Դուգինը բացահայտում է ՌԴ-ի հետ ճիշտ հարաբերություններ կառուցելու սկզբունքը

Դուգինը բացահայտում է ՌԴ-ի հետ ճիշտ հարաբերություններ կառուցելու սկզբունքը

Հարավային Կովկասում Ռուսաստանը ներկայում, ինչպեսեւ խորհրդային շրջանում, ունի բավականին լուրջ խնդիրներ։ Պատճառը, ըստ ռուս փորձագետների, նախկին խորհրդային տարածքում Ռուսաստանի կողմից հստակ ռազմավարություն չունենալն է։ Ու նաեւ՝ չամրագրելը, թե իր հետ ճիշտ հարաբերություններ կառուցելիս ինչ սկզբունքներ պետք է անխախտ կերպով պահպանվեն։ Դա կապված է նաեւ հենց Ռուսաստանում տեղի ունեցող քաղաքական այն պրոցեսների հետ, որոնք առնչվում են աշխարհաքաղաքականության եւ արտաքին քաղաքականության հետ։ Եթե փորձենք համառոտ բնութագրել, ապա վերջին 30 տարում Ռուսաստանը միաժամանակ երեք «ճակատներով» է «կռվել»։ 

• Ձգտել է ինտեգրվել արեւմտակենտրոն գլոբալ աշխարհին՝ սկզբում ցանկացած պայմանների գնով, ապա՝ Պուտինի օրոք, անկախության պահպանման պայմանով: 

• Ամրացրել է սեփական ինքնիշխանությունը ե՛ւ Արեւմուտքի, ե՛ւ հարեւանների առաջ։ 

• Փորձել է առաջատարի դերակատարում ունենալ հետսովետական կամ կայսրական տարածքում, նպաստել՝ թեկուզեւ չհամակարգված կերպով, եվրասիական ինտեգրացիային։ 

Այս երեք «ճակատները» Ռուսաստանն այս կամ այն կողմ են տարել, որոնք հաճախ միմյանց բացառող բնույթ են ունեցել։ Արդյունքում, Ռուսաստանը հայտնվել է այնտեղ, որտեղ էր ռուս-ուկրաինական հակամարտության մեկնարկից առաջ․ Արեւմուտքի հետ՝ հանուն հետսովետական տարածքում դիրքերի պահպանման, ուղիղ առճակատման վիճակում։ Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը, օրինակ, կարծում է, որ Ռուսաստանի կողմից բավականին զգալի սխալ է եղել այն, որ ուկրաինական հակամարտության ներկայիս թեժ փուլը սկսելուց առաջ Մոսկվան չի հայտարարել, որ պատերազմելու է այնքան, որքան կպահանջվի, մինչեւ որ Ուկրաինայի ներկայիս վարչակարգն իշխանությունից հեռացվի ամբողջապես, եւ Ուկրաինայում հաստատվի ռուսական ամբողջական ռազմաքաղաքական ղեկավարություն։ Նման վճռական հայտարարությունը, ըստ նրա, բավականին լուրջ ազդեցություն կունենար հետսովետական տարբեր մայրաքաղաքներում եւ շատ հարցերում հստակություն կմտցներ։ Մասնավորապես՝ կհստակեցվեր, որ Ռուսաստանը հետսովետական տարածքում հակառուսական վարչակարգեր չի հանդուրժելու, եւ նման որեւէ դրսեւորում տվյալ վարչակարգի համար կարող է քաղաքական կենսագրության ավարտ կամ կործանում նշանակել։ Այս դեպքում, ըստ Դուգինի, բոլորը կհասկանային, թե «ինչն ինչոց» է, եւ Մոսկվայի հետ կսկսեին ճիշտ հարաբերություններ կառուցել՝ պատկերացնելով այն «կարմիր գծերը», որոնց հատումը Ռուսաստանը չի հանդուրժի։ 

Մյուս կողմից, ինչպես ցույց է տվել փորձը, հետսովետական տարածքում երկրներն իրենց տարածքային ամբողջականությունը երաշխավորված կերպով պահպանել են միայն այն դեպքում, երբ Ռուսաստանի հետ ունեցել են դրական կամ չեզոք հարաբերություններ։ Յուրաքանչյուր փորձ՝ ուղիղ անցում կատարել հակառակ՝ արեւմտյան ճամբար, ցանկացած հետսովետական երկրի համար առաջացրել է տարածքային ամբողջականությունը հարվածի տակ դնելու խնդիր։ 

90-ականներին, օրինակ, Ադրբեջանում, երբ դեռ Հեյդար Ալիեւն իշխանության չէր եկել, եւ Բաքվում իշխում էր, ժամանակակից եզրաբանությամբ՝ հակառուսական-գլոբալիստական Ժողովրդական ճակատը, Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանից անցավ Հայաստանի վերահսկողությանը, Հարավային Օսիան եւ Աբխազիան դուրս եկան Վրաստանի վերահսկողությունից` ի պատասխան Սահակաշվիլու հակառուսականության, Կիեւն էլ կորցրեց Դոնբասը, Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերը` ի պատասխան հակառուսական «խաղերի»։ Իսկ ահա, երբ Հայաստանը, ըստ Դուգինի, Փաշինյանի օրոք սկսեց «խաղեր տալ» Արեւմուտքի հետ, իսկ Իլհամ Ալիեւն Ադրբեջանում բավականին ճարպիկ ու ճկուն կերպով սկսեց հարաբերություններ կառուցել Մոսկվայի հետ, Լեռնային Ղարաբաղը Հայաստանի վերահսկողությունից դուրս եկավ եւ անցավ Ադրբեջանի վերահսկողությանը։ Դուգինը եզրակացնում է, որ այս փորձը բավական է, որպեսզի հետսովետական մայրաքաղաքներում ճիշտ եզրակացություններ անեն ու հասկանան, որ եվրասիական տարածքում Արեւմուտքը գուցեեւ կարող է դրամական հոսքեր ապահովել, սակայն տարածքային ամբողջականություն երաշխավորել չի կարող։