Իջևանի ապստամբության մի երեսն ու հակառակ կողմը

Իջևանի ապստամբության մի երեսն ու հակառակ կողմը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդավայր Իջեւանն ապստամբեց՝ պահանջելով անտառ կտրելու «օրինական» իրավունք։ 2 օր տեւած բանակցություններից հետո բողոքի ակցիա անող իջեւանցիները քարերով խփեցին ոստիկանների, եւ ի վերջո կրքերն այնքան շիկացան, որ երկու կողմից վիրավորներ տեղափոխվեցին հիվանդանոց։ Երեկ ողջ օրը շարունակվում էին ձերբակալությունները, եւ Իջեւանում գտնվող ոստիկանապետին միացավ նաեւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ մասնակցելով Իջեւանում անցկացված խորհրդակցությանը։ Ուշագրավ է, որ բոլոր բողոքի ակցիաներում՝ Սեւանից մինչեւ Իջեւան ու այլ բնակավայրեր, մարդիկ ասում են՝ «շատ լավ, արգելում եք ձուկ որսալ կամ անտառ կտրել, ապահովեք մեզ աշխատանքով»։ Իհարկե, սա չի նշանակում, որ արդարացնում ենք մեր երկրի  բնությունը ոչնչացնելու տասնամյակների քաղաքականությունը, բայց, ինչպես ասում են, մեդալը երկու երես ունի, քանի որ այդ անտառի հաշվին մարզի բնակիչներն ուղղակի սովամահ չեն լինում։ Ինչպես, օրինակ, Նիկոլ Փաշինյանի մեկ այլ հեռավոր ազգականը, որ նրա վարչապետ դառնալուց հետո դադարեցրել է ծառ կտրելը, եւ, ինչպես վկայում են, «ընտանյոք սոված նստած են»։

«Հրապարակն» Իջեւանում ծառահատումների ծավալների եւ այդ բիզնեսի ու դրա պատճառների մասին զրուցել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արեգ Կարապետյանի հետ։ Հարցին, թե Իջեւանի անտառներից ծառերի հատման պահանջարկն իրո՞ք մարզի բնակչությունից չէ, այլ ինչ-ինչ բիզնես խմբավորումներից, պատասխանեց․ «Որ բիզնես խմբավորումներ կան, դա արդեն իսկ ակնհայտ է, եւ վերջին օրերի դեպքերն էլ դրա վառ ապացույցն են, որ ավելի հաճախ գլուխ է բարձրացնում ոչ թե սոցիալապես անապահով խավը, ոչ թե կենսական կարիքներ հոգացող մարդը, այլ անձինք, ովքեր ներգրավված են տարբեր բիզնես օղակներում»։ Դրանք, ըստ «Հայանտառի» տնօրենի, ոչ միայն կահոււյքի գործ անողներն են, այլեւ վառելափայտի առքուվաճառքով զբաղվողները, վերավաճառողները։

2 հարց պարոն Կարապետյանին․ «Իսկ այն մարդի՞կ, որոնք օրվա հացի խնդիր են լուծում։ Նաեւ անհասկանալի է, որ բիզնեսի համար կարող են նաեւ ոստիկանի գլուխ ջարդել»։ Օրվա հացի մասով Արեգ Կարապետյանն ասաց․ «Ինձ լիազորված է անտառը պահպանել, ոչ թե, որքան էլ տգեղ հնչի, սոցիալական հարց լուծել, մարդկանց կենսամակարդակ ավելացնել»։ Ինչ վերաբերում է մյուս հարցին, ապա Արեգ Կարապետյանն ասում է․ «Չեմ ուզում այդ տեսանկյունից նայել, բայց ինչո՞ւ եք բացառում, որ մարդն ունի բիզնես գործունեություն, ավելին՝ ապօրինի բիզնես գործունեություն, երբ բանը հասնում է խիստ պատժամիջոցների, կարող է եւ դա անել։ Ինչո՞ւ ոչ։ Իրենց ձեռքը բռնող մեր  աշխատակիցների նկատմամբ էլ կիրառվում են բռնություններ»։ Նա «Հայանտառ» է եկել 2018-ին։ Ասաց, որ հենց սկզբից էլ պարզ էր, որ  Իջեւանի անտառտնտեսությունը ՊՈԱԿ-ի խնդրահարույց տարածքներից մեկն է՝ լինելով մարզկենտրոն, եւ լանդշաֆտային տեսանկյունից ավելի բարդ տարածք է։

«Հրապարակի» հարցազրույցը Տավուշի նախկին մարզպետ՝ «Իմ քայլի» պատգամավոր Վահե Ղալումյանի հետ։


