Ի՞նչ էր ակնարկում նախկին վարչապետը Նիկոլ Փաշինյանին

Ի՞նչ էր ակնարկում նախկին վարչապետը Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր ժամանակ հաճախ էր հաշվում Հովիկ Աբրահամյանի փողերն ու ունեցվածքը, դե, Հովիկն էլ, տակ չէր մնում, ասում էր՝ ամենահեշտ գործը ուրիշի փող հաշվելն է։

Մի շատ հետաքրքիր դիպված եմ հիշում։ Նիկոլ Փաշինյանը Հովիկ Աբրահամյանին ասում է․  

«Ասում են չէ՞, որ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ: Հիմա «Հաղթանակ» զբոսայգին և նրա հարակից տարածքները կոռուպցիայի թանգարան են բաց երկնքի տակ: Մենք կարող ենք լինել առաջին պետությունը, որ պաշտոնապես կոռուպցիայի թանգարան ունենք բաց երկնքի տակ: Հաշվի առնելով, որ Հովիկ Աբրահամյանը զբաղվածության խնդիր ունի կարող ենք այդտեղ գիդ նշանակել»։

Փաշինյանի  այս հայտարարությանը յուրատեսակ մոտեցմամբ է արձագանքել  Հովիկ Աբրահամյանը, իր ֆեյսբուքան էջում տեղադրելով Պարույր Սևակի քառատողերից մեկը:

«Որտեղ մի պատառ չաղ ու յուղալի՝
Կանգնած է այնտեղ նա երկյուղալի.
Հեշտ զրպարտում է՝ երբ տեղն է գալիս,
Նույն հեշտությամբ էլ իր մեղքն է լալիս…»

Անցած լինի։

Հիմա էդ բաց թանգարանը կա։ Այսինքն նախկին ընդդիմադիր պատգամավորի՝ Նիկոլ Փաշինյանի ասելով «առաջին պետությունն ենք, որ պաշտոնապես կոռուպցիայի թանգարան ունենք բաց երկնքի տակ»։ Բայց նախկին ընդդիմադիր պատգամավորը, որ վարչապետ է դարձել, ասում է՝  Հայաստանում էլ կոռուպցիա չկա։ Մոռացել է կոռուպցիայի թանգարանի տեղը։ Ու շատ-շատ բաներ է մոռացել, որ ասում ու մատ էր թափ տալիս։ Ակամայից փորձում եմ վերծանել սևակյան այս տողերը, որոնք նախկին վարչապետը նվիրել էր Նիկոլ Փաշինյանին՝

Որտեղ մի պատառ չաղ ու յուղալի՝
Կանգնած է այնտեղ նա երկյուղալի։

Ուզում եմ հասկանալ՝ ո՞րն է այդ թանգարանի ու նման շատ թանգարանների պահպանման գինը։ Կամ հետապնդումների ու դադարեցման գինը։ Ինքը վարչապետ չէր և նախկին վարչապետը «հակահեղափոխականություն չէր անի»։