Ինչո՞ւ են պաուզա պահում վերլուծական կենտրոնները

Ինչո՞ւ են պաուզա պահում վերլուծական կենտրոնները

Քաղաքական եւ լրագրողական դաշտի հնաբնակները կհիշեն, որ վերջին երկու տասնամյակում հիմնվեցին եւ ակտիվ գործունեություն էին ծավալում տարբեր քաղաքագիտական-վերլուծական կենտրոններ։ Նրանք պարբերաբար հրավիրում էին սեմինարներ, մամուլի ասուլիսներ, բարձրաձայնում ներքին եւ արտաքին քաղաքականությանը, մարդու իրավունքներին վերաբերող հարցեր, հանրային հնչեղություն ունեցող հարցերի շուրջ հրահրում բանավեճեր։ Թվում էր, թե անցյալ տարի տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո այդ կենտրոնները պետք է ավելի ակտիվ ու բեղմնավոր գործեին, ակտիվ քննարկումներ հրավիրեին երկրում տարիներ շարունակ կուտակված բազմաթիվ խնդիրների մասին, որոնք մնացել են անփորձ կառավարության փխրուն ուսերին։

Իսկ խնդիրները լիուլի են, իրենց մասին հիշեցնում են ամեն քայլափոխի։ Անվստահությունն իրավապահ համակարգի նկատմամբ հանգեցնում է «փողոցային արդարադատության» բռնկումների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ինչ-որ պրոցեսներ են տեղի ունենում, որոնց շուրջ սոցիալական ցանցերում շրջանառվում են բանահյուսական ժանրին բնորոշ վարկածներ, հայտարարված տնտեսական հեղափոխությունը դեռ մշուշոտ է։ Եվ հիմա հրատապ են դառնում մասնագիտական կարծիքները, դիրքորոշումները, առաջարկվող լուծումները, որոնց սպասում է հանրությունը։

Փորձեցինք պարզել, թե ինչով են զբաղված այսօր այդ կենտրոնները, հրավիրո՞ւմ են սեմինարներ, թե՞ ոչ, ի՞նչ օրակարգ են առաջարկում Հայաստանի՝ արդեն լեգիտիմության բարձր տոկոս ունեցող կառավարության պայմաններում։ Ժամանակին «Համաձայնություն» կենտրոնի ղեկավարն էր ՀՀ առաջին նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը, որն ուներ ընդգծված արեւմտամետ դիրքորոշում։ Սերժ Սարգսյանի օրոք նրա ղեկավարած կենտրոնը դադարեց գործել, իսկ Շահնազարյանը համագործակցեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի հետ, համատեղ հրավիրում էին սեմինարներ՝ արտաքին քաղաքականության վերաբերյալ։

Անցյալ տարեվերջին, ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ, նա հասցրեց համալրել ՀՀԿ-ի շարքերը։ Եվ այդ օրվանից առ այսօր երբեմնի անկախ փորձագետը, արեւմտամետ գործիչը Նիկոլ Փաշինյանին եւ նրա ղեկավարած կառավարությանը մեղադրում է Լեռնային Ղարաբաղի հարցում զիջումների գնալու համար։ Ռիչարդ Կիրակոսյանը եւս պարբերաբար հրավիրում էր սեմինարներ, հարցազրույցներ էր տալիս մամուլին ընթացիկ ներքին եւ արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ, սակայն թավշյա հեղափոխությունից հետո նա հազվադեպ է հանդես գալիս մամուլում։ Ըստ մեր տեղեկությունների՝ Կիրակոսյանն ունի առողջական խնդիրներ, եւ նրա պասիվությունը դրանով է պայմանավորված։ Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ ընդգրկվեց «Սասնա ծռեր» կուսակցության համամասնական ցուցակի անցողիկ հորիզոնականներից մեկում, իսկ մինչ այդ դրվատում էր ապրիլյան թավշյա հեղափոխությունն ու նրա արժեքները։

«Սասնա ծռերը» տեղ չգտան նոր Հայաստանի խորհրդարանում, իսկ Ստեփան Գրիգորյանը նախկինի պես արտաքին քաղաքական թեմաներով սեմինարներ չի հրավիրում։ Մեր հեռախոսազանգին պատասխանեց ոչ թե Ստեփան Գրիգորյանը, այլ մեկ ուրիշ անձ, որն ասաց, որ կենտրոնը գործում է եւ առաջիկայում էլ հրավիրելու են սեմինարներ։ Դեռեւս 1994թ․ ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնած Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը նույնպես նախկինի պես ակտիվ չի գործում։

Կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, իսկ փորձագետ Սարո Սարոյանը չհամաձայնեց մեր այդ դիտարկմանը՝ նշելով, որ իրենք հրավիրում են սեմինարներ։ Կենտրոնի acnis.am կայքում այս տարվա հունվարի դրությամբ տեղադրված են Մանվել Սարգսյանի եւ Սարո Սարոյանի քաղաքագիտական վերլուծությունները։ Փոխարենը Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն, ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը մեզ վստահեցրեց, որ փետրվարին իրենք հրավիրելու են շատ լուրջ միջոցառումներ։

Մեր դիտարկմանը, որ ՄԱՀՀԻ-ին միայն նեղ շրջանակների համար է հրավիրում միջոցառումներ, Ստեփան Սաֆարյանն արձագանքեց․ «Մենք քսան հոգուց ավելի չենք էլ կարող հրավիրել, դրա իմաստն էլ չկա, երկու ժամանոց ձեւաչափեր են, դրանք ուղիղ հեռարձակվում են, այնպես որ՝ մենք շատ ակտիվ ենք։ Մենք շատ շուտով նորից կունենանք լուրջ միջոցառումներ, երիտասարդական ֆորումներ, փորձագիտական քննարկումներ՝ ամենահրատապ թեմաներով։ Ո՛չ թավշյա հեղափոխությունը, ո՛չ էլ որեւէ այլ բան չի ազդել մեր աշխատանքի, մեր գործունեության վրա»։