Իսկ գուցե պետք է հե՞տ դառնալ

Իսկ գուցե պետք է հե՞տ դառնալ

Վերադարձ անցյալին չկա: Այս մասին առաջինը հայտարարեց Դաշնակցությունը, երբ տակավին պորտֆելներ էլ չուներ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում: Այդ հայտարարությունը մի կողմից արժեւորում էր իշխանափոխության հանգեցրած ժողովրդական շարժումը, մյուս կողմից էլ հանդարտեցնում խիստ հեղափոխական տրամադրությունները, որոնք ստեպ-ստեպ գլուխ էին բարձրացնում նորաթուխ իշխանական շրջանակներում` որպես հետեւանք «հակահեղափոխականության» հանդեպ ունեցած «վախերի»:

Դժվար է ասել` Փաշինյանը հասկացա՞վ, արդյոք, այդ հայտարարության արժեքը, թե՞ դա համարեց իր հանճարի գնահատում, բայց փաստ է, որ 2018թ. հոկտեմբերի 2-ին Փաշինյանի նյարդերը տեղի տվեցին, եւ նա ընկավ դավադրությունների տեսության հորձանուտը, որտեղից մինչ օրս դժվարանում է դուրս գալ:

Այսօր ամեն ինչ, որ տեղի է ունենում «Իմ քայլից», «Քաղպայմանագրից» եւ կառավարական շենքերից դուրս, Փաշինյանի աչքին հակահեղափոխություն է երեւում, «սեւերի» դավադրություն եւ անգամ՝ դավաճանություն, երբ այն կապված է Արցախի խնդրի ու արտաքին քաղաքականության հետ: Փաշինյանի կասկածամիտ տեսիլքները հերթական անգամ գլուխ բարձրացրին Ռոբերտ Քոչարյանի դատավարության առիթով, երբ դատարանը փոխեց վերջինիս խափանման միջոցը` հաշվի առնելով Արցախի Հանրապետության նախագահների երաշխավորությունը: Արժե՞ նորից հիշեցնել, թե ինչ արտառոց կոչ արեց Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ, ու ինչպես իշխանական ակտիվիստների, ԱԺ մի խումբ իմքայլական պատգամավորների, կառավարության առանձին անդամների ու անձամբ Փաշինյանի կողմից արգելափակվեցին դատարանները: Վարչապետական այդ ակցիան ընկալում չունեցավ ոչ միայն միջազգային ատյաններում, այլեւ մեր ժողովրդի լայն խավերի շրջանում, որոնց մինչ այդ թվում էր, թե ապրում են իրավական պետության մեջ, իսկ Փաշինյանն էլ եկել է այդ պետության հիմքերն ամրապնդելու, արդարությունը վերականգնելու եւ օրենքի առաջ բոլորի հավասարությունն ապահովելու: Վարչապետական այդ ակցիային այլ բնութագրումներ չտալու համար, ասենք միայն, որ տեղի ունեցավ Սահմանադրության կոպտագույն ոտնահարում, իսկ դատարաններն ու դատավորները եւս մեկ անգամ «ծանուցվեցին», որ հետհեղափոխական Հայաստանում չի կարող լինել մի դատարան ու դատավոր, որ «համարձակվի վարչապետի ասածը չանել» եւ «հակահեղափոխական վճիռներ» կայացնել:

Այսօր էլ ստեպ-ստեպ հայտարարվում է, որ վերադարձ անցյալին չի լինելու, որ դա հետընթաց կլինի: Հանրության շրջանում մեծ ընկալում գտած այս հայտարարությունն այսօր հոլովում են շատ այլ գործիչներ, խմբագիրներ, ԶԼՄ-ներ, վերլուծաբաններ։ Պատճառը հասկանալի է: Հայաստանն իրավունք չունի հետ նայելու: 

Բայց ՀՀ իշխանությունները «անցյալին վերադարձ չկա» արտահայտությունն այսօր ընկալում են որպես իրենց վարած քաղաքականության դրվատանք, որպես իրենց անսխալականության, իրենց անփոխարինելիության խոստովանություն: Մինչդեռ, երբ ասվում է` վերադարձ անցյալին չկա, դա դեռ չի նշանակում, որ նորերը, քանի որ նոր են, կարող են ամեն ինչ անել, ընդհուպ կրկնել անցյալի սխալները, նմանվել նախկին իշխանություններին: Այսօր արդեն փաստ է, որ նախկին իշխանությունները շատ ավելի շրջահայաց էին իրենց հասցեին հնչող քննադատություններն ընդունել-չընդունելու հարցերում, քան նորերը: Շատ է խոսվել նաեւ այն մասին, որ Սերժ Սարգսյանն իր ձեռքում էր կենտրոնացրել ողջ իշխանությունը: Ներողություն, իհարկե, բայց ինչո՞վ է նրանից հետ մնում Նիկոլ Փաշինյանը: 

Իսկ գուցե Փաշինյանն անձա՞մբ չի հավատում, որ անցյալին վերադարձ չկա: Նրա կասկածամտությունը, ամեն ինչում հակահեղափոխականություն եւ դավադրություն տեսնելը, մեղմ ասած, նրան լավագույն կողմերով չեն բնութագրում: Այդ վարքագիծը հատուկ չէ եւ ոչ մի ուժեղ ղեկավարի: Փաշինյանի կասկածամտությունն անցնում է նաեւ իր թիմին ու համակիրներին, որոնք իրենց հերթին ամեն ինչ անում են Փաշինյանի կառավարության անհաջողություններն ու ձախողումները հետհեղափոխական դժվարություններով ու հակահեղափոխականների գործունեությամբ արդարացնելու համար: Բայց ո՞ւմ համար է գաղտնիք, որ իշխող ուժն այսօր ամբողջությամբ տիրապետում է Ազգային ժողովը, վերահսկում է ուժային կառույցները, իր քմահաճույքները պարտադրում ՀՀ նախագահին եւ, վերջապես, ՀՀ կառավարությունում ունի 100 տոկոսանոց մենաշնորհ: Կասեի` մնում է աշխատեն: Իսկ նրանք ի վիճակի՞ են աշխատելու: Ավելի հեշտ չէ՞ սուտ խոստումներ տալ եւ հետո, այդ խոստումները չիրականացնելով, շոուներ սարքել, մեղավորներ փնտրել, ասֆալտին փռել, պատերին տալ, չլսված ու չտեսնված արդարադատություն մոգոնել, թե եղածն իրենց չի բավարարում` հեղափոխությունն առաջ տանելու: 

Այսպես շարունակվելու դեպքում Փաշինյանի առջեւ անխուսափելիորեն հարց է դրվելու` իսկ գուցե, այնուամենայնիվ, պե՞տք է վերադառնալ անցյալին: Այլապես ի՞նչ անել, երբ նոր իշխանությունները ոչինչ չեն անում, երբ այդ իշխանությունների պատճառով երկիրը կայուն հետընթաց է ապրում, կյանքը թանկանում է, քաղաքացին՝ աղքատանում, հասարակության սոցիալական խնդիրները մնում են բարձիթողի, ընդունվում են օրենքներ, որոնց կենսունակությունն ընդհանրապես կասկածելի է, երբ ներդրումներ չկան, իսկ աշխատատեղերը կրճատվում են, ու առավել առարկայական է դառնում արտագաղթի` այս անգամ արդեն հետհեղափոխական ալիքի ուրվականը: 

Եղբայր, եթե սխալ է ընտրված ճանապարհը, ինչ-որ պահի պետք է հետ դառնալ, որպեսզի չհայտնվես անդունդում: Հասկացանք` հեղափոխություն ենք արել: Հետո՞…