Երանի «վերջից» մի մարդ գար, հարցուփորձ անեինք

Երանի «վերջից» մի մարդ գար, հարցուփորձ անեինք

  Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, արդեն հասցրել է ծանոթանալ իր, այսպես ասենք, մեկամյա գործունեության առիթով կազմակերպված մամլո ասուլիսի արձագանքներին, որոնք այս պահին էլ սփռված են ինչպես սոցցանցերում, այնպես էլ էլեկտրոնային ու տպագիր թերթերում: Հիացմունքը քիչ է, դժգոհությունը` շատ, քննադատությունը` տեղին: Որոշ լրատվամիջոցներ ասուլիսից հետո տվյալներ հրապարակեցին, որ Փաշինյանի ժողովրդականության ցուցիչը կտրուկ անկում է ապրել: Արդեն քննարկվում են անկման պատճառները:
Ինչո՞ւ այդքան արագ սկսվեց անկումը: Առաջին հայացքից` Փաշինյանը պոպուլիզմի գագաթին է, անում է ամեն ինչ, որ ժողովուրդն իրեն ավելի շատ սիրի:

  Օրինակ, խոսում է «թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխության» արդյունքում մեր երկրի քաղաքացու փիլիսոփայության մեջ տեղի ունեցած մեծ փոփոխություններից, հուսադրող թվեր է հայտարարում, պատմում արտագաղթի նվազման ու հեսա-հեսա սկսվող ներգաղթի մասին, շլացնում սպասվող ներդրումներով, խոստանում աշխատավարձեր բարձրացնել, կոռուպցիայի դեմ պայքարը պսակել վերջնական հաղթանակով, նախկիններին օրուարեւ չտալ: Մարդը դատարան է գնում, դատի է տալիս քեռու տղային, Սանասարյանին է հեռացնում բարձր պաշտոնից, սիրուն տոնածառ է առնում, տոներ հռչակում, բայց․․․ ռեյտինգն ընկնում է: Մեր գյուղի իմաստունները կասեին․ «Արա, էդ տղու հացի միջին աղ չկա, հո զոռով չի՞»: Գուցե իրո՞ք բախտի բան է: Բայց մյուս կողմից էլ, թեեւ բախտը քաղաքական կատեգորիա չէ, Փաշինյանի բախտը ե՞րբ չի բերել: Սահակաշվիլին որ Սահակաշվիլի էր, կարմիր վարդերով Վրաստանի խորհրդարան մտավ Աջարիայում մի լավ քոթակ ուտելուց հետո: Փաշինյանն այդ քոթակն էլ չի կերել: Մի քանի հոգով գնացին Գյումրի եւ քայլելով՝ Լոռիով, Տավուշով, Գեղարքունիքով ու Կոտայքով եկան Երեւան:

  Բայց Փաշինյանը պարտավոր էր իմանալ, որ ձրի պանիրը թակարդում է լինում միայն: Նա Սերժ Սարգսյանի «իրավահաջորդ» օպերացիայի պահեստային տարբերակն էր ընդամենը: Սերժ Սարգսյանը հմուտ եւ խելացի գործիչ է եւ երբեք առաջ չի գնում քայլերի հերթականության մեկ տարբերակ ունենալով: Նրա գրպանում մի քանի տարբերակ կար, որոնց մասին գրեթե բոլորն էին խոսում: Օրինակ` վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանին թողնելու եւ հանգիստ հեռանալու տարբերակը, որը, թերեւս, ամենաանցնցումն էր եղած տարբերակների մեջ: Չի բացառվում, որ Կարեն Կարապետյանի Հայաստան վերադառնալու բուն շարժառիթը հենց դա էր, եւ պատահական չէին ՀՀԿ-ին զուռնա-դհոլով նրա անդամակցությունն ու մեծ ներդրումը 2017թ. խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի գործում: Բանից պարզվեց, սակայն, որ Կարեն Կարապետյանի տարբերակն այնքան էլ Սերժ Սարգսյանի սրտով չէր, որովհետեւ դա ոչ այլ ինչ էր, եթե ոչ «թավշյա պալատական իշխանափոխություն»` ՀՀԿ-ում իր դիրքերի հետագա թուլացման հեռանկարով:

  Կարեն Կարապետյանի կողմնակիցների ճնշումների ներքո Սերժ Սարգսյանն այլեւս չէր կարող իշխանությունը խաղաղ փոխանցել իր մերձավորներին, ի մասնավորի` Միքայել Մինասյանին կամ Վիգեն Սարգսյանին: Դա կնշանակեր Կարապետյանի եւ նրան սատարող շրջանակների հետ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների (իսկ այդպիսիք կային) կոպիտ խախտում, ինչը, անխոս, չէր ներվի նրան: Եվ ՀՀԿ-ում ծայր առան, իսկ այնուհետեւ լայն հանրային քննարկումների թեմա դարձան Սերժ Սարգսյանի անփոխարինելիության եւ Կարեն Կարապետյանի` արտաքին քաղաքականության բնագավառում անհրաժեշտ որակներ չունենալու մասին խոսակցությունները, որոնք ի վերջո հանգուցալուծվեցին Սերժ Սարգսյանի` վարչապետ դառնալով: Սակայն Սերժ Սարգսյանի այդ օրերի տրամադրությունից էլ կարելի էր հասկանալ, որ նա, դառնալով վարչապետ, չէր հաղթել, իսկ ճնշումները նրա վրա ավելի էին մեծացել: Եվ այստեղ էր, որ Փաշինյանը սկսեց:

