«Մանախ»-ի գործով նիստերն իրար հետեւից տապալվում են․ «մեղավորը» Փաշինյանն է

«Մանախ»-ի գործով նիստերն իրար հետեւից տապալվում են․ «մեղավորը» Փաշինյանն է

«Մանախ» մականունով հայտնի Արթուր Այվազյանի գործով դատական նիստը նախապես նշանակված էր մարտի 29-ին, որտեղ պետք է որպես վկա հարցաքննվեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն նա դատարանից ծանուցում է ստացել, որ նիստն այդ օրը տեղի չի ունենալու եւ նշանակվել է ապրիլի 3-ին։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում հայտնեց Այվազյանը՝ նշելով, որ վաղը վարչապետը Հայաստանում չի լինելո, եւ, հետեւաբար, նիստը հետաձգվել է։
«Նախապես նշանակված էր մարտի 29-ին, որովհետեւ նա գնում է Վիեննա, նշանակվել է հաջորդ նիստը ապրիլի 3-ին։ Դատարանն արդեն ծանուցել է, որ նիստը տեղի կունենա ապրիլի 3-ին, ժամը 14։30-ին։ Չեմ կարող ասել, անկանխատեսելի է, թե այդ օրը նիստ կլինի՞, թե՞ ոչ»,- նշեց ամբաստանյալը։

Նշենք, որ տեւական ժամանակ է, ինչ այս գործով նիստերը տեղի չեն ունենում Փաշինյանի պատճառով, նրան որպես վկա պետք է հարցաքննեն, սակայն նա դատարան չի ներկայանում․ մեկ անգամ ԱԺ-ում կառավարության ծրագիրն էր ներկայացնում, մյուս անգամ Բելգիայի Թագավորությունում էր, այս անգամ էլ, փաստորեն, Վիեննայում է լինելու։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 31.03.2017թ․ ժամը 22:40-ի սահմաններում Անդրանիկի փող․ թ․ 53 շենքի բակում անթաքույց արհամարհանք դրսևորելով հասարակության հանդեպ, «Ելք» դաշինքի համակիր Հայկ Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելով, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը:

Միջադեպը եղել է «Ելք» դաշինքի քարոզարշավի ընթացքում եռագույնի շուրջ առաջացած խոսակցությունից, որի արդյունքում զենք է գործադրվել: Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով (Խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք պահելը կամ փոխադրելը):