- Պարոն Ղալումյան, իհարկե, անընդունելի է ծառ կտրելու ինդուլգենցիա ստանալու պահանջ դնել, բայց ապստամբած Իջեւանը երեկ հայտարարում էր՝ ծառ չկտրենք, տվեք մեզ աշխատանք։ Մարդիկ, փաստորեն, գնում են քրեական պատասխանատվության։

- Առաջին հերթին կուզեմ նշել, որ, այո, որոշակի մասի մոտ կա սոցիալական խնդիր։ Բայց նաեւ կան մեզ մոտ մարդիկ, որոնք իրենց առօրյա ծախսերը հոգալու խնդիրը շատ-շատ անգամ ավելի հեշտ են լուծում, քան կարող էին լուծել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքում, կամ գնան ուրիշ աշխատանք փնտրեն։ Սա իրենց համար շատ հեշտ խնդիրը լուծելու ձեւ է, որը հասել է կատաստրոֆիկ մասշտաբների, եւ անընդունելի է այս վիճակում թողնելը։

- Եթե բնակչությունը գնողունակ չէ, հո ասելո՞վ չէ՝ ինչպես բիզնես դնեն, ինչ անեն։

- Լավ, սկսենք նրանից, որ ժողովրդի պահանջն էն է եղել, որ փաստաթուղթն օրինական էժանացնեն՝ գոնե 50 տոկոսի չափով, եւ տրամադրել թափուկ հանելու ծավալներ։ Հենց ստեղից խնդիր է առաջանում։ Եթե անգամ էժանացնենք, իրենց պահանջած թափուկի ծավալները գոյություն չունեն։ Թափուկը մենք պարտավոր ենք առաջին հերթին մարզի անտառամերձ համայնքների բնակչությանն ապահովել ձմեռվա պահանջարկով։ Եթե իրենց ապահովեն, չի հերիքելու։ Բայց իրենց էդ փաստաթուղթն է պետք, որ մտնեն անտառ, անտառում իրենք ոչնչի հետ հաշվի չեն նստում։ Կանգնած ծառը գցելն իրենց համար շատ հեշտ գործ է։

- Այսինքն՝ թափուկի անվան տակ մտնում են անտառ ու կտրում են առողջ ծառեր։

- Այո։ Ինչը տարիներ շարունակ արել է էս ժողովուրդը։ Մենք էլ հիմա ասում ենք՝ չկա։ Մեր անտառի վիճակը կատաստրոֆիկ մասշտաբների է։ Դա կասի Տավուշի մարզի ցանկացած բնակիչ։ Դա անզեն աչքով նայողը կասի, պարտադիր չէ մասնագետ լինել՝ ասելու, որ մեզ մոտ ոչ մի անգամ էս վիճակը չի եղել։ Էդ մարդիկ  իրենք էլ են փաստում։ Մարզպետ աշխատելու ժամանակ ես ուսումնասիրել եմ, մարզի վառելափայտի պահանջարկը եւ «Հայանտառի» կողմից տրվող թույլտվությունն իրար հետ չեն բռնում։ Մինիմալ 210 հազար խորանարդ մետր վառելիք է պետք, որ բնակչությունը ձմռանը կարողանա տաքանալ։ Իսկ «Հայանտառն» էս տարի, կարծեմ, 10 հազար է տվել։

- Իրենց վառելափայտի կարիքների համա՞ր են ուզում, թե՞ վաճառում են։

- Վառելիքի խնդիրը չէ, գոյություն ունեցող էս պրոբլեմը ձմեռվա ջեռուցման հետ բացարձակապես կապ չունի։ Սա բիզնեսի խնդիր է, որոշ մարդկանց համար սոցիալական խնդիր է։

- Այդ որոշներն ովքե՞ր են, կահույքագործական ձեռնարկատիրություննե՞ր։

- Պարտադիր պտի կահույքագո՞րծ լինեն։ Կան մարդիկ, որոնք ունեն «Գազել» մակնիշի մեքենա, որոնք ամենօրյա ռեժիմով, փաստորեն, աշխատելիս են եղել։ Էս ամենն ինչ առաջացել է, Դիլիջան քաղաքի ոլորանների տակ համատեղ պոստ ա դրվել, եւ հենց էդ ժամանակ  ծավալներն արդեն երեւացել են, թե որքան անօրինական փայտանյութ է դուրս գալիս։

- Ձեր մարզպետության ժամանակ այդ ամեն ինչի մասին չգիտեի՞ք, չէի՞ք տեսնում։

- Մենք էդ ամեն ինչը տեսնում էինք, խնդիրներ կային, կամաց-կամաց տանում էինք սրան։ Իհարկե՝ կար, իհարկե՝ տեսնում էինք։ Ծավալները, որ ներկայացվում են, թե, իբր, տարածաշրջանի 90 տոկոսը զբաղվում է էդ գործով, իրականությանը չեն համապատասխանում։