Ենթադրում եմ՝ Օպերայի տարածքի սրճարանատերերը համարժեք գնահատել են իրենց ռիսկերը

Ենթադրում եմ՝ Օպերայի տարածքի սրճարանատերերը համարժեք գնահատել են իրենց ռիսկերը

Օպերայի տարածքը սրճարաններից ազատելու Երևանի քաղաքապետարանի որոշումը փաստի առաջ է կանգնեցրել Օպերայի հարակից տարածքի սրճարանատերերին, որոնք քաղաքային նախկին իշխանությունների օրոք վարձակալական պայմանագրեր են կնքել Երևանի քաղաքապետարանի հետ։ Քանի որ նրանց հիմնական մասի պայմանագրերը լրանում են 2026-2027 թվականներին, շատերը ներդրումային ծրագրի անվան տակ, բանկերից վարկեր են վերցրել, ընթացքում էլ հարկեր ու վարկեր են մուծել, գույք ձեռք բերել։ Եվ հիմա պայմանագրերի վաղաժամ և միակողմանի խզումը նրանց կանգնեցնում է խնդիրների առաջ։

Ի՞նչ է լինելու այս տնտեսվարողների պարագայում, արդյոք Երևանի քաղաքապետարանն իր վերջին խո՞սքն է ասել, թե՞ հնարավոր են զիջումներ բանակցությունների արդյունքում։ Մեզ հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը պատասխանեց․ «Չեմ կարող ասել, թե ձեռնարկատերերն ինչ բանավոր կամ միգուցե՝ ստվերային պայմանավորվածություններ են ունեցել նախկին որևէ իշխանության հետ։ Կարող եմ հստակ ասել, որ Երևան համայնքը, անկախ նրանից, թե որ իշխանությունն է եղել, այստեղ նախկիններ ու գործողներ չկան, եթե խոսքը իրավական փաստաթղթերի մասին է։ Ունի գրավոր համաձայնություն Ձեր նշած ձեռնարկատերերի հետ առ այն, որ քաղաքը վարձակալական հիմունքներով իր սեփականություն հանդիսացող տարածքը հանձնելով վարձակալներին՝ ցանկացած պահի իրավունք ունի հետ պահանջել այս տարածքի նկատմամբ իր տնօրինման իրավունքը»։

Ինչը, Հակոբ Կարապետյանի մեկնաբանությամբ, նշանակում է, որ կարող են փաստացի ասել, որ գործընթացը, որն այսօր սկսված է, կատարվում է փոխադարձ համաձայնությամբ՝ Երևանի քաղաքապետարանի և նշված տնտեսվարողների միջև։ «Մենք արդեն նշել ենք, որ քաղաքապետարանը հավատարիմ է մնում ձեռնարկատիրությունը խթանելու իր սկզբունքին և մարդիկ, որոնք ուզում են քաղաքում ինչ-որ տեղ բիզնես անել, կարող են դրա հետ կապված պաշտոնական խողովակներով տանել համապատասխան գործընթացները, այստեղ որևէ խոչընդոտ չկա։ Բայց, եթե մենք խոսում ենք իրենց արած ներդրումների, բացած աշխատատեղերի և այլնի մասին, ենթադրում եմ, որ իրենք համարժեք կերպով գնահատել են իրենց ռիսկերը՝ համաձայն իրենց՝ քաղաքապետարանի հետ ունեցած պայմանագրի և ըստ այդմ՝ արել են իրենց ներդրումները»,- ասաց Հակոբ Կարապետյան՝ նշելով, որ քաղաքապետարանը իրացնում է իր իրավունքը։

Այսինքն՝ ամեն ինչ օրենքի շրջանակներում է, և այստեղ կա․ «հանրային գերակա շահ» հասկացությունն այն իմաստով, որ եթե անգամ ինչ-որ մեկի բիզնեսը տուժում է, դրանից շատ ավելի գերակա է Օպերայի թատրոնի շրջակայքի մշակութային միջավայրն ու կանաչ տարածքը վերականգնելու խնդիրը։