Մեղադրանքի թեթևն է լավը

Մեղադրանքի թեթևն է լավը

Փաշինյանն ակնհայտ կերպով շտապեց՝ ասելով, թե Հայաստանում կոռուպցիա չկա, թե ինքն այն վերացրել է եւ այլն: Հիմա, երբ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին (լիազորությունները դադարեցված են) մեղադրանք են առաջադրել եւ նրանից ստորագրություն վերցրել «չթռնելու» մասին, ուզում եմ հարցնել Փաշինյանին` Հայաստանում կոռուպցիա կա՞, թե՞ չկա: Հարցս սխալ չհասկանաք: Ես բուն կոռուպցիան նկատի ունեմ եւ ոչ թե Դավիթ Սանասարյանի կոռուպցիոներ լինելը: Քավ լիցի, մինչեւ դատարանի որոշումն իմ աչքով չտեսնեմ, Դավիթ Սանասարյանին կոռուպցիոներ անվանել չեմ կարող եւ իրավունք էլ չունեմ: Նման իրավունք Հայաստանում ունի բացառապես վարչապետը, որ մարդուն նախ նստեցնում է, հետո որոշում` մեղավո՞ր է, թե՞ ոչ:

Դավիթ Սանասարյանի հետ տեղի ունեցածն ինձ ակամա հիշեցրին Սերժ Սարգսյանի ժամանակները, երբ ոգեւորությամբ կոռուպցիոն հանցանքներ բացահայտող Իշխան Զաքարյանին ընդհատեց, թե` սպասիր, Իշխան ջան, դու ձեր տանը չես, է՞… Այս հիշողությունն ինձ ստիպեց մտածել` իսկ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն այսպես հանկարծակի ընդհատեց Դավիթ Սանասարյանի «դուխով» գործունեությունը: Ճիշտ է, Սանասարյանին միանգամից չբռնեց, այսպես ասենք` հեռվից եկավ, սկզբում տեղակալին ձերբակալեց, բայց, ամեն դեպքում, Սանասարյանին կասկածելը, իսկ հետո նաեւ մեղադրանք առաջադրելը մի տեսակ նմանվեցին թռչունին ճախրանքի պահին խփելուն: Բա ասում էին` կոռուպցիա չկա՞: Քաղաքացու օրվան ընդառաջ կուզենայի ՀՀ քաղաքացուն բնորոշ մի կասկած հայտնել:

Իսկ հնարավո՞ր է, որ Դավիթ Սանասարյանը, Իշխան Զաքարյանի նման, պատահաբար կարմիր գծեր էր հատել ու մտել ինչ-ինչ տարածքներ, որոնք անձեռնմխելի պետք է մնային: Չէ՞ որ Դավիթ Սանասարյանին մի բանի մեջ են մեղադրում, որի դեմ հենց ինքն էր պայքարում: Հայտնի ռուսական խոսքն ասում է` գողություն մի արա այնտեղ, որտեղ աշխատում ես: Հազիվ թե Փաշինյանի հետ տվող-առնող Դավիթ Սանասարյանն այս հասարակ բանը չիմանար: Եվ, ուրեմն, ինչո՞ւ հենց Սանասարյանն ընկավ պատմության մեջ: Ցավում եմ, բայց նորից պետք է խոսեմ սորոսականներից: Գաղտնիք չէ, որ Դավիթ Սանասարյանն ընկալվում է որպես սորոսական թեւի ներկայացուցիչներից մեկը, իսկ այդ թեւն այսօր բավականին մեծ դերակատարություն ունի թե՛ ՀՀ օրենսդիր մարմնում եւ թե՛ կառավարությունում: Սորոսականներն ակտիվացան հատկապես «թավշյա, ոչ բռնի ժողովրդական» կոչված հեղափոխության հաղթանակից հետո, երբ վրա էր հասել նոր իշխանություն ձեւավորելու պահը: Սորոսական թիմը, որ գործնականում Փաշինյանին միացավ Ազատության հրապարակում, իր բաժինն էր պահանջում եւ ստացավ այն, ինչ ստացավ` աթոռներ ԱԺ-ում եւ պաշտոններ կառավարությունում:

Նրանց սպասելիքները, իհարկե, ավելի մեծ էին, որովհետեւ ծախսված գումարն էլ փոքր չէր: Եվ, հավանաբար, հենց այստեղից էլ սկիզբ առան Դավիթ Սանասարյանի ջղաձգումները: Նոր ոլորտներ «նվաճելու» անհագ ցանկությունը նրան հասցրել էր էքստազի` մեկը մյուսից խայտառակ քրեական գործեր հարուցելով տարբեր հաստատությունների ու դրանց ղեկավարների դեմ: Դավիթ Սանասարյանը, սակայն, իր հաշիվներում սխալվել էր: Նրա հույսը «հեղափոխության» առաջնորդ Նիկոլ Փաշինյանն էր, որ շարունակ ոգեւորում էր այդ «հակակոռուպցիոն» պայքարը, եւ Սանասարյանը չէր սպասում, որ մի գեղեցիկ օր Փաշինյանն է իրեն կանգնեցնելու:

Ասեմ` հարգելի սորոսականներ, Փաշինյանն ավելի խելացի է, քան դուք եք կարծում: Նա Սորոսից առձեռն ոչինչ չի ստացել, Սորոսի մոտ ոչ մի մուրհակ չունի, հետեւաբար նաեւ`Սորոսին հաշվետվություն չունի տալու: Դուք եք սնվել Սորոսի փողերից, դուք էլ պետք է պատասխան տաք։ Թե ինչ եք արել այդ փողի դիմաց, հետո կպարզվի, իսկ առայժմ գոնե բացատրեք, թե ինչու էր Սորոս քեռին հայտարարում Հայաստանի հեղափոխական կառավարությանն ավելի մեծ գումարներ տալու անհրաժեշտության մասին: Այս մտքերով էլ տեղափոխվենք Իրան, որտեղ Նիկոլ Փաշինյանը մի շատ ուշագրավ հայտարարություն արեց, որին հետեւեցին խոսակցությունները, թե նա Սանասարյանին նկատի ուներ: «Հայաստանում կան պաշտոնյաներ, որոնք չգիտես որ երկրի կառավարության համար են աշխատում»,- ասել էր Փաշինյանը: Սա բաց տեքստով հայտարարություն էր մեր ազգային անվտանգությանն սպառնացող լրջագույն մարտահրավերի մասին, ինչը, հասկանալի է, անհետեւանք չէր մնալու:

Մյուս կողմից էլ Դավիթ Սանասարյանն ասում է` ինձ ավելի հեշտ է Քենեդու սպանության մեջ մեղադրել, քան կոռուպցիայի: Ես նրան կառաջարկեի չշտապել, որովհետեւ կոռուպցիայի մեջ մեղադրվելը մի բան է, Սորոսի (չգիտես որ երկրի կառավարության) համար աշխատելու մեջ մեղադրվելը՝ բոլորովին այլ բան: Չնայած գույների այս խտացմանը, կցանկանայի առավել թեթեւ հարցով ավարտել խոսքս: Դավիթ Սանասարյանը միա՞կն էր, թե՞ էլի պաշտոնյաներ կան, որոնց ներկայությունից Փաշինյանը կոմֆորտ չի զգում: