Նախկինները և ներկաները

Նախկինները և ներկաները


1999թ. Հ1-ով վարում էի հեղինակային «Նախկինները եւ ներկաները» հաղորդաշարը, որի առաջարկն ու գաղափարն իմն էին, իսկ ձեւաչափը հետեւյալն էր՝ նույն ոլորտի, պետական կառավարման համակարգի նախկին եւ ներկա ղեկավարները հեռուստաեթերում քննարկում էին ոլորտի խնդիրները, քաղաքական հարցադրումները, առաջարկները, նաեւ՝ քննադատում եւ մեղադրում էին միմյանց:

1998թ. իշխանափոխությունից հետո իշխանազրկված ՀՀՇ-ի համար սա նաեւ հեռուստաեթեր վերադառնալու հնարավորություն էր: Հաղորդումներից մեկին մասնակցության առաջարկ արեցի ժամանակի գործող վարչապետ Արմեն Դարբինյանին, սակայն նա հրաժարվեց որեւէ նախկին վարչապետի հետ մասնակցել: Ի պատասխան այդ մերժման, կեսկատակ նկատեցի․ «Եկեք, քանի դեռ հնարավորություն ունեք նստել ներկաներին հատկացված տեղում, հետո նախկինների տեղում ստիպված կլինեք նստել»: Արմեն Դարբինյանը խոցվեց, սակայն ինքնավստահ ժպիտով արձագանքեց. «Ես երբեք նախկին չեմ լինի»: 18 օր անց Արմեն Դարբինյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից: Մի քանի հաղորդումից հետո փակվեց եւ հաղորդաշարը: 

Հաղորդաշարը փակվեց, սակայն նախկինների եւ ներկաների հակադրությունն ու նմանությունները դարձան հայաստանյան ամայացող քաղաքական անտառի մշտադալար ծառերը, որոնք, ի տարբերություն իսկական ծառերի, խլում-ոչնչացնում էին հասարակության թթվածինը:
Հայկական քաղաքական պարադիգման անվերջ կրկնվում է. նախկինների եւ ներկաների բախումը, հակադրությունը, սխալների կրկնությունը հաջորդում են միմյանց եւ ամբողջանում՝ կազմելով քաղաքական ձախողումների հարացույցը: Դա կարծես գաղտնի ժառանգություն է, որը յուրաքանչյուր նախկին իշխանություն փոխանցում է հաջորդին՝ որպես քաղաքական խոստում: Այսօրինակ կրկնությունն իրականում վերածվում է քաղաքական անեծքի, որից ձերբազատվել չի հաջողվում հայաստանյան եւ ոչ մի իշխանության: Այս պարադիգմայում ուշագրավն այն է, որ թեպետ նախկինները հեռանում են իշխանությունից, սակայն քաղաքական ասպարեզից նախկինները եւ ներկաները հեռանում են միասին եւ միաժամանակ: Հեռանալով՝ նրանք իրենց հետեւից փակում են նաեւ իրենց դարաշրջանի դուռը: Նրանք գոյատեւում են միմյանց միջոցով, գործում նույն սխալները, քննադատում եւ մեղադրում են միմյանց նույն սխալների համար: Հայաստանյան այս քաղաքական դաշտի վրա են ծանրանում իշխանությունների մեղքերի, ձախողումների մութ ամպերը, կառավարողների մարդկային եւ քաղաքական փոխակերպումների սեւ երամը, փայլատակում հանրության ընդզվումների կայծակը: Այս քաղաքական դաշտը 30 տարի շարունակ տալիս է նույն դառնահամ պտուղները՝ ոռոգված նախկինների եւ ներկաների մտայնություններով, մոլորություններով եւ անխախտ միասնությամբ:

