Իսրայելն ուզում է Գազայում կրկնել Արցախի ոչնչացումը՝ ավելի վայրագ ու հակամարդկային մեթոդներով

Իսրայելն ուզում է Գազայում կրկնել Արցախի ոչնչացումը՝ ավելի վայրագ ու հակամարդկային մեթոդներով

Արցախն Ադրբեջանի կողմից հայաթափվելուց ընդամենը երկու շաբաթ անց Ադրբեջանի դաշնակից եւ զենքի մատակարար Իսրայելը փորձում է նույնը կրկնել Գազայի հատվածում՝ ուղղակի ավելի վայրագ եւ հակամարդկային մեթոդներով:

Առիթը եւ պատճառաբանությունը նույնն է` պայքար ահաբեկիչների եւ ահաբեկչության դեմ: Ադրբեջանն էլ սեպտեմբերի 19-ին հայտարարեց, որ սկսում է հակաահաբեկչական գործողություն Արցախում, քանի որ ականի պայթյունից իբրեւ թե զոհվել էր ադրբեջանցի զինծառայող: Իսրայելի բանակը ոչնչացնում է Գազայի քաղաքներն ու գյուղերը, որովհետեւ ՀԱՄԱՍ-ի զինյալները ներթափանցել էին Իսրայելի տարածք եւ սպանել հարյուրավոր քաղաքացիական եւ զինվորական անձանց, հարյուրից ավելի մարդու գերեվարել: Եթե ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական կազմակերպություն է եւ չի թաքցնում, որ օգտագործում է պայքարի ահաբեկչական մեթոդներ, ապա Իսրայելը, ոչնչացնելով Պաղեստինի գյուղերն ու քաղաքները, վերածվում է ահաբեկչական պետության: Հիմնավորումները, թե Իսրայելի բանակը հարվածներ է հասցնում ՀԱՄԱՍ-ի ռազմական ճամբարներին կամ շտաբներին, ոչ մի կապ չունեն իրականության հետ: Տարածվող տեսաշարերը ցույց են տալիս, որ իսրայելական օդուժը մասսայական ռմբակոծության է ենթարկում բնակավայրերը՝ խտրականություն չդնելով թիրախների մեջ:

Ինչպես Ադրբեջանն էր 9 ամսից ավելի շրջափակել Արցախը՝ արգելափակելով սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումն Արցախ, զրկել գազամատակարարումից եւ մասսամբ՝ էլեկտրամատակարարումից, նույնկերպ Իսրայելն է շրջափակել Գազայի հատվածը՝ կտրելով անգամ ջրի մատակարարումը: Իսրայելի պաշտպանության նախարար Յոավա Գալանտն իր երկրի քաղաքականությունը հիմնավորել է հետեւյալ կերպ. «Չեն լինելու էլեկտրականություն, սնունդ, վառելիք. մենք պայքարում ենք մարդանման կենդանիների դեմ եւ կգործենք համապատասխանաբար»։ Ի տարբերություն Արցախի, որտեղ ապրում էր 100-120 հազար մարդ, Գազայի հատվածի բնակչության թիվն անցնում է 2 միլիոնից, ի տարբերություն Արցախի, որի գյուղատնտեսությունը կարող էր ապահովել արցախցիների սննդամթերքի պահանջի գոնե մի մասը, եւ ուներ ջրամատակարարման սեփական աղբյուրներ, անապատային Գազայի բնակիչներն առանց արտաքին մատակարարումների չեն կարող դիմանալ նույնիսկ մեկ ամիս: 

Կարող են ասել, որ ստեղծված իրավիճակի մեղավորը պաղեստինցիներն են, եւ նրանք էլ պետք է կրեն հետագա զարգացումների պատասխանատվությունը կամ, ինչպես ընդունված է ասել. «Իսրայելն ունի ինքնապաշտպանության իրավունք», իսկ պաղեստինցիները զրկված են ցանկացած իրավունքի իրացումից: Նախ՝ պաղեստինցիներն իրենք չեն սկսել` այս հակամարտությունը ձգվում է արդեն մեկ դարից ավելի, այն ժամանակներից սկսած, երբ հրեաները որոշեցին վերադառնալ Ավետյաց երկիր եւ վերստեղծել իրենց պետությունը: Սկզբում՝ փողով, իսկ 1948 թվականին Իսրայել պետության ստեղծումից հետո՝ զենքով եւ բռնությամբ հրեաները կտոր առ կտոր պոկել եւ իրենց պետությանն են միացրել պաղեստինցիներին պատկանող տարածքները: Մյուս կողմից, դժվար է հավատալ Իսրայելի պաշտոնյաների պնդումներին, թե պաղեստինցիների այս հարվածներն անակնկալ էին իրենց համար, եւ աշխարհի ամենալավ հետախուզություններից մեկի համբավն ունեցող իսրայելական հետախուզությունը տեղյակ չէր նախապատրաստվող հարձակումից: Եթե նույնիսկ համարենք, որ այն իսկապես անակնկալ էր, միեւնույն է` Իսրայելն այն առավելագույնս օգտագործելու է՝ երկու կարեւորագույն խնդիր լուծելու համար:

Առաջինը Գազայի հարցի վերջնական փակումն է: Կարծես թե Իսրայելը Գազայի հատվածի պաղեստինյան բնակչությանը մասամբ ոչնչացնելու, իսկ մնացածներին տեղահանելու եւ այն Իսրայելին միացնելու խնդիր է դրել: Հնարավոր է, որ շրջափակման, սովի եւ ծարավի, հումանիտար աղետի ու շարունակական ռմբակոծությունների արդյունքում Իսրայելը հասնի նրան, որ պաղեստինցիները, չունենալով այլ ելք, քան սովից ու ծարավից մեռնելը, դիմեն Եգիպտոսին՝ մարդասիրական միջանցք բացել եւ ընդունել նրանց, ովքեր կենդանի մնացած կլինեն Իսրայելի ռմբակոծություններից հետո: Նույնիսկ ամենադիմացկուն եւ պայքարի պատրաստ ժողովուրդներն ինչ-որ պահի կոտրվում են, Արցախն ու արցախցիները դրա վառ օրինակն են: Սովն ու ծարավը կարող են կոտրել ցանկացած հերոսի՝ առնվազն նրան սպանելով:

Հերթական տարածքի բռնազավթումից բացի, Իսրայելը լուծում է շատ ավելի կարեւոր խնդիր` իսրայելական հասարակությանը դուրս բերելով կոմֆորտի եւ հանդարտության զգացողությունից: Երբ առաջին հրեաները վերադառնում էին Պաղեստին եւ ստեղծում էին իրենց բնակավայրերը, ստիպված էին ամենօրյա դիմակայության մեջ մտնել արաբների հետ եւ անձամբ պատասխանատու լինել սեփական անվտանգության ու կյանքի իրավունքի համար: Ներկա իսրայելական հասարակությունն այդ իմաստով դեգրադացվել է՝ համարելով, որ իրենց տեխնոլոգիական առաջընթացն այնքան է հետ թողել մյուսներին եւ հատկապես պաղեստինցիներին, որ իրենց ստեղծած ռոբոտները եւ համակարգչային ծրագրերը կարող են ապահովել իրենց անվտանգությունը, իսկ իրենք կարող են հանգիստ վայելել կյանքի հաճույքները՝ որեւէ վախ չունենալով հետամնաց ու նախամարդու մակարդակում մնացած պաղեստինցիներից: ՀԱՄԱՍ-ի այս հարձակումը ցնցեց իսրայելական հասարակությանը՝ ցույց տալով, որ պետության եւ ազգի անվտանգությունը շարունակում է մնալ հարվածի տակ, եւ անվտանգությունն ու պաշտպանությունը յուրաքանչյուրի գործն են: Նույնիսկ Գազայի հատվածում պաղեստինյան ինքնության ոչնչացումը չի կարող բերել կատարյալ խաղաղություն եւ անվտանգություն, այլ հակառակը՝ մեծացնելու է լարվածությունը եւ մարտահրավերները, Իսրայելը շարունակելու է գտնվել թշնամական միջավայրում, եւ դրա համար յուրաքանչյուրը` զինվորականից մինչեւ քաղաքացիական, պետք է պատրաստ լինի՝ դիմակայելու այդ մարտահրավերներին: 

Սա ճիշտ հակառակն է այն քաղաքականության, ինչը վարում է Փաշինյանը, ով անվերջ քարոզում եւ իրականացնում է կոնֆրոնտացիայից զերծ մնալու, թշնամու բոլոր պահանջները բավարարելու քաղաքականություն: Եթե ինչ-որ թյուրիմացությամբ Փաշինյանը հայտնված լիներ Իսրայել պետության ղեկավարի պաշտոնում, վաղուց գնդակահարված կլիներ, ինչպես 1995 թվականին կրակելով սպանեցին Իսրայելի այդ ժամանակվա նախագահ Իցհակ Ռաբինին՝ միայն այն պատճառով, որ աջ ծայրահեղականները նրան մեղադրում էին «Օսլոյի համաձայնագիրը» ստորագրելու եւ այդպիսով Պաղեստինի ինքնավարությունը ճանաչելու համար: Ռաբինն ուզում էր խաղաղություն բերել իր ժողովրդին, ճանաչելով պաղեստինցիների` հրեաների կողքին ապրելու իրավունքը: Չնայած Իցհակ Ռաբինի հետ համեմատությունն այնքան էլ տեղին չէ, քանի որ նա 1967 թվականին տեղի ունեցած վեցօրյա պատերազմի հերոսն էր, քանի որ նրա հրամանատարության ներքո Իսրայելի բանակը պարտության մատնեց Եգիպտոսի, Սիրիայի եւ Հորդանանի միացյալ ուժերին: 

Իսրայելը կարող է հպարտանալ, որ այնքան ուժեղ է եւ ունի այնպիսի միջազգային աջակցություն, որ կարող է անպատիժ ռմբակոծել Գազայի հատվածը, որ կարող է անջուր եւ անսնունդ թողնել միլիոնավոր մարդկանց, որոնց մեծ մասը երեխաներ եւ կանայք են, նրանց անվանել «մարդանման կենդանիներ», ում հետ կարելի է վարվել ուզածի պես: Բայց մի՞թե դա է Իսրայել պետության գոյության իմաստը՝ աշխարհին ցույց տալ, որ գոյություն չունի արդարության իրավունք, որ գործում է բացառապես ուժի իրավունքը, մի՞թե հրեաներն իրենց Աստծո ընտրյալ ժողովուրդ են հռչակել՝ միայն երեխաների, կանանց ու ծերերի սպանելու համար, եւ դա է նրանց աստվածային առաքելությունը: Մի ժողովուրդ, որ ինքն է հարյուրամյակներ ու հազարամյակներ ենթարկվել բռնագաղթի, հետապնդումների եւ ցեղասպանության, հիմա թույլ է տալիս, որ իր ստեղծած պետությունն իրականացնի նույն հանցանքները` վստահ լինելով իր անպատժելիության հարցում:

Ավետիս Բաբաջանյան