  Հանուն ճշմարտության պետք է ասենք, որ Փաշինյանը շատ բերանփակ էր, այնքան բերանփակ, որ «Ելք» դաշինքի նրա գործընկերները նույնիսկ չգիտեին, որ քայլարշավով գալու է իշխանության: Նման փորձ համաշխարհային պատմության մեջ նույնիսկ չկար, եւ դժվար է Հայաստանում որեւէ մեկին մեղադրել Փաշինյանի քայլարշավին թերահավատությամբ վերաբերվելու մեջ: Քայլարշավի մեկնարկից հետո Հայաստանում թերեւս երկու մարդ գիտեին, թե ինչ է տեղի ունենալու ապրիլի 23-ին: Նույնիսկ օրն էր ճիշտ ընտրված: Հաջորդ օրը ապրիլի 24-ն էր, փողոցում եղած «հեղափոխականներին» ակամա միանալու էր նաեւ Ծիծեռնակաբերդ գնացող ժողովուրդը, ու մարդկային այդ հոծ զանգվածը ողջ աշխարհին ներկայացվելու էր որպես Փաշինյանի առաջնորդությամբ «թավշյա, ոչ բռնի հեղափոխություն» իրականացրած ժողովուրդ:
 

  Հա, էն էինք ասում, որ բախտը քաղաքական կատեգորիա չէ: Փաշինյանը, սակայն, 18 թվին այս հարցում այլ կերպ է մտածում: Նա հայտնվել էր ճիշտ ժամանակին` ճիշտ տեղում, այսինքն` Սերժ Սարգսյանի ձիանոցում, եւ ստանձնել իր «վարպետի» ունեցած տարբերակներից թերեւս ամենաարկածային տարբերակի պատասխանատվությունը: Շուրա Բալագանովն էլ միշտ անիծում էր իր բախտը, բայց երբ Օստապ Բենդերից բաժանվելուց հետո կրկին հանդիպեց նրան, եւ Բենդերը նրան միանգամից շատ փող տվեց, Շուրան բացականչեց․ «Օ՛, մի՞թե կապույտ եզրագծով ափսեն…»: Այո, Փաշինյանի արկածային քայլարշավը պսակվելու էր «կապույտ եզրաշերտով ափսեի» պատմությամբ` նա գտնելու էր, կամ նրան մատուցելու էին այդ ափսեն, իսկ դա իսկական բախտավորություն էր իր քննադատական ելույթներով դահլիճներ գրավող եւ ջղաձիգ շարժումներով ամբիոններ ջարդող քաղաքական գործչի համար, որն արդեն հաշտվել էր մի քանի պատգամավորանոց խմբակցություն առաջնորդելու մտքի հետ:

  Եվ մեր վերջին հարցադրումը` ինչո՞ւ Փաշինյանին չի հաջողվում կատարել իր խոստումները, ինչի պատճառով էլ ընկնում է նրա ժողովրդականության ցուցիչը: Կարծում եմ` այս երկար պատմությամբ, որը, ի դեպ, առաջին անգամ չեմ պատմում, արդեն պատասխանեցի այդ հարցին: Բայց այսօր կփորձեմ առավել առարկայացնել այդ պատմությունը եւ ուղիղ ասել` Փաշինյանին չեն բերել խոստումներ կատարելու համար, այլ բերել են հստակ նպատակով`մի որոշ ժամանակով պահպանել իշխանությունը Սերժ Սարգսյանի համար, մինչեւ տեսնեն, թե ինչ է լինելու վերջը: Իսկ վերջն աստիճանաբար ուրվագծվում է: Փաշինյանի «անհաջողությունների» ֆոնին կրկին ակտիվանում է Սերժ Սարգսյանը, ընդ որում՝ ոչ թե միայնակ, այլ ՀՀԿ-ի հավատարիմ հատվածի եւ գործող իշխանության մեջ ներդրված համեմատաբար խելացի խավի հետ:

  ՀԳ. Չմոռանամ ասել, որ Նիկոլ Փաշինյան-Սերժ Սարգսյան «կատաղի հակամարտությունը» կարող է նովելային անսպասելի վերջաբան ունենալ: Ասում են` Պուտինն ուզում է աշնան բերքահավաքի օրերին հանդիպել Քոչարյանի հետ: Սա դեռ հաստատ չէ, բայց եթե «Լադիմիր Լադիմիրովիչը», այնուամենայնիվ, այցելի Հայաստան, Փաշինյանը, որ շատ է հարգում նրան, չի կարողանալու Ռոբերտ Սեդրակովիչին կալանավորի շորերով ներկայացնել նրան: Ստիպված է լինելու ազատել, իսկ դա արդեն վերջն է, վերջն է ոչ միայն Սերժ- Փաշինյան օպերացիայի, այլեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Մարտի 1-ի, Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք տվածների ու մեկ էլ էն կին գործարարի, որ աջուձախ կաշառք է բաժանել Հայաստանում: