Քոչարյանի պաշտպանն ու դատավորի որդին մտերիմներ են. պաշտպանական կողմը ինքնաբացարկ հայտնեց

Քոչարյանի պաշտպանն ու դատավորի որդին մտերիմներ են. պաշտպանական կողմը ինքնաբացարկ հայտնեց
Ռոբերտ Քոչարյան

Երևանի ընդhանուր իրավասության Կենտրոնի նստավայրում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը մեկնարկից րոպեներ անց ընդմիջվեց: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց շահերի պաշտպաններից Արամ Օրբելյանը։ Արդյոք այսօր կվերսկսվի՞, թե՞ ոչ, պաշտպանները դժվարացան ասել, քանի որ հստակ ժամ չի նշվել: Պաշտպանական կողմը ինքնաբացարկի միջնորդություն է ներակայացրել նախագահող դատավոր Արթուր Մկրտչյանին։

Արամ Օրբելյանը նշեց, որ ինքն ու դատավորի որդին մտերմիկ հարաբերություններ ունեն և որպեսզի դատարանի որոշումը շահարկումների առիթ չդառնա, իրենք ինքնաբացարկ են ներկայացրել: Դատախազությունը միջնորդության դեմ առարկել է:

Նշենք, որ օրեր առաջ Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդության քննության ժամանակ քննիչը և դատախազը ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել նաև դատավոր Նելլի Բաղդասարյանին, և վերջինս միջնորդությունը բավարարել էր: Որից հետո գործը մակագրվել էր մեկ այլ դատավորի՝ Դավիթ Գրիգորյանին։ Վերջինս ինքնաբացարկ էր հայտնել՝ պատճառաբանելով, թե ինքը հերթապահ չի եղել, սակայն գործն իրեն է մակագրվել։ Եթե այս միջնորդությունն էլ բավարարվի, կստացվի, որ երրորդ դատավորն է այս գործով ինքնաբացարկ ներկայացնում: Ռոբերտ Քոչարյանն այսօրվա նիստին ներկա չէր:

Հիշեցնենք, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել «Մարտի 1»-ի գործով վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ Սահմանադրական կարգը տապալելը։ Նա հուլիսին կալանավորվեց, ապա օգոստոսի 13-ին ազատ արձակվեց Վերաքննիչ դատարանից։ Ռոբերտ Քոչարյանը, սակայն, ազատության մեջ երկար չմնաց, դեկտեմբերի 7-ին դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, որոշմամբ նա կալանավորվեց: