Ադրբեջանը սպառնում է Վրաստանին

Ադրբեջանը սպառնում է Վրաստանին

Ախալքալակի մունիցիպալ տարածքում հունվարի 20-ին տեղի է ունեցել Արցախի պատերազմում զոհված Միքայել Ավագյանի կիսանդրու բացումը: Միջոցառմանը մասնակցել են Ախալքալակի քաղաքապետը, Սամցխե-Ջվախքից Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորներ, Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը:

Հաջորդ օրերին Բաքուն բողոքի պաշտոնական նոտա է հղել Վրաստանի ԱԳՆ-ին՝ պահանջելով ձեռնարկել միջադեպը վերացնելուն ուղղված քայլեր: Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը տվել է դիվանագիտորեն հասկանալի պատասխան՝ կոչ անելով տվյալ թեմայի շուրջ աժիոտաժ չստեղծել: Վրացական ԱԳՆ-ի այդ փաստացի մերժողական եւ զսպվածություն ցուցաբերելու հորդոր պարունակող պատասխանը պաշտոնական Բաքվին, կարելի է ասել, հանել է հունից:

Ադրբեջանական կողմը ոչ միայն չի անսացել Վրաստանի հորդորին, այլեւ ավելի է մեծացրել քարոզչա-տեղեկատվական արշավի ծավալները՝ ներգրավելով եւ փորձագետների, եւ քաղաքական գործիչների, որոնք տագնապի ահազանգ են հնչեցնում, թե վտանգված է Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական հաղորդակցությունը, քանի որ ջավախքահայությունը կարող է խաթարել տարածաշրջանով անցնող հաղորդակցությունների բնականոն գործունեությունը: Բաքուն փորձ է անում այդ արշավին մասնակից դարձնել նաեւ վրացական որոշակի շրջանակների, բայց արդյունքն այնքան էլ ընդգծված չէ: Վրացի մի քանի փորձագետներ ընդամենը դժգոհություն են հայտնել իշխող կուսակցության քաղաքականությունից:

Ակնհայտ զգացվում է, որ այդ շրջանակները ներկայացնում են նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի քաղաքական շահերը: Մի քանի ուղղություններով անհաջողության մատնվելով՝ Ադրբեջանը հրապարակ է բերել վերջին սադրանքը:

Այն ներկայացնելու համար գործիք է ընտրվել ռուսաստանաբնակ մեծահարուստ Սոյուն Սադիկովը, որը ժամանակին գլխավորել է Ռուսաստանի ադրբեջանական համանքը: Սադիկովը ծագումով Վրաստանի Մառնեուլիի շրջանից է: Մոսկվայում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նա կտրուկ հայտարարել է, որ եթե առաջիկա երկու ամսում Վրաստանի իշխանությունները չապամոնտաժեն Միքայել Ավագյանի կիսանդրին եւ նրա հիշատակի ծառուղին, ապա Մառնեուլիի ադրբեջանցիները կհայտարարեն ինքնավարություն հռչակելու մասին:

Ադրբեջանական քարոզչամեքենան փորձ է անում Սադիկովի այդ հայտարարության ենթատեքստը կապել ռուս-վրացական հարաբերությունների հետ: Իբր Ռուսաստանն է փորձում Մառնեուլիի տեղաշրջանի էթնիկ ադրբեջանցիներին մղել անջատողականության: Ակնհայտ է, սակայն, որ Սադիկովը տվյալ դեպքում կատարել է պաշտոնական Բաքվի պատվերը: Ադրբեջանում երբեք չեն թաքցրել, որ Մառնեուլիի տեղաշրջանը կամ ինչպես իրենք են ասում՝ պատմական Բորչալուն, կապող օղակ է Բաքվի եւ Անկարայի միջեւ: Տեղաշրջանի խնդիրները պարբերաբար քննարկվում են ադրբեջանական մամուլում,«Բորչալու» հայրենակցական միության գործիչները հաճախակի են այցելում Բաքու եւ արժանանում սիրալիր ընդունելության:

Ամեն ինչ արվում է, որպեսզի տեղաշրջանը լինի ադրբեջանական քարոզչության եւ պետական ազդեցության տիրույթում: Վրաստանում դա աննկատ չի մնում, վրացական իշխանություններն էլ իրենց հերթին ձեռնարկում զսպիչ քայլեր: Միքայել Ավագյանի կիսանդրու բացման առիթն, այսպիսով, Ադրբեջանը փորձում է օգտագործել՝ բացահայտ սպառնալիքներ հնչեցնելով Վրաստանի հասցեին:

Հավանական է, որ Մառնեուլի են գործուղվել հատուկ քարոզչախմբեր, որոնք մոտակա օրերին կփորձեն տեղում կազմակերպել էթնիկ ադրբեջանցիների բողոքի զանգվածային ակցիաներ: Ինչպե՞ս են դրան նախապատրաստվում Վրաստանի իշխանությունները: Կա՞ իրավիճակը կառավարելու հնարավորություն:

Բաքվի եւ Թբիլիսիի միջեւ այս կապակցությամբ դիվանագիտական խորհրդատվություններ անցկացվու՞մ են: Այս եւ այլ հարցերի պատասխանը կիմացվի մոտ ապագայում: Բայց ադրբեջանական սպառնալիքը՝ կապված Մառնեուլիի շրջանը Վրաստանից անջատելու հնարավորության հետ, պետք է որ Թբիլիսիում արժանանան լրջագույն գնահատման: Անհավանական չէ, որ Ադրբեջանը ժանիքներ ցույց տա Վրաստանին: