Ազնիվ մրցակցությունից լավ բան չկա

Ազնիվ մրցակցությունից լավ բան չկա

Չինաստանը չի խուսափում Միացյալ Նահանգների հետ մրցակցությունից, սակայն կոչ է արել, որպեսզի Միացյալ Նահանգները ազնիվ մրցակցությամբ սեփական շահերն առաջ մղի։ Այս մասին հայտարարել է Չինաստանի Կոմերցիայի նախարար Վան Վենտյանոն՝ ամերիկացի սենատոր Չակ Շումերի հետ հանդիպման ժամանակ։ Չինացի բարձրաստիճան պաշտոնյան ամերիկացի սենատորի հետ հանդիպման ժամանակ կարեւորել է, որ համագործակցությունը միակ ճշմարիտ ճանապարհն է երկկողմ հարաբերություններում եւ ուրիշի առաջընթացն ու զարգացումը սխալ է դիտարկել որպես մարտահրավեր՝ ուղղված սեփական շահերին։

Բացի այդ, նախարար Վան Վենտյանոն ասել է, որ մրցակցությունը Չինաստանի եւ ԱՄՆ միջեւ պետք է լինի ազնիվ եւ առողջ՝ հիմնված միջազգային առեւտրա-տնտեսական ընդունված կանոնների վրա։ Վերջինս նաեւ հույս է հայտնել, որ ամերիկյան կողմն իր համար կհստակեցնի «անվտանգություն» հասկացությունը որպես կատեգորիա, որպեսզի հանկարծ այդ եզրույթի սահմանման մեջ լղոզումներ չլինեն, այն չքաղաքականացվի եւ չվերածվի հակազդման գործիքի։ Սենատոր Շումերն էլ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Չինաստանի հետ չի ուզում առճակատման գնալ, այլ ամրացնել փոխգործակցությունը։