«Արայիկ Խանդոյանը եկավ ու ասաց, որ չհամարձակվենք կրակել գնդի ներսից դուրս»

«Արայիկ Խանդոյանը եկավ ու ասաց, որ չհամարձակվենք կրակել գնդի ներսից դուրս»

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ «Սասնա ծռեր» խմբի տասն անդամի գործով դատական նիստը: Նիստին այսօր չէին մասնակցում Պավել Մանուկյանն ու Սմբատ Բարսեղյանը․ վերջիններիս նկատմամբ կիրառվել էր սանկցիա, և նրանք հեռացվել էին դահլիճից: Նիստին ներկա չէին նաև «Սասնա ծռերի» աջակիցները․ նրանք, դատարանի որոշմամբ, այլևս չեն կարոող մասնակցել նիստերին, քանի որ նիստերն այսուհետ կանցնեն դռնփակ:

Զարուհի Փոստանջյանը նիստի մեկնարկին միջնորդեց վերանայել դռնփակ անցկացնելու վերաբերյալ որոշումը և «Սասնա ծռերի» աջակիցներին թույլատրել մասնակցել նիստին: Մեղադրողն առարկեց այս որոշման դեմ՝ ասելով, որ նման փորձ արդեն ունեցել են, բայց հասարակական կարգը չի պահպանվում, և գործի քննությունն ըստ պատշաճի չի ընթանում: Ամբաստանյալ Արմեն Բիլյանն ասաց, որ իր հարազատները մեղավոր չեն, որ չեն կարողանալու հետևել նիստերին. «Ճիշտը նա է, որ ով մեղավոր է, իր պատիժը կրի, հիմա իրար չեն հասկացել, ի՞նչ են արել դրանից իմ հարազատները ինչո՞ւ պիտի տուժեն»:

Դատավոր Մեսրոպ Մակյանն ասաց, որ նախկինում դահլիճում գտնվողներին բազմիցս զգուշացումներ է տվել, սանկցիա կիրառել, հիշեցրեց նաև, որ վերջերս էլ նիստը դռնփակ անցկացնելու որոշումը վերանայել է, բայց կրկին նիստերի ընթացքը խաթարվել է: Մեսրոպ Մակյանը պնդեց, որ նիստերը պիտի լինեն դռնփակ, բայց դա չի կարող ազդել օբյեկտիվության վրա. «Դահլիճում բազմաթիվ լրատվամիջոցներ կան, և նրանցից ոմանք ուղիղ եթերով հեռարձակում են նիստի ընթացքը, հետևաբար, օբյեկտիվության խնդիր լինել չի կարող»: Այնուհետեւ շարունակվեց տուժող` Շենգավիթի նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հարցաքննությունը։ Նա դատարանին հայտնեց. «Տեսել եմ Մարտիրոս Հակոբյանին, որն օդ էր կրակում ու մեզ մոտ գալիս: Մի երեք-չորս հոգի տեսել եմ, էլի, զենքով, բայց դեմքերը չեմ մտաբերում»։

Նաեւ նշեց, որ ոստիկանների վնասվածք ստանալու կամ սպանվելու մասին տեղեկացել է լրատվամիջոցներից: Վերջինս առարկեց համաներումը խմբի անդամների նկատմամբ կիրառելու դեմ: Հաջորդը հարցաքննվեց տուժողներից Նորայր Թևանյանը, որն աշխատում է որպես շտապօգնության բժիշկ: Նա պատմեց, որ գնդի ներսում իրենք տուժածներին օգնություն են ցուցաբերել, վիրակապել նրանց: Տուժողը նշեց, որ շուրջ չորս օր մնացել են գնդի տարածքում, ու երբ խմբի անդամները քնած են եղել, ինքն իր ընկերների հետ գաղտնի լքել է ՊՊԾ գունդը:

Պավել Մանուկյանը հարցրեց տուժողին. «Դուք՝ որպես հայ և որպես բժիշկ, այդ օրերին մտահոգություն չունեի՞ք, Դուք Ձեզ մեր տղաների կողմից տուժող ճանաչո՞ւմ եք»: Դատավորը հստակեցրեց` Ձեր նկատմամբ վատ վերաբերմունք եղե՞լ է։ «Ոչ, ոչ մի վատ վերաբերմունք չի եղել»,- արձագանքեց տուժողը: «Երբ գնդի ներսում էինք, երրորդ օրն ասացին, որ ոստիկան է սպանվել, գնդի ներսից արձագանքեցին, որ չի կարող լինել։ Արայիկ Խանդոյանը եկավ ու ասաց, որ չհամարձակվեք կրակել գնդի ներսից դուրս»: Նիստի կեսից լրացավ Պավել Մանուկյանի սանկցիայի երեք ժամը, և նա հրավիրվեց դահլիճ: