Նախկին և ներկա տնօրենների պայքարը քրեաիրավական փուլ է մտել

Նախկին և ներկա տնօրենների պայքարը քրեաիրավական փուլ է մտել

Չարենցավանի թիվ 3 դպրոցի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Նախկին տնօրեն Լուսինե Կարապետյանի նկատմամբ իրավական գործընթաց է սկսվել, Չարենցավանի ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով։ Կարապետյանին մեղադրում են իր ուսանող դստերը դպրոցում որպես լաբորանտ գրանցելու եւ նրան աշխատավարձ վճարելու համար, նաեւ Երեւանի բնակչուհուն որպես հավաքարար աշխատանքի ընդունելու, ինչպես նաեւ ինչ-որ խանութներից, որոնցից մեկը, ինչպես պարզվեց, «Վիսլա» ՍՊԸ-ն է, 372 հազար դրամի տնտեսական ապրանքներ գնելու եւ դրանք հետո դպրոց չբերելու համար։ Քրգործը հարուցվել է անանուն մի նամակի հիման վրա, եւ կասկածներ կան, որ այդ նամակի հեղինակը եղել է դպրոցի նորանշանակ տնօրեն Աննա Բալյանը։ Ասում են՝ Կարապետյանին պաշտոնից էլ հեռացրին, բայց էլի հանգիստ չեն տալիս, հիմա էլ ուզում եմ նստեցնեն։ Ու քանի որ նախկին տնօրենի դեմ այսպիսի գործընթաց է սկսվել, ինչպես տեղեկացանք նոր տնօրենից, Լ․ Կարապետյանն էլ դիմել է տեսչական մարմին՝ ընդդեմ Բալյանի, որ գան եւ ստուգումներ անցկացնեն դպրոցում։ Բալյանը հերքում է, որ ինքն է անանուն նամակ գրողը, Կարապետյանն էլ նրան մեղադրում է իրեն զրպարտելու եւ իր դեմ քայլեր ձեռնարկելու մեջ։ Ի դեպ, այս օրերին դպրոցում նաեւ աշակերտների միջեւ է մի քանի միջադեպ  գրանցվել, որի արդյունքում մեկի քիթն էր վնասվել, մյուսի ատամներն էին կոտրվել։ Ուշագրավ է այն, որ ատամները կոտրված դպրոցականին բուժել է դպրոցի նախկին տնօրենի եղբայրը՝ Գեւորգ Կարապետյանը, ով ատամնաբուժական կլինիկայի տնօրեն է եւ Չարենցավանի վաղեմի ատամնաբույժներից։

«Ինձ մի անգամ հրավիրել են ոստիկանության բաժին եւ ասել են, որ Ձեր վրա անանուն բողոք կա։ Ես էնտեղ բացատրություն եմ տվել եւ ասել եմ, որ աղջիկս եղել է ուսանող, բայց աշխատել է, էդ Երեւանի բնակիչն էլ Երեւանի գրանցում ունի, բայց Չարենցավանի հարս է եղել եւ այդ թվականներին եկել աշխատել է։ Իսկ ինչ վերաբերում է այն գումարներին՝ 372 հազար, ապա, «Գնումների մասին» օրենքի համաձայն, կնքվել է պայմանագիր խանութի հետ, այնտեղից տնտեսական ապրանքներ են ձեռք բերվել, եւ նոյեմբերի 30-ին, երբ որ ես ի պահ պայմանագիր եմ կնքել, ես մինչեւ դեկտեմբերի 12-ը գործող տնօրենն եմ եղել, ապրանքը բերվել է դպրոց, դրանից հետո կնքվել է պայմանագիր, մնացած ապրանքը հատ առ հատ, ըստ անվանացանկի, բերվել է դպրոց, որի մասին կարող է վկայել դպրոց բերող տնտեսվարը, եւ մինչ օրս այդ ապրանքները՝ լվացող եւ մաքրող միջոցներ, դպրոցում օգտագործվում են»,- քրգործի վերաբերյալ այսպիսի մեկնաբանություն տվեց Լուսինե Կարապետյանը՝ նշելով, որ գնումները կատարվել են բացառապես օրենքի շրջանակներում։

Դպրոցի նախկին տնօրենն իր դեմ անանուն նամակ-բողոքի հեղինակի մասով սլաքներն ուղղում է Աննա Բալյանի կողմը։ Վերջինս մեծ պայքարի ու աղմուկի գնով դարձավ տնօրեն, ասում էին՝ վայելելով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հովանավորչությունը։ «Այս նամակի հեղինակին մոտավորապես կասկած ունեմ, թե ով է կամ ովքեր են, քանի որ այս նյութը, որ տարածվել է համացանցում (նկատի ունի քրգործի մասին հաղորդագրությունը), տարածում է անձամբ տնօրենը՝ օգտագործելով 3-րդ դպրոցի ֆեյսբուքյան էջը, եւ մի օգտատիրոջ բողոքին պատասխանելով էլ՝ պատասխանում է, որ «ես ճշմարտությունն եմ հրապարակում, բարին հաղթեց չարին, ես տեսել եմ հրամանները, ամեն ինչից տեղյակ եմ»։ Էստեղից պարզ է դառնում, թե ովքեր են հեղինակները, ովքեր են կատարողները, եւ էս ամբողջն ինչ իմաստ ունի»։

Լուսինե Կարապետյանն ասում է, որ նոր տնօրենի մոտ աշխատանքը նորմալ չի ստացվում, դպրոցն ու կոլեկտիվը բաժանված են երկու մասի, դպրոցում էլ բարձիթողի վիճակ է՝ երեխաներն իրար վնասում են, քիթ ու ատամներ ջարդում։ 

«Ես մտածում եմ՝ չկայացած մարդ է նոր տնօրենը, եւ ինձ վարկաբեկելու, իմ անունը ոչնչացնելու, իմ հեղինակության հիման վրա փորձում է կայանալ»,- իր դեմ սկսված արշավը բացատրեց դպրոցի նախկին տնօրենը։ Վերադառնալով չարաշահումների վերաբերյալ մեղադրանքին՝ Լուսինե Կարապետյանը նաեւ հիշեցրեց․ «Ես երեք տարին մեկ անցել եմ մարզային աուդիտ, եթե չարաշահում կար, թող գտնեին։ Բացի դրանից, դպրոցը հանձնելիս ես իրենց թողել եմ 14.5 միլիոն դրամական միջոցներ, որից իրենք աշխատավարձ չեն վճարել, կոմունալ ծախսերն են փակել եւ 80 տոկոսով դպրոցի աշխատակիցներին պրեմիա են վճարել։ Ամբողջ գույքն իր տեղում է, հիմնական միջոցներն իրենց տեղում են, եւ ես ուզում եմ տեսնել, թե որտեղ են էդ չարաշահումները»։

Դպրոցի նոր տնօրեն Աննա Բալյանն էլ դժվարացավ որեւէ չարաշահում մատնանշել, որ կատարվել է նախկին տնօրենի կողմից՝ նշելով, որ ինքը երբ եկել է դպրոց, որեւէ չարաշահում չի հայտնաբերել եւ վերոնշյալ չարաշահումների մասին էլ տեղեկացել է մամուլում տարածված հաղորդագրությունից։ Ինչ վերաբերում է այն կասկածներին, որ անանուն բողոքի հեղինակն ինքն է, Բալյանն ասաց․ «Ոչ, բացառված է, եթե ես ինչ-որ մեկին ինչ-որ բան գրելու լինեի, առանց անանունի կգրեի։ Դա իմ անձի հետ ընդհանրապես կապ չունեի, դա զրպարտություն է իմ անձի նկատմամբ»։ Իսկ ինքն ի՞նչ վիճակում է ստանձնել դպրոցի կառավարումը, արդյոք այնտեղ չարաշահումներ հայտնաբերե՞լ է, կամ կուտակված պարտքեր ունեցե՞լ է դպրոցը, Բալյանն ասաց․ «Չէ, չէ, դպրոցի հետ կապված՝ ես ոչինչ չեմ հայտնաբերել։ Ես դպրոցի խորհրդին դիմել եմ, քանի որ հաշվապահը մինչեւ իմ պաշտոնավարումն արդեն հեռացել էր, որի իրավունքն ինքը չուներ, գոնե պետք է տարին փակեր՝ նոր, ես խորհրդին դիմել եմ, որ համաձայնություն ստանամ եւ աուդիտ անցկացնեմ, արտաքին աուդիտ։ Ու խորհուրդը վեց «կողմ», մեկ «ձեռնպահ» ձայներով հավանության է արժանացրել իմ առաջարկը։ Հիմա դպրոցում գնում է աուդիտ, ես անձամբ ոչ մի ֆինանսական բան դեռ ո՛չ հայտնաբերել եմ, ո՛չ էլ տեղյակ եմ»։ 

Դիտարկմանը, թե Լուսինե Կարապետյանն ասում է՝ ինքը դպրոցին 14 մլն դրամի ավել գումար է թողել, նոր տնօրենն արձագանքեց․ «Կներեք, իրա սեփական գրպանի պարունակությո՞ւնն է թողել։ Դա պետական բյուջեն է։ Նույն ձեւի ամեն տարվա վերջում է էդքան մնացել, ինքը ոնց ցանկացել, տնօրինել է, կներեք, էլի»։ Այսինքն՝ չարաշահե՞լ է տնօրենը։ «Չէ, չէ, ես չեմ կարող երբեւիցե տենց բան ասեմ, ես ո՞վ եմ, որ տենց բան ասեմ, ես ոչ մի չարաշահում իր անձի, իր գործունեության մասին չեմ կարող ասել։ Իսկ թե գործն ինչպես է հարուցվել, ես դա էլ չեմ կարող պատասխանել, որովհետեւ ես դրանից ընդհանրապես տեղյակ չեմ»։

Անդրադառնալով ֆեյսբուքյան նամակագրությանը, որ ինքն ասել է, թե տեսել է հրամանները, տեղյակ է եւ այլն, Աննա Բալյանը դա այսպես բացատրեց․ «Դա Ֆեյսբուքում չկա, դա ես անձնական եմ գրել, դա Ֆեյսբուքում չէ։ Անձնականն ու Ֆեյսբուքը մի քիչ տարբեր են։ Բնականաբար, եթե ես տրամադրել եմ այդ տեղեկատվությունը ոստիկանությանը, իմ աչքը տեսել է։ Ու քանի որ Ռուսաստանում գտնվող նախկին փոխտնօրենն ինքը փորձում էր դպրոցի էջին վատ բաներ գրեր՝ ոչ ճիշտ ինֆորմացիա, ես ընդամենն իրեն անձնական նամակով գրել եմ՝ թող ոչ մեկը չշահարկի։

Որովհետեւ ես եմ տվել էդ փաստաթուղթը։ Կներեք, եթե պաշտոնական տվել եմ, որ իր աղջիկն աշխատել է, որ ուսանող ժամանակ Բժշկական համալսարանում․․․ ես չգիտեմ, էլի, Դուք կարող է մի քիչ Բժշկական համալսարանից հեռու եք, բայց իմ տղան Բժշկական համալսարանում է սովորում, ու պատկերացնում եմ․․․ ժամը հիմա քանի՞սն է, հլը տուն չի եկել, ինքը ո՞նց ա կարողացել աշխատի նաեւ որպես լաբորանտ, երբ որ դպրոցում էդ ժամին արդեն աշակերտ չկա»։ Ինչ վերաբերում է անձնական թշնամանքին, Աննա Բալյանը հիշեցրեց հայտնի ժողովրդական խոսքը՝ սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում։ «Ես երեք օր է՝ կրթության տեսչությունում եմ եղել նախկին տնօրենի բողոքի հիման վրա, 17 կետով ինքն իմ վրա բողոք է ներկայացրել։ Կներեք, ո՞վ ունի վրեժի․․․ սենց ասեմ՝ ո՞վ ա ուզում էս ամեն ինչը շարունակի, բնականաբար, նախկին տնօրենը»,- ասաց դպրոցի տնօրենը։