Չեմ կարծում, թե Լավրովի պլանը պարտադրվում է

Չեմ կարծում, թե Լավրովի պլանը պարտադրվում է
Սուրեն Սարգսյան

Փետրվարի 14-16-ը Գերմանիայում, Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ տեղի է ունեցել ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի եւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը, որի ժամանակ անդրադարձ է եղել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին։ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերի կարեւորությանը։ Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, հետեւելով արտգործնախարարների հանդիպման մասին տարածած հաղորդագրությանը, չի կարծում, թե ՌԴ-ի կողմից կա որեւէ ճնշում կողմերի վրա։

«Իհարկե, առաջարկներ մշտապես ներկայացվել են, ներկայացվում են ՌԴ-ի կողմից որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր եւ տարածաշրջանային գերտերություն։ Բայց ես չեմ կարծում, որ առաջարկների այն փաթեթը, որը հետագայում անվանվել է որպես որպես Լավրովի պլան եւ ակտիվորեն քննարկվել է ԶԼՄ-ներում, պարտադրվում է , որպեսզի կողմերը գնան որոշակի զիջումների եւ լուծումների։ Այնպես որ՝ ես անհանգստանալու բան չեմ տեսնում»,- նշեց քաղաքագետը։

Մեր դիտարկմանը, որ «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» թեզն առաջ քաշվելուց հետո ենթադրություններ են արվում, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը թեւակոխել է ակտիվ փուլ, Սուրեն Սարգսյանն արձագանքեց․ «Ժողովուրդներին խաղաղության նախապտրաստելու մասին խոսվել է բազմիցս։ Բայց կարծում եմ, որ այդ թեզն առաջին հերթին պետք է ուղղված լինի Ադրբեջանին, որովհետեւ Ադրբեջանն է հենց տասնամյակներ շարունակ իր ժողովրդին պատրաստել պատերազմի, քարոզել հայատյացություն, պատեհ կամ անպատեհ հայտարարություններով հանդես եկել, որ Արցախի հարցը խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծվելու դեպքում Ադրբեջանը պատրաստ է գրավել ոչ միայն Արցախը, այլեւ Երեւանը։ Այնպես որ՝ խաղաղության պետք է նախապատրաստել առաջին հերթին Ադրբեջանի հասարակությանը եւ այդ թեզի սլաքներն պետք է ուղղել դեպի Բաքու, որը պետք է ամրագրվի նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից»։

Հետաքրքրվեցինք, թե արդյոք ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն կոնսենսուսի չեն եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։ «Ես կարծում եմ, որ կա կոնսենսուս, որ խնդիրը հանգուցալուծվի խաղաղ ճանապարհով։ Չեմ կարծում, թե երկու կողմերն ինչ-որ պահանջներ ունեն, թե խնդիրը որ սկզբունքով պետք է լուծվի՝ տարածքային ամբողջականությա՞ն, ազգերի ինքնորոշմա՞ն, թե՞ այլ սկզբունքների։ Ադրբեջանը փորձում է առաջ քաշել ԼՂ-ի՝ բարձր ինքնավարության գաղափարը։ Խնդրի լուծման վերաբերյալ չկա ընդհանուր դիրքորոշում, կա միայն դիրքորոշում, որ խնդիրը պետք է լուծվի բանակցային գործընթացի միջոցով»,- ասաց քաղաքագետը։