Թե ինչպես Արցախի նախագահներին ներկայացրին որպես իսրայելցի սեպարատիստների պարագլուխներ

Թե ինչպես Արցախի նախագահներին ներկայացրին որպես իսրայելցի սեպարատիստների պարագլուխներ

ՀԱՄԱՍ-Իսրայել ռազմական բախումների ֆոնին համացանցում ակտիվորեն սկսվեց տարածվել մի տեսանյութ, որտեղ իբրև թե ՀԱՄԱՍ-ի մարտիկները գերեվարել էին բարձաստիճան իսրայելցի գեներալների ու ռազմական գործիչների։

Տեսանյութն այնքան էր տարածվել համացանցում, որ նույնիսկ մեր բարեկամ Իրանի հեռուստաընկերություններից մեկի եթերով էր հեռարձակվել։ Տեսանյութում Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի և Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի առեւանգման տեսարանն է, նրանց էլ ներկայացրել են որպես իսրայելցի գեներալներ։ 

Տեսանյութն առաջինն իր թվիթերյան էջում հրապարակել էր ամենայն հավանականությամբ Այեշա անունով մի արաբ կին, ում էջում արաբներին ու իսլամին վերաբերող հրապարակումներ էին։

Տեսանյութն այնքան էր տարածվել, որ գրավել է նույնիսկ USA Today-ի թղթակից Հաննա Հանդալի ուշադրությունը, ով իր կողմից իբրեւ թե ճշտում էր մտցրել, թե` տեսանյութի տղամարդիկ Իլհամ Ալիևի սեպարատիստներն են` նրանց անվանելով Ադրբեջանում գործող սեպարատիստների պարագլուխներ։ Ամերիկյան լրատվականի դեպքում սա անթույլատրելի վարք է, որը կարող է բացատրվել ադրբեջանական լոբբիստների ազդեցությամբ, ինչը խիստ դատապարտելի է նման հսկայական լսարան ունեցող լրատվականի համար։ Չէ՞ որ ամերիկյան լրատվականները լուսաբանել են Արցախի հարցը, նաեւ ԱՄՆ Սենատում քննարկվել է խնդիրը, ի վերջո` հայկական հսկայական համայնք կա ԱՄՆ-ում։ 

Դե իսկ ակնկալել ՀՀ ԱԳ նախարարության կողմից ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի կամ համայնքի միջոցով որեւէ քայլ ձեռնարկել, որ թշնամական երկրի նարատիվներն ու բառամթերքը ամերիկյան լրատվամիջոցներում չհայտնվի, կարծում ենք` անիմաստ է: