Ինչու ՊԱԳ պետ Ծաղիկ Վարդանյանը չցանկացավ աշխատել Անահիտ Ավանեսյանի հետ

Ինչու ՊԱԳ պետ Ծաղիկ Վարդանյանը չցանկացավ աշխատել Անահիտ Ավանեսյանի հետ

Պետական առողջապահական գործակալության նախկին պետ Ծաղիկ Վարդանյանը, ով օգոստոսին, դատարանի որոշմամբ, վերականգնվել էր այս պաշտոնում, ընդամենը օրեր անց ազատվել է աշխատանքից։ Բայց այս անգամ ոչ թե նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով, այլ սեփական դիմումի համաձայն, ինչը միանգամայն կանխատեսելի էր։ Առողջապահության կառավարման ոլորտում բազմամյա աշխատանքային ստաժ ունեցող անձը չէր կարող աշխատել մի ղեկավարի ենթակայությամբ, որին անուղղակի մեղադրել է պետպատվերի բաշխման ընթացքում կոռուպցիոն դրսեւորումների համար, եւ իր վերադասի հետ լուրջ տարաձայնություններ ուներ։ Պաշտոնում վերականգնվելուց հետո նա չէր բացառում, որ կարող է թողնել այն, ասելով՝ ես դեռ մտածում եմ՝ մնա՞լ, թե՞ գնալ։ 

Հիշեցնենք․ նախարար Անահիտ Ավանեսյանը Ծաղիկ Վարդանյանին ՊԱԳ պետի պաշտոնից ազատել էր այն բանից հետո, երբ պաշտոնյան Mulberry համակարգում նշել էր, որ չի մասնակցել պետպատվերի բաշխմանը՝ «Բժշկական օգնություն-սպասարկում» հոդվածներով: Սա նշանակում էր, որ բուժհաստատություններին առողջապահության գումարների բաշխումն իրականացրել էր ոչ թե գործակալությունը, ինչը սահմանված է օրենքով,  այլ անձամբ նախարարն ու նրա մտերիմները։ Ըստ Ծաղիկ Վարդանյանի՝ այդ շրջանում նա արդեն աշխատանքից ազատման դիմում էր գրել, սակայն նախարարը գերադասել էր նրան նկատողություններ տալ` ազատման հիմք ստեղծելով։ 
Ինչեւէ, 1 տարի 8 ամիս տեւած դատական քննությունից հետո Վարդանյանը կրկին վերականգնվեց պաշտոնում, բայց, փաստորեն, ընդամենը երկու ամսով։ Հասկանալի էր, որ նախարար Ավանեսյանը չէր կարող նախարարության ամենալուրջ ֆինանսական լծակը, ինչպիսին պետպատվերն է, հանձնել մի պաշտոնյայի տնօրինության, որի նկատմամբ վաղեմի թշնամանք ունի։  

Առողջապահության նախարարությունից մեր հարցերին պատասխանելով, նշեցին, որ ՊԱԳ տնօրեն Ծաղիկ Վարդանյանն ազատվել է սեփական դիմումի համաձայն։ Լուրեր կան, որ որոշակի պայմանավորվածություն, համաձայնություն է կայացել Ծաղիկ Վարդանյանի եւ նախարար Ավանեսյանի միջեւ։ Ասում են, որ աշխատանքից ազատվելու դիմաց տիկին Վարդանյանին խոստացել են «աշխատել» իր հիմնած «Առողջապահության իրավունք» ՀԿ-ի հետ։ Արդյո՞ք դա այդպես է, որքանո՞վ են հիմնավոր լուրերը․ այս հարցերին նախարար Ավանեսյանի խոսնակ Մարիամ Ծատրյանը պատասխանեց․«Ես դա չեմ մեկնաբանի։ Կխնդրեի հետեւել տիկին Վարդանյանի հրապարակային գործունեությանը»։ 

Այդպես էլ արեցինք. «Առողջապահության իրավունք» ՀԿ-ն, պարզվեց, բարձրացնում է համակարգի պրոբլեմները, քննադատում է իշխանություններին։ Վերջին միջոցառումը սպիտակ խալաթներով ակցիան էր, որին մասնակցում էր 50 բժիշկ։ Նրանք պահանջում էին՝ անտարբեր չլինել արցախցիների, ազգային սպանդի, աղետի նկատմամբ, եւ նախարարությունից պահանջում էին՝ գործել արտակարգ իրավիճակի ռեժիմով։ «Նրանք հիմա պետք է ունենային անգիր արած, խնդիրները մեկառմեկ գրած՝ արտակարգ իրավիճակներում գործելու հայեցակարգ, բայց դրել են՝ ծխախոտից են խոսում, աղից են խոսում»,- ասում է Ծաղիկ Վարդանյանը։

Նա հարկ չհամարեց պատերազմական իրավիճակում իր ծառայողական խնդիրները մեկնաբանել։ «Ես ամաչում եմ։ Արցախցիները՝ էս վիճակում, երկիրը՝ էս վիճակում, պատերազմը՝ մեր քթից կախված, ես ինչ-որ մի պաշտոնի մասին չեմ ուզում խոսել։ Ընդամենը գրեք, որ ես ցանկություն չունեցա նրանց հետ աշխատել։ Սա իմ որոշումն է։ Ես ինձ այլ տեղ եմ տեսնում, այլ գործառույթներում։ Ես պետք է գնայի, ուղղակի ապացուցեի, որ այդ նկատողությունները շինծու էին։ Ինչ վերաբերում է նախարարության հետ համաձայնության գալուն, օֆիցիալ հայտարարում եմ, որ մեր կազմակերպությունը որեւէ կախում չունի ո՛չ առողջապահության նախարարությունից, ո՛չ որեւէ այլ կառույցից»,- ասում է Ծաղիկ Վարդանյանը։