին պետ Երջանիկ Աբգարյանը։

-Արեւելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ չի հաջողվել ընդունել ընդհանուր հռչակագիր, որի համար անհրաժեշտ էր ԵՄ անդամ 28 երկրների եւ ԱԼԳ վեց երկրների միաձայն համաձայնությունը։ Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել փաստաթուղթը, քանի որ դրանում դրույթ չի ներառվել տարածքային ամբողջականության մասին։ Ըստ Ձեզ՝ դա ի՞նչ հետեւանք կարող է ունենալ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման համատեքստում։ Հնարավո՞ր է սահմանում Ադրբեջանը դիմի սադրանքների։

-Ըստ այն իրողությունների, որոնք արցախյան հակամարտության ընթացքում եղել կամ առաջացել են հայ-ադրբեջանական հարաբերություններում, եղածը նորություն չէ: Ես կասեի, որ դա ինչ-որ առումով կրկնություն է Լիսաբոնի 1996-ի ԵԱՀԿ գագաթնաժողովում կատարվածին, երբ ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մերժեց այդ գագաթնաժողովի հռչակագրում ներառված այն դրույթը, որը վերաբերվում էր  տարածքային  ամբողջականության պահպանմանը: ԵՄ Արեւելյան գործընկերության մասնակից երկրների այս համաժողովում հակառակը կատարվեց՝ ընդունելիք հռչակագրում բացակայում էր տարածքային ամբողջականության պահպանման դրույթը, եւ սպասելի էր, որ Ադրբեջանը կմերժի այն: Չեմ կարծում, թե այս դիպվածը ներկայումս որեւէ լուրջ ազդեցության կունենա Ադրբեջանի քաղաքական դիրքորոշման վրա:

Այն ընդամենը կվերահաստատի Ադրբեջանի քաղաքական դիրքորոշման մեջ վաղուց առկա այն թեզը, թե ղարաբաղյան  հակամարտությունը «կլուծվի» միմիայն ռազմական եղանակով: Իսկ գործականում հայ-ադրբեջանական շփման գծերում սպասելի են հաճախակիացող բախումներ եւ 2016-ի ապրիլյան դավադրության կրկնման սպառնալիքներ: Չեմ բացառում, որ հայկական հեղափոխությունը մերժող պուտինյան Ռուսաստանը այդ գործերում Ադրբեջանին հրահրողի դերը ստանձնի:  Թե հայկական դիվանագիտությունն ինչքանով է կարողանալու օգտվել վերջին 7-8 տարիներին Արեւմուտքում շրջանառվող հայ-ադրբեջանական հակամարտությանը վերաբերվող բարենպաստ արծարծումներից՝ դժվար է ենթադրել: Դրանց խանգարում է միայն Հայաստանի շարունակվող եւ ընդլայնվող ռուսամետ քաղաքականությունը:

-Լրացավ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման մեկ տարին։ Որքանո՞վ կարողացավ ՀՀ  վարչապետ  Փաշինյանն արդարացնել հանրության սպասումները, ո՞րն եք համարում ամենակարեւոր ձեռքբերումը։

-Պետք է հասկանալ, որ հեղափոխությունով իշխանությունը վերցնելը եւ այն տնօրինելը տարբեր բաներ են, մանավանդ այնպիսի դեպքում, երբ երկիրն ամեն առումով  տարիներ շարունակ ընթացել է սեփական շահերը անտեսելու կամ օտար երկրի շահերին ծառայացնելու ճանապարհով: Մեր ժողովուրդն ահա այդ կործանարար ընթացքը կանգնեցնելու, երկիրը զարգացման հունը փոխելու եւ իր կենսական դրությունը բարելավելու ակնկալիքներով ոտքի ելավ եւ հաղթեց: Աշխարհում հրաշքներ չեն լինում եւ բնական է, որ հեղափոխությունն իր առաջին տարում բախվեց  մեծաթիվ ներքին եւ արտաքին խոչընդոտների: Եթե առանձին ոլորտներում արձանագրվեցին դրական որոշակի արդյունքներ՝ մասնավորապես ժողովրդավարության եւ հակակոռուպցիոն պայքարի  ասպարեզներում, ապա այլեւայլ կարեւոր ոլորտներում էական փոփոխությունները դեռ ակնառու չեն, քանի որ դրանք կամ ժամանակատար են, կամ կատարման համար քաղաքականորեն՝ անժամանակ, կամ իշխանության կողմից չնկատվող, կամ էլ՝ անկարեւոր համարված: Եթե այս իրողություններին գումարվում են իշխանության վատ հաշվարկված քայլերը կամ սխալները, ապա ակնհայտ են դառնում այն թերությունների ակունքները, որոնք կարող են բացատրվել միմիայն իշխանության կողմից «հեղափոխություն»  եզրույթ-հասկացության թյուրըմբռնումով:

Աշխարհում կատարված բոլոր հեղափոխությունները եւ հեղաշրջումները սկզբնապես ունեցել են առաջնակարգ երկու խնդիր, որոնց արագ լուծումներից է կախված հեղափոխության ապագան: Դրանք են՝ իշխանության վարման բոլոր լծակների շտապ եւ ամբողջական տիրապետումը եւ երկրի ներսում արագորեն կայունության հաստատումը: Ահա այս առաջնահերթ խնդիրներն են, որ մեր երկրում դեռեւս չեն լուծվել անցած մեկ տարում: Պատճառաբանությունները կարող են լինել միայն եթերային, բայց այս իրադրության պարունակած իրական մեծ վտանգները չնկատելը ոչնչով չի կարող արդարացվել: Հանուն գեղեցկահունչ «սկզբունքների»  երկրի եւ ժողովրդի ապագան մշուշապատելը անթույլատրելի է: Ներկայումս հեղափոխության իրական եւ գլխավոր թշնամիներն են՝ նախկին վարչախմբի կազմավորվող հաստաքսակ ընդդիմությունը, հետադեմ որոշ քաղաքական ուժերը՝ այդ թվում նաեւ խորհրդարանական, եւ պուտինյան Ռուսաստանը: 

