«Avastin»-ի վնասները․ ո՞վ է 6 հոգու կուրության պատասխանատուն

«Avastin»-ի վնասները․ ո՞վ է 6 հոգու կուրության պատասխանատուն
Ալեքսանդր Մալայան

  6 հոգու տեսողության կորստի պատճառ դարձած «Ավաստին» դեղամիջոցի փորձաքննությունը դեռ չի ավարտվել: Այս մասին մեզ ասաց Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մալայանը։ «Դեռ ոչ, նախարարությունն է անում, երբ որ կավարտեն, իրենք ձեզ կասեն»,- ասաց տնօրենը:

  Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում 6 հիվանդի դեղանյութ էր ներարկվել, որի արդյունքում նրանք կորցրել էին տեսողությունը, աչքի բորբոքում եւ ցավեր ունեին։ Հիվանդներին ասել էին, որ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմ» ընկերությունից են ձեռք բերել դեղորայքը, եւ իրենց մոտ կատարված փորձաքննության արդյունքում պարզվել էր, որ դեղի մեջ ագրեսիվ հարուցիչ կա, որից էլ առաջացել էր տեսողության կորուստը։ Մեր հրապարակումից հետո «Նատալի ֆարմը» հայտարարություն էր տարածել, թե «Ավաստինը» նախատեսված չէ ներակնային ներարկման համար։ Երեկ մեզ հետ զրույցում Ալեքսանդր Մալայանը պնդեց, որ արգելված չէ, գուցե չի արվում, բայց նախկինում եղել են դեպքեր, որ ներարկվել է. ««Արգելված» հասկացողություն չկա այդ դեղի վերաբերյալ, կարող է նշված է, որ չի արվում, դա ուրիշ բան: Այդ դեղը մի քանի տարիների ընթացքում ներարկվել է նաեւ այլ քաղաքացիների»:

  Ալեքսանդր Մալայանին հարցրինք նաեւ, թե ընդհանրապես ինչի՞ համար է օգտագործվում այդ դեղը, որովհետեւ, ըստ ցուցումների, այն հակաքաղցկեղային է։ Նա նշեց, որ դա երկար պատմություն է, բայց աչքի համար օգտագործվում է. ««Ավաստինը» դեղորայք է, որն օգտագործվում է տարբեր ուղղություններով, նույնը՝ եւ աչքի»։ Մալայանը նաեւ նշեց, որ հետսրսկումային վիրահատությունը կատարվել է անվճար, եւ տուժածները հիմա իրենց շատ լավ են զգում:

  Հասկանալու համար, թե որքանով է «Ավաստին» դեղամիջոցը կիրառելի ակնաբուժության մեջ առհասարակ, կապվեցինք «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբուժական կլինիկայի ղեկավար, ակնաբան, վիրաբույժ Թադեւոս Հովհաննիսյանի հետ եւ հարցրինք, թե երբեւէ իր պրակտիկայում ինքն օգտագործե՞լ է «Ավաստին» դեղամիջոցը։ «Իհարկե, ամբողջ աշխարհում է օգտագործվում»,- պատասխանեց Հովհաննիսյանը։ Այդ դեպքում ինչպե՞ս է «Նատալի ֆարմը» պնդում, որ այդ դեղորայքը նախատեսված չէ ներակնային ներարկման համար։

  «Ինստրուկցիայով նախատեսված չէ, բայց այն «Off-label» է օգտագործվում (դեղորայքի օգտագործումը օգտագործման հրահանգից դուրս, ցուցումներով, որոնք հաստատված չեն պետական մարմինների կողմից)»։ Իսկ ո՞ր դեպքերում կարող է դեղամիջոցն օգտագործվել։ Հովհաննիսյանը նշեց, որ այդ դեպքերը շատ են։ «Շաքարային դիաբետի դեպքում, այո, օգտագործվում է, տարբեր պրոլիֆերատիվ փոփոխությունների դեպքում օգտագործվում է եւ այլն։ Ամբողջ աշխարհում են այդ դեղամիջոցը կիրառում, մենք էլ ենք կիրառում, բնականաբար։ Նմանատիպ հետեւանքներ կարող են եւ լինել, որովհետեւ ամբողջ աշխարհում լինում են։ Գոյություն ունի վիճակագրություն, այդ վիճակագրության համապատասխան՝ 0.05 տոկոս դեպքերում կարող են առաջացնել լուրջ խնդիրներ։ Բոլոր հիվանդները զգուշացվում են դրա մասին, իրենց համաձայնությունը տալիս են, նոր բուժումն իրականացվում է»,- ասաց Հովհաննիսյանը։ 

  Հիշեցնենք, որ 3 օր առաջ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում «Ավաստին» դեղամիջոցի ներարկումից հետո 8 ժամվա ընթացքում բոլոր 6 հիվանդներն էլ վիրահատվել են: Բժիշկները տեղեկացրել են տուժածներին, որ 2 ամիս անց պարզ կլինի՝ տեսողությունը վերականգնվելո՞ւ է, թե՞ ոչ: 

  Որպեսզի պարզենք՝ «Avastin» դեղամիջոցից տուժածները նախապես զգուշացվե՞լ են հնարավոր կողմնակի ազդեցությունների եւ հետեւանքների մասին եւ տվե՞լ են արդյոք իրենց համաձայնությունն այդ դեղամիջոցն իրենց ներարկելու վերաբերյալ, կապվեցինք տուժածներից մեկի հարազատի հետ։ Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ ոչ ոք էլ իրենց չի տեղեկացրել, ու ոչ մի փաստաթուղթ էլ չեն ստորագրել։ Դեռ ավելին՝ մեզ փոխանցեցին, որ վերոնշյալ դեղամիջոցը կենտրոնը չի ստանում, այլ գլաուկոմայի բաժնի վարիչ Լուսինե Ոսկանյանն է գնել ու ներարկել, տնօրենի տեղակալ Սմբատ Օհանյանը լրագրողներից մեկին  ասել է, թե այդ հարցով Ոսկանյանին պետք է դիմել, ինքը գործ չունի։ «Իբր էքսպերտիզայի են տվել, տեղակալն ասում է՝ լիարժեք պատասխանները չկան, բայց նախնականով ասել են, որ ցուպիկային հարուցիչ կա, էդ ցուպիկն էլ կղանքի վիրուս է։ Երբեք շվեյցարական ֆիրման դա թույլ չէր տա, ամեն ինչի պատճառն այդ հիվանդանոցի փնթի պայմաններն են»,- հավելեց տուժածի հարազատը։ 

  Նա նաեւ հարկ համարեց անդրադառնալ առողջապահության նախարարության տարածած հերքմանը, որով նրանք հերքում էին «կուրության փաստը»․ «Որ դու 40 կամ 30 տոկոս տեսողություն թողնես, դա ի՞նչ է նշանակում, դա նշանակում է փրկե՞լ մարդուն, հազիվ շողքն է տարբերում։ Բորբոքային պրոցեսը որ մաքրում են, սիլիկոն են դնում աչքի հատակին, որպեսզի թույլ չտա, որ վիրուսը տարածվի, հետո դա հեռացնում են։ Հիմա էլ գցում են սիլիկոնի վրա, իբր դրա պատճառով չի տեսնում։ Իրենց ասածը սուտ է, որ չի կուրացել, բա էլ կուրանալը ո՞րն է, իրենք մեզ հույս չեն տալիս, որ վերջում այդ մարդը նորմալ տեսնելու է»։ 

  Մենք տեղեկացանք նաեւ, որ դեպքի վերաբերյալ «Հրապարակի» հոդվածները ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուղարկվել են ոստիկանության Մաշտոցի բաժին, դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին մեր տեղեկությունը հաստատեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։