Վտանգավոր, անկանխատեսելի Հայաստան

Վտանգավոր, անկանխատեսելի Հայաստան

Հարցազրույց ԱԺ նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր խմբի» ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանի հետ։

- Հեղափոխության 2-րդ փուլի մեկնարկը տրված է։ Ըստ Ձեզ, որո՞նք են այս փուլի հիմնական բնութագրական առանձնահատկությունները։

- Թեեւ շատերը թերահավատորեն են այս ձեւակերպմանը վերաբերվում, իմ կարծիքով՝ վատ ձեւակերպում չէ, համենայնդեպս՝ անկեղծ է։ Իսկապես, կարիք կա հասկանալու փուլերի տրամաբանությունը։ Առաջին փուլն իշխանությունը վերցնելն էր։ Դա արվեց հարյուր տոկոսանոց հաջողությամբ։ Եթե նույնիսկ ընդունելի չէին մեթոդները՝ հապշտապ ընտրություններ, կեղծ թիրախներ, ներքին թշնամանք, թատերականացված պոռթկումներ եւ այլն, դրանից փաստը չի տուժում՝ այսօր կա մեկ հոգու իշխանություն։ 

2-րդ փուլի համար խնդիր է դրվում՝ պահել այդ իշխանությունը։ Հիմա թիրախը լինելու են դատարանները, նպատակը՝ լիակատար վերահսկելի դատական համակարգ ունենալը։ Կանխատեսելի է, որ 2-րդ փուլի երկրորդ սերիայում սկսվելու են ճնշումները փաստաբանական համայնքի վրա։ Սահակաշվիլու օրինակը դա է ցույց տալիս։ Փաստաբանական համայնքը միշտ պրոբլեմ է կամակատար դատական համակարգի համար, եւ այդ պրոբլեմը երկրի քաղաքական իշխանությունը փորձելու է լուծել։ Սա՛ է կոնկրետ եւ շատ ռացիոնալ նպատակը, որից հետո, կարծում եմ, կսկսեն կյանքի կոչվել մնացած գաղափարները՝ անցումային արդարադատություն, ունեզրկում, սեփականության վերաբաշխում եւ այլն։ Ինչպես նաեւ պետական համակարգում կճնշվի ինքնուրույնության որեւէ դրսեւորում։ Հասկանալի է, որ այս ամենը երկրում ձեւավորելու է բավականին վատ մթնոլորտ, եւ հաշվարկել, թե դրանից հետո ինչ իրականություն ենք ունենալու, այսօր չափազանց դժվար է։

- Կարելի՞ է ենթադրել, որ կլինի նաեւ հեղափոխության 3-րդ կամ նույնիսկ 4-րդ փուլ։

- Տրամաբանորեն՝ այո, եւ 3-րդ փուլի էությունը լինելու է վերահսկելի մամուլ, վերահսկելի քաղաքական դաշտ ունենալը։ Եթե կա միահեծան իշխանության հնարավորություն, միաձայն ԱԺ, վերահսկելի դատական համակարգ, ապա պետք է չեզոքացնել այլ կողմերի պոտենցիալ վտանգները։ 

- Ըստ Ձեզ, սրանք անխուսափելի՞ սցենարներ են։

- Վերջին տարիներին աշխարհում շատ պոպուլյար է Նասիմ Թալեբի «Սեւ կարապի» տեսությունը։ Դա պատահականության գործոնի, ռացիոնալ հաշվարկների չտրվող գործոնների մասին է։ Այս առումով ես պնդում եմ, որ այսօր շատ դժվար է, գրեթե անհնար է հաշվարկել, թե ինչ իրականություն է լինելու Հայաստանում մեկ տարի անց, նույնիսկ վեց ամիս անց։ Երկրի ներսում եւ երկրի շուրջ զարգացումները շատ անկանխատեսելի են։

Այլ հարց է, որ Հայաստանում դրանց լուրջ կամ բավարար գրագիտությամբ չեն վերաբերվում, բայց դրանից խնդրի արժեքը չի փոխվում, եւ չեն փոխվում ռիսկերը։ Ոչ ոք այսօր լուրջ չի քննարկում այն հանգամանքը, որը հաջորդ տարի մենք արտաքին պարտքի սպասարկման համար ահռելի գումարներ ենք վճարելու, Հայաստանում բավարար լրջությամբ չեն մոտենում ադրբեջանական ագրեսիայի վտանգին, մենք լուրջ չենք վերաբերվում մեր հասարակության մեջ սերմանված ներքին թշնամանքի վտանգին, թեթեւ ձեռքով նախագծված պառակտմանը եւ այլն։ Այս՝ բավարար չափով չգնահատվող մարտահրավերների ցանկը կարելի է երկար շարունակել։ Դրանցից յուրաքանչյուրն ի զորու է փոխել այսօր գծագրվող ցանկացած սցենար։

Ի վերջո՝ նախկին իշխանությունն էլ, չէ՞, ուներ իր սցենարները, բայց դրանք ամբողջովին չեղարկվեցին։ Այս ամենը վկայում է, որ Հայաստանում այսօր անկանխատեսելիության գործոնը չափազանց ծանրակշիռ է։ Բայց ինքը՝ անկանխատեսելիությունը, նույնպես լուրջ մարտահրավեր է։ Շատ ավելի ճիշտ կլիներ, որ մենք կարողանայինք լինել այնքան հասուն, որ գիտակցված քայլերով ստեղծեինք ուժեղ դիմադրողականությամբ պետական, քաղաքական համակարգ։ Ձեւավորեինք ներքին համերաշխությամբ հասարակություն եւ արտաքին եւ ներքին ռիսկերը գնահատող եւ մեզ խոշոր սխալներից հետ պահող ինստիտուտներ։ Դրա համար շատ բան պետք չէ՝ իշխանությունը պետք է դադարեցնի «հեղափոխությունը» եւ ուղղակի սկսի աշխատել, իսկ իշխանությունից դուրս գտնվող անհատներն ու շրջանակները դադարեն միայն Փաշինյան քննարկելը եւ ձեւավորեն նոր ուժեր, բեւեռներ, որոնք քաղաքական հարաբերությունների եւ քաղաքական լրջության լրիվ նոր որակներ կներդնեն Հայաստանում։

Գրիգոր ԱՂԱԲԵԿՅԱՆ