Բաքուն նահանջում է՞, «նախազգուշական կրակոցը» տեղ է՞ հասել

Բաքուն նահանջում է՞,  «նախազգուշական կրակոցը» տեղ է՞  հասել

Ինչպես հայտնի է, հանգստյան օրերին տեղի ունեցան Ադրբեջանի նորագույն պատմության մեջ թերեւս ամենից մարդաշատ բողոքի ցույցերից մեկն ի պաշտպանություն բլոգեր, լրագրող Մեհման Հուսեյնովի, որը վերաճեց արդեն քաղաքական պահանջների եւ պահանջները ձեւակերպվեցին որպես բոլոր քաղաքական բանտարկյալների ազատում, Ալիեւների ընտանիքի կողմից Ադրբեջանից գողացված եւ օֆշորային գոտիներում պահվող գումարների վերադարձ եւ այլն։ Ցույցին մասնակցել է ըստ ընդդիմադիրների 10 հազար, ըստ իշխանությունների 3 հազար մարդ։ Ցույցի ժամանակ ի դեպ Ադրբեջանում արգելվել է Համացանցը, ցույցի ուղիղ հեռարձակումը եւ սոցցանցային տարածումը խափանելու համար։ Բողոքի ցույցին եւ Մեհման Հուսեյնովի գործին արագ կերպով արձագանքել են եվրոպական կառույցները, որտեղից հորդորել են ազատ արձակել քաղբանտարկյալներին, լրագրողներին, որոնք գտնվում են անազատության մեջ եւ առհասարակ դադարեցնել մեդիայի դեմ հալածանքները։ Նաեւ նույնիսկ քննարկվել է Ադրբեջանի նախագահի դեմ սանկցիաներ կիրառելու հավանականությունը։ Եվ ահա, ցույցերից հետո բլոգեր Մեհման Հուսեյնովը դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին նամակով, որտեղ ներկայացրել է, որ ինքը որեւէ կերպ մեղք չունի անցյալ տարվա գարնանը քրեակատարողական հիմնարկում իր հետ տեղի ունեցած դիպվածը, որը հանգեցրել է այն բանին, որ արդեն կրվող պատժաչափը կարող է ավելանալ եւ դառնալ յոթ տարի։ Հիշեցնենք, որ Մեհման Հուսեյնովը պատիժ է կրում Իլհամ Ալիեւին քննադատելու համար։ Եվ ահա, ինչպես հաղորդում է «Ազերթաջ»-ը Իլհամ Ալիեւը կարգադրել է վերաքննել Մեհման Հուսեյնովի գործը, հաշվի առնել այն, որ Հուսեյնովը գտնվում է տակավին երիտասարդ տարիքում, իր խնամքին ունի բավական պատկառելի տարիքի հայր, կորցրել է մորը եւ որոշում կայացնելիս առաջնորդվել մարդասիրության սկզբունքով։ Ինքնին հասկանալի է, որ նման հանձնարարությունը, որի մասին «Ազերթաջին» փոխանցել է Ադրբեջանի նախագահի՝ քրեակատարողական հիմնարկների հարցերով զբաղվող օգնական Ֆուադ Ալեսքերովը, լուրջ հնարավորություն է տալիս բլոգերին ազատ արձակել իր հիմնական պատժաչափը կրելուց հետո, որի ժամկետը լրանում է այս տարվա մարտին։