Նրանք, ի վերջո, ձեռք են բերում մարդկային նույն հատկությունները՝ սեփական անսխալականության համոզմունքով, հանրային կարծիքի անտեսման եւ քննադատության հանդեպ անհանդուրժողականության դրսեւորումներով, որդեգրում են նույն քաղաքական վարքագիծը՝ ավտորիտար կառավարմամբ, անցնում նույն ճանապարհը՝ ճակատագրական սխալների կրկնությամբ: Այսօրինակ կրկնությունների արդյունքում, Հայաստանի հանրության մի մասին թվում է, որ փոխվում են քաղաքական իշխանության դեկակատարները, սակայն ո՛չ իշխանությունը: Եթե սրան էլ ավելացնենք այն հանգամանքը, որ նախկիններից շատերը քաղաքական պատեհապաշտության եւ կոնֆորմիզմի հետեւանքով սահուն տեղափոխվում են նաեւ նոր իշխանությունների շարքեր, ապա ամրանում է այն համոզմունքը, որ Հայաստանում իշխանության իրական փոփոխության համար կարեւոր է, որ փոխվեն ոչ միայն անձինք, այլեւ նրանց իրական քաղաքական ձգտումները, փոխվի ոչ միայն համակարգը, այլեւ չկրկվեն նախկին համակարգային սխալները, ի վերջո՝ քաղաքականության նպատակը դառնա ոչ թե իշխանության պահպանումը կամ դրա ձեռքբերումը, այլ՝ պետականության եւ հասարակության առաջադիմությունն ու զարգացումը իրենց հետ կամ առանց իրենց:

Հայաստանում նախկինների եւ ներկաների ժառանգական կապն այնքան ամուր է, որ եթե անգամ այն թուլանում է, սակայն չի կտրվում՝ անկախ այն հանգամանքից, թե նախկինները եւ ներկաներն իշխանությունը միմյանց հանձնել են ընտրությունների՞ (1990-1991թթ.), ներիշխանական տարաձայնությունների՞ (կամ հեղաշրջման, 1998), քաղաքական պայմանավորվածությունների եւ իշխանության բռնազավթմա՞ն (2003, 2008, 2013), թե՞ հեղափոխության (2018) արդյունքում:  
1991թ. իշխանության եկած Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Վազգեն Մանուկյանի համագործակցության եւ հակադրության դարաշրջանն ավարտվեց միաժամանակ՝ 1998թ. Տեր-Պետրոսյանի հրաժարականի հետեւանքով: Նրանք իրենց հետ քաղաքականություն բերեցին փոխլրացնող բարձր քաղաքական սկզբունքներ՝ հիմնված տերպետրոսյանական իրատեսության եւ մանուկյանական իդեալիզմի վրա: Քաղաքական սկզբունքների եւ ձգտումների այդ ուղղությունը հայկական քաղաքական միջավայրում այնպիսի բարձր նշաձող սահմանեց, որին չհասավ եւ ոչ մի հետագա իշխանություն: Միաժամանակ, հետագայում նրանք երկուսն էլ ապրեցին նույն քաղաքական փոխակերպումները եւ նահանջը: Նրանց անձնական բացասական որակները երբեմն ավելի գերիշխող դարձան՝ թուլացնելով պետականությունը եւ սասանելով հասարակության վստահությունը:

Տեր-Պետրոսյանի քաղաքական ուղեգծի կոշտ քննադատությունը տարիներ շարունակ եղել է Մանուկյանի քաղաքական պայքարի մոտիվն ու առաջնահերթությունը՝ հանգեցնելով բարդ հակադրության, ի վերջո՝ 1996թ. սեպտեմբերյան դիմակայության: Եվ չնայած դրան՝  Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո Մանուկյանի քաղաքական ազդեցությունն ու դերակատարությունը հայաստանյան քաղաքական դաշտում կտրուկ նվազեցին: ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը կարծես հայտնվեց քաղաքական մեկուսացման մեջ, թերեւս նա ենթադրում էր, որ Տեր-Պետրոսյանի հրաժարականով իր պայքարը նույնպես կարող է ավարտվել: ՀՀ առաջին վարչապետն ու ՀՀ առաջին նախագահն իրենցով փակեցին մի ողջ իրապես քաղաքական դարաշրջան:

2008թ. քաղաքական ասպարեզ վերադարձած Լեւոն Տեր-Պետորսյանն այլեւ առաջվա քաղաքական ընդգրկումը չուներ: Բացի այդ, նա ստիպված էր դիմակայել նեղ քաղաքական աշխարհայացքով, կոշտ մեթոդներով գործող Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին: Նրանց մեջ Տեր-Պետրոսյանը տեսնում էր նաեւ այն քաղաքական համակարգի անգթությունը, որն ինքն էր ստեղծել: Քոչարյան-Սարգսյան քաղաքական զույգը միմյանց լրացնում էր նույնքան, որքան Մանուկյանն ու Տեր-Պետրոսյանը, սակայն նրանք բոլորն էլ կրկնում էին միմյանց սխալները եւ դրսեւորում նույն վարքագիծը հանրության անտեսման, իշխանության պահպանման, Հայաստանի քաղաքական ճանապարհի խոտորման երկարատեւ ընթացքում:

Հայաստանում իշխանության եկած Ռոբերտ Քոչարյանը, Վազգեն Սարգսյանի քաղաքական ազդեցության ընթացքում, ավելի շատ բարեփոխիչ էր հիշեցնում, ՀՀ կուսակցությունների եւ ղարաբաղյան խնդիրը մաքսիմալիզմի դիրքերից լուծելու հույսը: Սակայն մեկ տարի անց Քոչարյանն անցավ նույն ճանապարհը, ինչ նախկինները՝ դրսեւորելով նաեւ ռազմական գործչի անգթություն, քաղաքական եւ անձնական վարքագծի այլ արատներ: Ռոբերտ Քոչարյանը կրկնում էր իր նախկինների սխալները:

2008թ. նախագահի ընտրություններում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սագսյանը բարիկադի նույն կողմում պայքարում էին մյուս կողմում, սակայն նույն համակարգում գտնվող Տեր-Պետրոսյանի դեմ: Այդ դիմակայության մեջ աչքի էր զարնում նույն սխալների կրկնությունը: Տեր-Պետրոսյանը կրկնում էր Վազգեն Մանուկյանի սխալները, Քոչարյանն ու Սարգսյանը՝ Տեր-Պետրոսյանի: Մարտի 1-ի արյունալի դեպքերով փակվեց Ռոբերտ Քոչարյանի էջը, սակայն նրա հաջորդը՝ Սերժ Սարգսյանը, որը միշտ եղել է ներկա իշխանություն, մարտի 1-ից հետո 10 տարով բռնազավթեց իշխանությունը՝ անցնելով նույն արատավոր ճանապարհով՝ միանձնյա կառավարմամբ, իշխանության յուրացմամբ, ընդդիմության հեռացմամբ, քաղաքական դաշտի ավերմամբ եւ Հայաստանի ինքնիշխանության թուլացմամբ:  Սերժ Սարգսյանն իր նախորդների սխալների խտացումը կարող էր դիտվել: Վ. Մանուկյանը, Լ. Տեր-Պետրոսյանը, Ռ. Քոչարյանը, Ս. Սարգսյանն այլեւս նախկիններ են, որոնք ապրում են նաեւ ներկա իշխանության մեջ:

Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ նախկինների սխալների խառնաշփոթի մեջ՝ մերժելով նրանց եւ կրկնելով նրանց: Նա իշխանության եկավ քաղաքական խնդիրներ լուծելու համար, սակայն առանց քաղաքական օրակարգի եւ նպատակների, նախկինների սխալների կոշտ քննադատությամբ, սակայն դրանց կրկնությամբ, «սիրո եւ համերաշխության» կարգախոսներով, սակայն «սեւերի եւ սպիտակների» հակադրությամբ, օրինական ընտրություններ անցկացնելով, սակայն վերջնականապես ավերելով քաղաքական դաշտը, հանրային կարծիքին ականջալուր, բայց եւ՝ անհանդուրժողականությամբ, նախկիններին իշխանությունից հեռացնելով եւ վերադարձնելով միաժամանակ: Փաշինյանն իշխանության եկավ որպես նախկինների քաղաքական ժառանգական կապը պահպանող օղակ, որպես «գաղտնի» ժառանգության փոխարինող: Հակադրվելով նախկիններին՝ նա միաժամանակ աջակցում է, որ հենց նախկինները լինեն իր քաղաքական ընդդիմախոսները: Նրան թվում է, որ եթե վերանա նախկինների հետ իր հակադրության պայքարը, ապա ավարտվելու է նաեւ իր քաղաքական ժամանակաշրջանը:

Հայաստանում նախկինների եւ ներկաների քաղաքական մտածողությունը եւ նրանց եզրահանգումը միշտ նույնն է. նախկիններին թվում է, թե պատմությունն իրենցով ավարտվեց: Ներկաներին թվում է, թե պատմությունն իրենցով է սկսվում: