Մի անգամ ընտրատեղամասում. «Գարաժ»-ում

Մի անգամ ընտրատեղամասում. «Գարաժ»-ում

Հունիսի 20-ին, երբ տնից դուրս եկա ու քայլեցի Մուշեղ Իշխանի անվան դպրոցի  ընտրական տեղամաս, չէի էլ պատկերացնում, որ հայտնվելու եմ «Գարաժ» ֆիլմի հայտնի իրավիճակում։ Այն հերոսների նման, որոնք խորհրդային 70-ականների մի օր մի րոպեով մտել  էին «Շրջակա միջավայրից կենդանիների պաշտպանության ինստիտուտ»՝ մասնակցելու «Ֆաունա» ավտոտնակային կոոպերատիվի ժողովին։ Ինչպես հիշում ենք, «Գարաժ»-ի ժողովի օրակարգում  4 «կրայնիներին» ավտոտնակնեից զրկելու հարցն էր, որը համարյա թե որոշված էր․ ինստիտուտի տնօրեն Անիկեևան ու ինստիտուտի անասնաբույժ Սիդորինն արդեն կազմել էին դուրս մնացողների ցանկը․ ընդամենը գարաժային կոոպերատիվի մեծամասնությունը պետք է քվեարկեր-հաստատեր որոշումը, ու բոլորը ցրվեին տներով։ Բայց քվեարկությունը հարթ չընթացավ․ մարդիկ բաժանվեցին բանակների՝ մեծաթիվ անտարբեր մեծամասնության ու ըմբոստների։

Նրանցից լաբորանտ Խվաստովը կուլ տվեց որոշման նախագիծը, լաբորանտ Մալաևան կողպեց մուտքի դուռը, բանալին թաքցրեց  շենքի ներսում ու առաջարկեց փակ դռների հետևում քննարկել և գտնել արդարացի լուծում․ ո՞վ պետք է դուրս մնա ավտոտնակի ցանկից։ Ավտոտնակ ստացողները դեմ էին, ուզում էին արագ հաստատել որոշումն ու ցրվել տներով։ Դրա համար չխորշեցին անգամ անձնական խուզարկության ենթարկել Մալաևային, դրսից օգնություն կանչել, իսկ այս ընթացքում բացահայտվեցին մի շարք տհաճ փաստեր։ Օրինակ, որ ինստիտուտի տնօրեն  Անիկեևան գիտաշխատողների ավտոտնակային կոոպերատիվի ցանկում ընդգրկել է շուկայի տնօրենի, գեներալի դստեր, որոնք կոոպերատիվի փայատեր էին դարձել կաշառքով կամ իրենց կապերով։  

Բայց բանալին չկար, իսկ բոլորն ուզում էին տուն գնալ։ Առաջարկվեց դուրս մնացողների հարցը որոշել վիճակահանությամբ, սակայն ասվեց, որ «սա մեր մեթոդը չէ»։ Բայց անվերջանալի կռիվների, փոխադարձ մեղադրանքների մի անտանելի նքուն գիշեր անցկացնելուց հետո (ֆիլմի հերոսները, եթե հիշում եք, փորձում էին քնել ինստիտուտի էքսպոնատների՝ խրտվիլակների վրա), առավոտյան կողմ որոշվեց հարցը լուծել վիճակահանությամբ։ Դուրս մնացին Անիկեևան, Սիդորինը, «բլատնոյները» և ինստիտուտի միջատների բաժնի ղեկավարը, որն ամբողջ ժողովի ընթացքում քնած էր։ «Քաշեք այս թղթիկը, երջանիկ իմ մարդ»,-նրան ասում է նիստը վարող Սիդորկին-Գաֆտը։ Հայերենում ասում են՝ դավին անտեղյակ, ցավին անտարբեր։ 

2021թ․ հունիսի 20. 40 աստիճան շոգի պայմաններում ընտրական քվեների հաշվարկ, փակ դռներ, (լքողն այլևս չէր կարող վերադառնալ  հաշվարկի), շիկացած կրքեր` 25-ից ավելի քաղաքական ուժերի ներկայացուցիչների երկու կողմից է, և դիտորդական առաքելության մի ղեկավար՝ Դանիել Իոոննիսյան։ Նա 8-ից 5 պակաս կանգնել էր ընտրատեղամասի ամենամեջտեղում և հարցազրույց էր տալիս՝ թույլ չտալով հերթի մեջ գտնվող ու դրսում սպասող վերջին ընտրողներին քվեարկել, ապա մի ահավոր «բոլոլա ու մեծ բազար» սարքեց։ Դանիելին դուր չէր եկել քվեատուփի կնիքը, որը նախ ինքը խախտեց, տեղահանեց՝ մատներով ցույց տալով ճիշտ կնիքի ձևը, ապա սկսեց աներևակայելի ուժգնության սոպրանոյով գոռալ իրենից տարիքով 3 անգամ մեծ կնոջ՝ հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահի վրա՝ «ձե՛նդ», «հանգի՛ստ»։ Կինը նորից «վալերիանկա» խմեց, ինչպես խմել էր Ալեն Սիմոնյանի քվեարկությունից հետո ու երբ «Հանրապետություն» կուսակցության պատգամավորության թեկնածու Անի Խաչատրյանի հաղորդման հիման վրա ոստիկանները եկել և ընտրողներին ուղղորդելու կասկածով տարել էին պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին, որը դիտորդություն էր անում այդ տեղամասում։

«Թուրք», «ադրբեջանցի», «գոմիկ», մյուս կողմից 24-ի և 6-ի կողմնակիցներն անմիջապես ինքնակազմակերպվեցին։ Աղմուկ-աղաղակ, ճիչեր, որ այնպիսի մակարդակի էին հասել, որ չդիմացան անգամ ՔՊ-ական պատգամավորության թեկնածու Վիլեն Գաբրիելյանի նյարդերը, որը երկու կողմի վրա էլ գոռաց՝ «հլը մի հատ ձեններդ կտրեեե՜ք»։

Ի վերջո, քվեարկությամբ որոշվեց Դանիելին դուրս հրավիրել, որը փորձում էր դուրս ճողոպրել ոչ թե ընտրատեղամասի ճակատային դռնից, այլ հետնամուտքից։ Սա ևս թույլ չտրվեց։ Այս ամբողջ ընթացքում լսվում էին բռունցքների ու ոտքերի ուժեղ թակոցներ։ Հետո, երբ Դանիելը ստիպված էր շքամուտքից ամոթով լքել տարածքը, և դուռը բացվեց, պարզվեց, որ դռներին քացիներ տվողը  «Հանրապետություն» կուսակցության պատգամավորության թեկնածու Անի Խաչատրյանն է, որը մուտքից հարձակվեց հանձնաժողովականների վրա՝ գոռգոռալով․ «Ես պատգամավորության թեկնածու Անի Խաչատրյանն եմ, էս ինչերով եք այստեղ զբաղված, որ դուռը չեք բացում, հը՞»։ Ականատեսները բացատրեցին, որ պատճառը Դանիելի «դեբոշն» էր։ Քիչ հետո դրսում հայտնվեցին կարմիր բերետավորներ, իսկ ժամանած ոստիկաններին ու ԸՀ-ի նախագահին հաջողվեց հանդարտեցնել կրքերը։ Մանավանդ որ դրսից ինչ-որ բարի մի մարդ տոպրակով սառը ջուր մտցրեց ընտրատեղամասի պատուհանից։ Հաշվարկից հետո կեսգիշերին դուրս եկա, «Մալիբուի» այգով․ ռեստորաններում գարեջուր էին խմում, նարգիլե ծխում։ Լսեցի՝ մեկը հարցրեց՝ Նիկոլը կրել ա, հա՞։