Մեկնարկում է ՀՅԴ ընդհանուր ժողովը․ի՞նչ հարցեր են օրակարգում

Մեկնարկում է ՀՅԴ ընդհանուր ժողովը․ի՞նչ հարցեր են օրակարգում

Վաղը՝ հունվարի 15-ին մեկնարկում է Հայ Յեղափոխական դաշնակցության ընդհանուր ժողովը, որը որոպես կանոն տևում է շուրջ 1 շաբաթ։ ՀՅԴ վերջին ընդհանուր ժողովը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 6-ից 14-ը։ Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, պատասխանելով «Հրապարակի» հարցին, թե ի՞նչ օրակարգային հարցեր են քննարկվելու այս անգամ, պատասխանեց․

«Օրակարգը շատ մեծ է։ Ռազմավարական նշանակության հարցերի ամբողջականությունը քննարկման ենթակա է կուսակցության կողմից՝ նկատի ունենալով կուսակցության գործունեությունը բոլոր տարածաշրջաններում, ինչպես նաև Հայաստանում»։

Հարցրինք, թե բյուրոյի ներկայացուցչի փոփոխության հարց կա՞ օրակարգում, քանի որ ՀՅԴ նոր բյուրո պետք է ընտրվի ժողովի կողմից։ Այժմ ՀՅԴ բյուրոն ներկայացնում է Հրանտ Մարգարյանը, ով, ըստ խոսակցությունների, այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չէ վարչապետ Փաշինյանի հետ։ Այս հարցին Համբարձումյանը պատասխանեց․

«Ընդհանուր ժողովը քննարկում է կուսակցության ռազմավարական մոտեցումները տարբեր հարցերի հետ կապված քառամյա ժամանակահատվածի կտրվածքով, և միաժամանակ Ընդհանուր ժողովի ժամանակ ընտրվում է Բյուրոյի նոր կազմ, թե ինչպիսի կազմ կլինի, ապա դա բացառապես ժողովի իրավասության շրջանակներում է»։

Իսկ այն հարցին, թե այս անգամ որտեղ է լինելու ընդհանուր ժողովը, Համբարձումյանը պատասխանեց՝ հայրենիքում՝ այդպես էլ չմանարամասնելով, թե կոնկրետ որտեղ։ Նշենք, որ նախորդ անգամ այն անցկացվել է Դիլիջանում, իսկ մինչ այդ՝ 2000 թվականից սկսած, 4 անգամ Ծաղկաձորում։ Պարզ չէ, թե ինչու են ժողովի տեղն անգամ գաղտնի պահում ՀՅԴ-ականները։ Գուցե տեռակտի կամ բողոքի ակցիաների վա՞խ ունեն։ Հիշեցնենք նաեւ, որ որպես կանոն, ՀՅԴ ժողովները փակ-գաղտնի ձեւաչափով են ընթանում եւ լրագրողների ներկայությունն արգելված է։