Մանվել Մամոյանը «Գինեսի» նոր ռեկորդ սահմանեց Մոսկվայում

Մանվել Մամոյանը «Գինեսի» նոր ռեկորդ սահմանեց Մոսկվայում

26-ամյա մարզիկ Մանվել Մամոյանը մայիսի 20-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում «Գինեսի» նոր ռեկորդ է սահմանել: Այս անգամ «Գինեսի» գրքի և «Դյուցազնագրքի» բազմակի ռեկորդակիրը մեկ րոպեում կատարել է 58 «թռիչքային կքանստումներ»՝ 40 ֆունտ կշռով ուսապարկը մեջքին:

Ռեկորդն իրականացված է համարվում միայն այն դեպքում, երբ կատարվում են ամբողջական «թռիչքային կքանստումներ» մինչև ավարտի ազդանշանը: Ռեկորդն իրականացնելիս Մանվելը ուղիղ կանգնել է, ձեռքերը գլխի հետևում, 90 աստիճան ծալված ծնկներով թռիչքներ է գործել՝ ամեն թռիչքից հետո վերադառնալով մեկնարկային դիրք և կրկնելով գործողությունները մի քանի անգամ:

Վարժության ամբողջ ընթացքում նրա ձեռքերը ծալված էին գլխի հետևում: Ամբողջ ընթացքում Մանվելը կրել է ուսապարկ, որը եղել 18 կիլոգրամից ոչ պակաս: Ուսապարկը կշռվել է մինչև վարժությունը և վարժությունից հետո, այն երկու գործողություններից հետո պետք է նույն քաշն ունենար:

Նշենք, որ Մանվելն իր ռեկորդն իրականացրել է Kanado ապրանքանիշի սպորտային ժիլետների հովանու ներքո: Սա մարզիկի այս տարվա վերջին ռեկորդը չէ, նա պլանավորում է տարվա ընթացքում մի շարք այլ ռեկորդներ սահմանել:

Ի դեպ, նշենք, որ 17 տարեկանում Մանվել Մամոյանը Հայաստանում գրանցել է 11 ռեկորդ: Առաջին ռեկորդը «Դյուցազնագրքում» սահմանված արտակորում դեպի առաջ վարժությամբ: 2015-2016 թթ. զինվորական ծառայությունն ավարտելուց 2 տարի անց՝ 2015թ.-ի հոկտեմբերի 23-ին Մանվելը Հայաստանում գրանցել է Գինեսի ռեկորդ: Հայաստանում 20-ից ավելի ռեկորդների հեղինակ է, իսկ «Գինեսի» գրքի՝ եռակի: