Մահացել է վավերագրող-ռեժիսոր Դոն Ալան Պենենբեյքերը

Մահացել է վավերագրող-ռեժիսոր Դոն Ալան Պենենբեյքերը

Մահացել է ամերիկացի օսկարակիր ռեժիսոր-վավերագրող Դոն Ալան Պենենբեյքերը։ Նա 94 տարեկան էր։ Այս մասին հայտնում է AP-ն։

Պենենբեյքերի մահվան իսկությունը հաստատել է նրա որդին՝ Ֆրեյզերը։ Դոն Ալան Պենենբեյքերը մահացել է բնական պատճառներով՝ Լոնգ-Այլենդում։ Ծնվել է 1925 թվականին Էվանսթոնում, Իլինոյսի նահանգ։

Հայրը եղել է գովազդային լուսանկարիչ։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին ծառայել է ծովային հետեւակում, ապա ուսանել Յելի համալսարանում։ Կինոաշխարհ մուտք է գործել 1950-ական թթ։ Մի քանի ֆիլմեր է նկարահանել Քենեդու մասին։

1960-ականներին նկարահանել է Բոբ Դիլանի բրիտանական տուրնեի մասին Don’t Look Back ժապավենը։ Ապա արդեն ռեժիսորն աշխատել է Դեւիդ Բոուիի, Ջիմմի Հենդրիքսի, Depeche Mode-ի եւ այլոց հետ։ Նկարահանել է նաեւ Բիլ Քլինթոնի նախընտրական արշավի մասին պատմող ֆիլմ։ Պենենբեյքերը «Օսկար» ստացել է 2013 թվականին՝ կինոարվեստում ունեցած նշանակալի ներդրման համար։