Ալ-Աքսայից մինչեւ Ալ-Ահալի

Ալ-Աքսայից մինչեւ Ալ-Ահալի

Պաղեստինա-իսրայելական հակամարտության՝ ՀԱՄԱՍ շարժման նախաձեռնած հերթական սրումը Գազայի հատվածում ջարդեց Իսրայելին առնչվող երկու առասպել: Մեկն իսրայելական հետախուզության (տվյալ դեպքում՝ Մոսադի, քանի որ գոյություն ունեն հետախուզական երեք կառույցներ) ամենատեսության առումով առասպելն էր: Մյուսը զինված ուժերի (Ցախալ) անպարտելիության առասպելն էր: Մինչև 1200 անձ ներառող՝ հողաթափերով զինյալների խմբերի ներխուժումը Իսրայել, ողջ աշխարհին թվում էր, թե այդ կառույցներն իսկապես ամենատես են ու անպարտելի: Բայց այդ հակամարտության առաջին մի քանի օրվա իրադարձությունները վկայեցին, որ իրականությունն այն չէ, ինչը ներկայացվում է: Իսկ քանի որ նախկինում իսկապես այդպես էր, ապա պետք է ընդունել, որ ճշմարտացի է արաբական ասացվածքը: Ըստ որի, հասարակության ծանր իրավիճակը ծնում է հզոր առաջնորդներ, իսկ բարեկեցիկ կյանքը՝ թույլ առաջնորդներ: Հույս ունենանք, որ այն ճշմարտացի կլինի նաև մեր առումով: Եվ մենք կկարողանանք հրաժարական պարտադրել Նիկոլին ու հաղթահարել «նիկոլիզմի» ողբերգական հետևանքները: 

Վերադառնալով ՀԱՄԱՍ-ի հարձակմանը՝ արձանագրենք, որ համարյա 20 հազարանոց, արաբագետների ասելով, պաղեստինյան զինված ուժերը ոչինչ անել չեն կարողանալու համարյա կես միլիոնանոց (մոբիլիզացիոն ռեզերվի հաշվառումով) բանակի դեմ: Բնականաբար, Ցախալին ջախջախելու նպատակ չի էլ դրվել զինյալների առջև: Առաջինը, ինչպես ասվեց, իսրայելական ուժային երկու կառույցների հզոր կերպարը ջարդելն էր: Ինչը զարմանալի հեշտությամբ կյանքի կոչվեց: Երկրորդը հիմնականում քաղաքացիական անձանց առևանգումն էր ու Գազայի հատված տեղափոխումը՝ Թել Ավիվի հետ քաղաքական առևտուր անելու համար. խոսվում էր իսրայելական բանտերում գտնվող 7000 պաղեստինցիներին ազատ արձակելու մասին: Երրորդ և գլխավոր նպատակը պաղեստինա-իսրայելական հակամարտությունը կրկին ընդդեմ Իսրայելի համաարաբական հակամարտության վերածելն էր, ինչն առկա էր նախկինում: Բայց ավարտվել էր նախորդ դարավերջում՝ նոր հազարամյակում պաղեստինցիներին թողնելով միայնակ: Հատկապես որ Հորդանանի Արևմտյան ափի տարածքի պաղեստինյան ինքնավարությունը համարյա թե վերածվել էր պետության՝ ՄԱԿ-ում ձեռք բերելով դիտորդի կարգավիճակ: Եվ ճանաչվել էր աշխարհի ավելի քան 130 երկրների կողմից:

Երկրորդ նպատակի առումով հրեաներն ավելի կոշտ գտնվեցին: Եվ գերեվարվածներին ազատելու նպատակով ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունների փոխարեն հայտարարեցին պատերազմական իրավիճակ ու որոշեցին հիմնահատակ ավերել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող համանուն քաղաքը՝ երկու միլիոն բնակչությամբ: Երրորդ նպատակը ևս կյանքի չկոչվեց, քանի որ հակամարտության առաջին օրերի՝ քաղաքացիական բնակչության նկատմամբ պաղեստինցիների իրականացրած վայրագությունների պատկերները ցնցեցին ողջ աշխարհը: Եվ շատ քիչ արաբական երկրներ հանդես եկան ի պաշտպանություն պաղեստիցիների՝ գումարած Իրանը: Ինչը հաստատ չէր մտնում ՀԱՄԱՍ-ի պլանների մեջ: Երրորդ նպատակը կյանքի չէր կոչվում նույնիսկ այն ժամանակ, երբ Գազայում զինյալների կենտրոնակայանների ուղղությամբ իսրայելական հրթիռների կետային հարվածները վերափոխվեցին, այսպես կոչված, կարպետայինի (կամ գորգայինի): Դա այն է, երբ թաղամասի առանձին մեկ-երկու շենքի փոխարեն ավիա կամ հրթիռային հարվածներ են հասցվում ողջ թաղամասին:

Ամեն ինչ փոխվեց, երբ հրթիռներից մեկի հարվածից ավերվեց Գազայում կենտրոնում գտնվող Ալ-Ահալի հիվանդանոցը (մի տեղ կարդացի, որ այն բապտիստական հիվանդանոց է): Արդյունքում 471 մարդ մահացավ, ավելի քան 300-ը վիրավորվեց՝ հիմնականում կանայք ու երեխաներ: Ըստ ՀԱՄԱՍ շարժման խոսնակ Ֆաուզի Բարհումի, հիվանդանոցը հրթիռային հարվածի է ենթարկվել Իսրայելի անվտանգության ընդհանուր ծառայության (Շաբակ կամ Շին-Բետ) կողմից ռմբակոծվելու սպառնալիք ստանալուց մի քանի ժամ հետո: Հրեաներն, իրենց հերթին, հայտարարել են, որ հիվանդանոցն ավերվել է տեղական «Իսլամական ջիհադ» կազմակերպության կողմից անհաջող արձակված հրթիռի հարվածից:  

Անկեղծորեն խոստովանեմ, որ սկզբնական շրջանում ինձ թվաց, թե հրթիռը կարող էր լիներ հենց արաբական: Եվ նույնիսկ ոչ թե սխալի արդյունք, այլ գիտակցված գործողություն: «Հրապարակ»-ի տարիքով մեծ ընթերցողներւը երևի հիշեն, որ Չեչենական երկրորդ պատերազմի (1999-2009 թթ.) ֆորմալ առիթը Մոսկվայում իրականացված ահաբեկչություններն էին: Եվ թե՛ ռուսական, թե՛ արևմտյան, թե՛ հայաստանյան ընդդիմադիր շրջանակները համոզված էին, որ դրանց կազմակերպիչը ռուսական հատուկ ծառայություններն են: Նույն տրամաբանությամբ հիվանդանոցը կարող էր հրթիռակոծվել հենց ՀԱՄԱՍ-ի կողմից, որպեսզի «արթնացնեն» հարևան արաբական երկրներին: Եվ դրա առումով կարող էին օգտագործել Իսրայելի անվտանգության ծառայության «նախազգուշացումը»:

Բայց զարմանալիորեն արագ արևմտյան երկրների և հատկապես Միացյալ նահանգների հայտարարությունները կասկածի տեղ չթողեցին՝ հարվածն իսրայելական էր: Մի շարք արևմտյան երկրներ դատապարտեցին հիվանդանոցի ավերումը՝ առանց ճշտելու հարվածող կողմի ինքնությունը: Ինչը նշանակում է, որ հարվածող կողմն Իսրայելն էր, որին երկու-երեք շաբաթ առաջ իրենք պաշտպանում էին: Որովհետև եթե դույզն-ինչ կասկած լիներ, որ հարվածողն արաբներն էին՝ դա կհայտարարեին բացեիբաց: Հրեաները փորձեցին հիմնավորել իրենց վարկածը տեսաֆիլմ հրապարակելով, բայց պարզվեց, որ այն ուներ մեկ տարվա հնություն: Հիվանդանոցի ավերումն, ինչպես ասվեց, փոխեց արտաքին աշխարհի վերաբերմունքը հակամարտության նկատմամբ: Արաբական բազմաթիվ երկրներում տեղի ունեցան ցույցեր, Ստամբուլում  հարձակվեցին իսրայելական հյուպատոսարանի վրա: Տելեգրամյան ալիքները հաղորդում են, որ հարձակում է կատարվել նաև ամերիկյան ռազմակայանի վրա: Թուրքիայում հայտարարվեց եռօրյա սուգ: Բեյթութում ցուցարարաները փորձել են ներթափանցել ամերիկյան դեսպանատուն: 

Փաստորեն, այն (երրորդ նպատակը), ինչին ձգտում էր ՀԱՄԱՍ-ը՝ նախաձեռնելով հոկտեմբերի 7-ի հարձակումը, կարծես թե կյանքի է կոչվում Իսրայելի կողմից: Համենայն դեպս, Ալ-Ահալի հիվանադանոցի ավերումը ստեղծեց նախապայմաններ, որպեսզի կա՛մ նահանջի Իսրայելի կառավարությունը և կա՛մ արաբական պետություններըը ստիպված լինեն գործնական հարթության վրա դնել հակաիսրայելական դատապարտումները: