116 օր հացադուլ անող Վահե Մելոյանի հարազատները հուսահատության մեջ են

116 օր հացադուլ անող Վահե Մելոյանի հարազատները հուսահատության մեջ են

Ավազակային հարձակման մեջ մեղադրվող Վահե Մելոյանի հարազատները հուսահատության մեջ են։ Երեկ նրանք այցելել են դատապարտյալների հիվանդանոցում գտնվող Վահեին, և նրա մայրը պատմելիս անընդհատ արտասվում էր։ «Երանի ոտքս կոտրեր, չգնայի․․․ որովհետև վիճակն ահավոր ծանր էր, կալյասկի վրա բերեցին, քայլել չէր կարողանում, դե որ 104 կիլոյից մարդը դառնա 50 կիլո։ Չես պատկերացնում, թե վիճակն ինչ վիճակ էր, ոնց որ պուճուր էրեխուն գրկեն, դնեն կալյասկայի մեջ»,-ասաց Վերա Մաթոսյանը։ Նա ասում է․ «Խնդրում ենք՝ շատ ենք խնդրում, չի դադարացնում։ Սենց մոլորել ենք, մնացել ենք։ Մեր տունն էս պահին ոնց որ մեռլատուն լինի։ Ախր մարդու կյանքը մի կոպեկ չարժի՞, թողեք տուն գա։ Էն մի բանտարկյալը չմահացա՞վ»։ Վահեի մորը հիվանդանոցի գլխավոր բժիշկն ասել է, որ «տղայիդ 5-10 օրվա կյանք է մնացել»։

Վահեի հաջորդ դատը նշանակված է հունվարի 14-ին, մայրն արտասվելով ասում է, որ որդին այդքան չի ապրի։ «Այ մեռնեմ քեզ, նա այդքան կարա՞ դիմանա»,-ասաց մայրը, ով ամփոփելով՝ ասաց․ «Աստված ոչ անի, մի բան լինի, ամբողջ իրավապահ համակարգի վրա է լինելու մեղքը։ Մեղքն իրենց վիզը»։

Նա մի քանի անգամ դիմել է վարչապետին, ամեն անգամ պատասխան է ստացել, որ գործը գտնվում է իրավական հարթության մեջ։ 

Կինն էլ՝ Նվարդը, պատմում է, որ Վահեն ասել է՝ «կամ այստեղից իմ դիակը կտանեն, կամ ես կգնամ իմ տուն։ Ուրիշ ձև հնարավոր չէ»։

Հիշեցնենք, որ Վահեն մեղադրվում է ավազակային հարձակման մեջ, նրա դեմ ցուցմունք է տվել ընկերը, հետո այն հետ վերցրել։ Կինը պատմում է, որ անցկացվել են մի շարք փորձաքննություներ, ամեն ինչ «մաքուր է»։

Վահեն ու կինը մի քանի ամսվա ամուսնացած էին, երբ նրան առաջադրվել է մեղադրանքը, և կինն այս ընթացքում կորցրել է երեխային։