Հին արհմիությունները հնարավոր չէ նորացնել,  պետք է  զրոյից նոր արհմիություններ ձեւավորել 

Հին արհմիությունները հնարավոր չէ նորացնել,  պետք է  զրոյից նոր արհմիություններ ձեւավորել 

Հատկապես Մայիսի 1-ին, Աշխատանքի օրվա առթիվ են շատերը հիշում, թե քանի տարեկանում են ստացել իրենց առաջին աշխատավարձը, ինչպես են ծախսել։ Այդ մասին տարբեր գրառումների կարելի է հանդիպել Մայիսի 1-ին, սոցիալական ցանցերում։ Այդ օրն են նաեւ մարդիկ հիշում, որ Հայաստանում պաշտպանված չեն աշխատողների իրավունքները, նրանց հաճախ շահագործում են ոչ համարժեք աշխատավարձի դիմաց։ 

Իրավական, օրենսդրական եւ այլ ի՞նչ մեխանիզմներ են պետք, որպեսզի աշխատողները պաշտպանված լինեն գործատուների կամայականություններից։ 
Մշակութային մարդաբան Աղասի Թադեւոսյանը այս խնդրի իրավական եւ օրենսդրական կողմին խուսափեց անդրադառնալ՝ նշելով, որ ինքը կոմպետենտ չէ։ 
«Որպես սոցիալական ոլորտն ուսումնասիրող մասնագետ՝ կարող եմ փաստել, որ իմ հետազոտական փորձի ընթացքում առնչվել եմ աշխատող մարդկանց անպաշտպանության խնդրին, եւ այդ խնդիրը Հայաստանում ունի լուծման կարիք։ Հայաստանում բոլոր իշխանությունների օրոք, հատկապես Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք, երբ երկիրն արդեն դուրս էր եկել տնտեսական ճգնաժամից, աշխատող մարդկանց  իրավունքների պաշտպանության խնդիրներն անտեսվեցին։ Եվ այդ շրջանում ձեւավորվեց կառուցվածքային աղքատություն։ Կառուցվածքային աղքատության հիմնական բնութագրիչներից մեկը իրավական անհավասարությունն էր։ Դա վերաբերում էր այն մարդկանց, որոնք շատ էին աշխատում, սակայն քիչ էին վաստակում, այսինքն՝ շահագործվում էին գործատուների կողմից։ Հայաստանում մինչեւ այսօր էլ գործատուների կողմից աշխատողների շահագործման երեւույթը չափազանց գերիշխող է։ Մասնավոր հատվածի աշխատողների աշխատանքը շատ ոլորտներում գերազանցում է ութժամյա աշխատանքային օրը, եւ մարդիկ դրա համար հավելյալ չեն վճարվում։ Համարվում է, որ աշխատողը դա պետք է հանդուրժի, հակառակ դեպքում՝ նա խոցելի է, պաշտպանված չէ, եւ նրան պարզապես կարող են շպրտել փողոց։ Շատ գործատուներ կա՛մ պայմանագիր չեն կնքում աշխատողների հետ, կա՛մ կնքում են պայմանագիր՝ մի հիմքով, սակայն վճարում են այլ հիմունքներով։ Աշխատանքային հարաբերությունները լինում են ստվերում, եւ դրանք ոչ միայն օրենսդրական տեսանկյունից ունեն կարգավորման խնդիր, այլեւ կարիք ունեն գործատուների հանդեպ  վերահսկողական մեխանիզմների»,- նշեց Աղասի Թադեւոսյանը։ 

Մշակութային մարդաբանը հիշում է, որ վերահսկողական մեխանիզմներ իրականացնող կառույցներից  ամենակարեւորը արհմիություններն են, սակայն այստեղ մենք նույնպես ունենք պրոբլեմ։ Նա հիշեցնում է, որ արհմիություն հասկացությունը խորհրդային ժամանակաշրջանում բոլորովին այլ իմաստ ուներ։ Այն զբաղվում էր ոչ թե մարդկանց իրավունքների պաշտպանությամբ, այլ՝ աշխատավորների հանգստի եւ ժամանցի կազմակերպմանն ուղղված կառույց էր։ Խորհրդային Միության փլուզումից հետո արհմիությունների նորացում, ըստ մեր զրուցակցի, տեղի չունեցավ։ 
Աղասի Թադեւոսյանի կարծիքով՝ պետք է խրախուսվի արհմիությունների ձեւավորումը։ 

«Նախկին խորհրդային շրջանի արհմիությունները հնարավոր չէ բարեփոխել, դրանք պետք է կազմալուծել։ Նախկին արհմիություններում հիմնականում  սովետական մտածողության մարդիկ են, եւ հնարավոր չէ, որ նրանք արհմիության մասին այլ պատկերացում ունենան։ Պետք է օրենք ընդունվի, որ ԽՍՀՄ-ից մնացած արհմիությունները լուծարվեն, եւ շահագրգիռ, գիտակից մարդիկ պետք է սկսեն զրոյից նոր արհմիություններ ձեւավորել։ Մյուս կարեւոր խնդիրը նվազագույն աշխատավարձն է, ինչը հնարավորություն է տալիս գործատուներին շահագործել մարդկանց եւ վճարել քիչ։ Այսօրվա ԱԺ-ում ներկայացված հեղափոխականները, կարծում եմ, որ պետք է ախտորոշման ենթարկեն գործող օրենքները, հրավիրել ոլորտի մասնագետների, ստեղծել հանձնաժողովներ եւ գտնել օրենքների բաց կողմերը։ Անհրաժեշտության դեպքում նրանք կարող են իրականացնել օրենսդրական բարեփոխումներ։ Եվ երկրորդը՝ պետականորեն պետք է  ստեղծվի բարենպաստ միջավայր արհմիությունների կայացման համար, որպեսզի դրանք իրավական մեխանիզմների միջոցով  հետեւեն գործատուներին։ Եվ այդ դեպքում էլ նրանք արհմիությունների հետ հարաբերությունները կկառուցեն իրավական դաշտերում»,- կարծում է Աղասի Թադեւոսյանը։