- Վերջերս Հայաստանի եւ Արցախի պաշտոնյաների միջեւ նկատելի էր որոշակի չհասկացվածություն։ Մտավախություն չունե՞ք, որ դա կարող է հանգեցնել Հայաստան-Արցախ առճակատման։ Ի՞նչ քայլեր պետք է անի Փաշինյանն այդ դեպքում։

- Դա նկատելի էր հեղափոխության հենց սկզբից: Եւ դա պատահական չէ: Այսօր ո՞ւմ հայտնի չէ, որ Արցախի ազատագրական շարժման հենց սկզբից նրա ղեկավարների մեջ ներդրվել էին ԿԳԲ-ի Բաքվի մասնաճյուղի գործակալներ:  

Ս. Սարգսյանի եւ Ռ․ Քոչարյանի՝  Երեւան տեղափոխվելուց հետո Արցախը գլխավորեցին նրանց կողմից առաջադրվածները: Դրանցից վերջինը Բակո Սահակյանն է: Ասենք,  որ ղարաբաղյան կլանի անդամների  կողմից Արցախում հակահայաստանյան տրամադրությունների արծարծումներ ես նկատել եմ դեռեւս 1992-93 թվականներից, ինչը շարունակվում է առ այսօր: Բայց եւ այլնպես՝ դա միանշանակ չի ընդունվում Արցախի հանրության կողմից: Եթե այդ երեւույթը ինչ-որ կերպ երկրորդական պլան էր մղվել մինչեւ հայաստանյան հեղափոխությունը, ապա դրանից հետո Բակո Սահակյանը եւ նրա կլանային թայֆան,  հիմնվելով նրա վրա, որ Հայաստանում վերջ է տրվել ղարաբաղյան կլանի իշխանությանը, տեղական կեղծ հայրենասիրության բորբոքմամբ փորձում են արցախցիներին ուղղորդել Մոսկվայից հրահրվող հակազգային գործունեության հունը: Սա վտանգավոր խաղ է՝  իր դավաճանական էությամբ:

Վերջին հաշվով ՀՀ-ում հաղթել է համաժողովրդական հեղափոխությունը, ի՞նչ է,  Արցախը դրանից անմասն է՞ մնալու, եւ դեռ հակադրվելու է ՀՀ-ի՞ն: Այսօր արցախցիների մեծագույն մասը դառն աղքատության մեջ է հայկական ամենահարուստ եւ ամենաբերրի հողերի վրա: Արցախյան թալանը  ՀՀ-ի 20-ամյա թալանի բաղկացուցիչ մասն է: Ո՞նց կբացատրեն Բակոն ու իր թայֆայի անդամները գյուղացի արցախցիների տխուր ու մոլոր, անմարդամոտ եւ հուսաբեկ հայացքները: Ո՞նց կբացատրեն Բակոն եւ իր թայֆայի անդամները, որ Մոսկվայի բարձր պաշտոնյաների եւ մեծահարուստների տներում որպես զարդ ցուցադրվում են  ոսկու 5 կիլոգրամանոց ձուլակտորներ, որոնց վրա գրված է «Арцах»: Դրմբոնի ոսկու հանքերը թալանում եք մոսկովյան ձեր տերերի բարեհաճություն վաստակելու  համա՞ր:  Եւ դեռ խոսում եք Արցախի «անկախության»  մասի՞ն, ՀՀ-ի կողմից ձեր «ներքին գործերին միջամտելու»  մասի՞ն: Չլինի՞ թե մտքներովդ  անցնում է թե ՀՀ-ի ռազմական ներկայությունը Արցախում ձեր «անկախությանն»  անհարիր եւ «միջամտություն»  է ձեր ներքին գործերին: Իսկ մտածե՞լ եք երբեւէ, որ Արցախը չի կարող այլ ափսեի մեջ գոյատեւել, քան Հայաստանն է: Ինչեւէ, կարծում եմ, որ արցախցիների բացարձակ մեծամասնությունը մոտ ապագայում իր ուսերից դեն կնետի օտարի լաքեյներից կազմված իրենց իշխանական վերնախավի լուծը եւ ՀՀ-ի հետ ուս-ուս կկառուցի այն Հայաստանը, որի մասին երազել են մեր նախնիները:

- Շահեն Պետրոսյանը մեր թերթին տված հարցազրույցում առաջարկել էր, որ Փաշինյանը հենվի փորձառու կադրերի վրա, նշել էր նաեւ Ձեր անունը, որ Ձեզ նշանակի խորհրդական։ Ձեր կարծիքով՝ Փաշինյանը չունի՞ կադրային քաղաքականությունը վերանայելու խնդիր։

- Ես համաձայն եմ Շահեն Պետրոսյանի առաջարկին: Իսկապես ակնհայտ է, որ  Փաշինյանը կարիք ունի փորձված կադրերի եւ համարում եմ, որ  դրանք այսօր հատկապես առաջնահերթորեն պահանջված են Կենտրոնական բանկում, Պետեկամուտների կոմիտեում, Ֆինանսների, Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարություններում եւ առաջադիմություն չարձանագրած ու ձախողված խոշոր գերատեսչություններում: Ինչ վերաբերում է ինձ՝ զգացված եմ Շահենի այդ առաջարկի կապակցությամբ, բայց  համարում եմ, որ պետական ծառայության համար իմ ժամանակներն արդեն անցել են: